Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Հայաստանում բոլոր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար լիարժեք մատչելի միջավայր չկա

Ապրիլ 03,2015 20:15

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալություն էր կազմակերպել սոցիալական ներառում թեմայով վեհաժողովի մասնակիցների համար: Վեհաժողովով եզրափակվում է երկու ամիս տեւողությամբ ծրագիրը, որին մասնակցում էին ավելի քան հազար դպրոցականներ: Ծրագրի ընթացքում աշակերտները անդրադարձ են կատարել սոցիալական ներառմանը եւ հաշմանդամության հարցերին:

Հյուրընկալությանը ներկա էին նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ այսօր Հայաստանում շուրջ 120 ներառական դպրոց կա, եւ Մանկավարժական համալսարանում հատուկ դասընթացների շարք է ներդրվել, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար աշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժները. «Բացի դրանից Ազգային ժողովում անցած տարի ընդունվեց մի օրենք, որը հեղափոխական է իր էությամբ եւ աննախադեպ է Արեւելյան Եվրոպայի շատ ու շատ երկրների համար: Այդ օրենքով մենք ցանկանում ենք ներդնել համատարած ներառականության սկզբունք, սա նշանակում է, որ Հայաստանում կտրուկ պետք է պակասեն հատուկ դպրոցները: Ցավոք սրտի, իրենցից ամբողջովին հրաժարվել հնարավոր չէ, որովհետեւ այնուհանդերձ երեխաների մոտ որոշ ախտորոշումների պարագայում ներառական կրթության մեխանիզմը չի գործելու: Մենք մեկ-երկու հատուկ դպրոցներ, ցավոք սրտի, պարտավոր ենք լինելու պահել այդ երեխաների համար»:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ Հայաստանում բոլոր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար լիարժեք մատչելի միջավայր չկա: Նա համարում է, որ դեռ հսկայածավալ աշխատանք պետք է կատարել. «Այն պահանջում է ինչպես ֆինանսական ներդրում, այնպես էլ հասարակության ներգրավում: Ամենակարեւորը՝ այն պահանջում է հոգեբանության փոփոխություն, որովհետեւ խտրական վերաբերմունքը, ցավոք սրտի, միայն մեխանիկական խոչընդոտները չեն՝ թեքահարթակների բացակայությունը չէ, խտրական վերաբերմունքը նաեւ երբեմն հասարակության մի հատվածի հոգեբանության, մտածելակերպի մեջ է: Այդ վերաբերմունքը պետք է կոտրել, որ հասարակության տվյալ անդամները դառնան լիարժեք անդամներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930