Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ծրագրով վարկ են ստացել, մինչեւ մարելը՝ լուծարվել են

Մայիս 27,2015 15:00

Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերն իրենց նպատակին չեն ծառայել կամ արդյունավետ չեն ծախսվել: Վերահսկիչ պալատի այս տարվա հաշվետվությունում ներկայացված «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային ծրագրում մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Նշենք, որ ուսումնասիրվել են 2013-14 թվականներին տրամադրված վարկերը: ՎՊ-ն ենթավարկեր բաղադրիչը, որն ուղղված է եղել փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, ֆերմերների եւ գյուղական ձեռնարկատերերի` շուկաներից օգտվելու հնարավորությունների բարելավմանը եւ այլ նպատակներին, պարզել է, որ վարկ ստանալուց հետո առանց այն մարելու որոշ ընկերություններ լուծարվել են կամ ժամանակավոր դադարեցրել գործունեությունը:

Ըստ ՎՊ հաշվետվության՝ ընտրանքային կարգով ուսումնասիրված 19 ենթավարկերից 11-ը համապատասխանել են ծրագրի պահանջներին, իսկ 8-ը՝ ոչ: Օրինակ՝ վարկառուին տրվել է 50 հազար դոլար՝ բեռնատար մեքենա եւ կցորդ գնելու համար։ Վերահսկիչ պալատը չհրապարակելով տվյալ վարկառուի անունը՝ նշել է, որ բեռնատարը, որը պիտի գներ տրամադրված վարկի միջոցով, մինչ ենթավարկ ստանալն արդեն գնած է եղել այն, իսկ կցորդն ընդհանրապես չի գնել։ Մեկ այլ վարկառուի էլ տրամադրվել է 25 հազար դոլար վարկ՝ ապակեպատ ջերմոց կառուցելու համար, այնինչ վարկառուն նախատեսված ապակեպատ ջերմոցը չի կառուցել, այլ հիմնել է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն, իսկ ստացված վարկի գումարներով մասնակցել է ՔԱՐԴ հիմնադրամի կողմից ջերմոցների ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին։ Ուշագրավ է, որ ըստ հարկայինի՝ ՎՊ-ին տված տեղեկատվության, «Բերքառատ ջերմոցը» հիմնադրվել է նշված վարկը տրամադրվելուց դեռեւս 2 տարի առաջ։ Բացի այդ, ՍՊԸ-ն չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, որ վարկը ստանալուց հետո ընկերությունը մասնակցել է ջերմոցի ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին:

Նշենք, որ այս աշխատանքներն իրականացվել են «Գյուղական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ-ի կողմից, որը հետո կառավարության որոշմամբ դադարեցրել է իր գործունեությունը եւ վերակազմակերպվել ու միացվել է կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին։ Աշխատանքներն իրականացնելու համար 2 առեւտրային բանկերից եւ 5 ունիվերսալ վարկային կազմակերպություններից ներկայացվել են 92 փոխառության տրամադրման հայտեր, հաստատվել են 83-ը, սակայն մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ը ֆինանսավորվել են 80-ը, ֆինանսավորվել են նաեւ մինչեւ 2013-ի նոյեմբերի 1-ը հաստատված 6 հայտեր։ Ըստ ՎՊ-ի՝ ստուգվող ժամանակահատվածում ֆինանսավորվել են թվով 86 ենթավարկեր, գումարով` 752.600 դոլարի եւ 102 հազար դրամի. վարկային միջոցների 97%-ը տրամադրվել են ֆիզիկական անձանց: Ընդ որում, ծրագրի միջոցները գյուղական ֆինանսավորման կառույցին տրամադրվել են տարեկան 0,75% տոկոսադրույքով, սակայն մինչեւ գյուղացուն է հասել վարկը, այն դարձել է մինչեւ 17.7%: Ինչպես նշված է ՎՊ զեկույցում՝ պետական կառույցը բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին գումարը տրամադրել է դոլարով՝ 4%-ով, դրամով՝ 9%-ով, 9.75%-ով եւ 10%-ով, իսկ վերջիններս գյուղացիներին կամ ընկերություններին ենթավարկերը տրամադրել են դոլարով՝ 10-14%-ով, դրամով՝ 14-17.7%-ով։

Ծրագրի սկզբից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին տրամադրվել են 30 հազար դոլար եւ դրանից ավելի գումարով 41 ենթավարկեր, որոնցից 13-ը մինչեւ ենթավարկի մարելը, տվյալ տնտեսվարողները լուծարվել կամ ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունները։ ՎՊ-ն մի շարք դեպքերում արձանագրել է ենթավարկի պայմաններից շեղումներ, սակայն գյուղական ֆինանսավորման պետական կառույցը իր իսկ իրականացրած ծրագրի կատարման ընթացքը գնահատել է նորմալ։ ՎՊ-ն արձանագրել է, որ ենթավարկերը տրամադրելիս պետական կառույցը նույն տարածաշրջանում նույնատիպ աշխատանքների համար անհրաժեշտ գումարները հաշվարկել է տարբեր չափերի։

Այս անգամ էլ ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել «Հայկական միրգ» ԲԲԸ-ում… Սա պետական կազմակերպություն է, որտեղ անցյալ տարվա ՎՊ հաշվետվությամբ բացահայտվել էր, որ այն իտալական կազմակերպությունից Հայաստանում պատվաստելու համար ձեռք է բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով: Սակայն դրանք ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով, որին 6.4 մլն դրամ աշխատավարձ է վճարվել:

«Գյուղատնտեսական կարողությունների ստեղծում» ծրագիրն ուսումնասիրելիս ՎՊ-ն՝ «Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը» բաղադրիչի կատարման մեջ թերացումներ է արձանագրել: Բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 13.5 միլիոն դոլար, որից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկային միջոցները` 10.8 մլն դոլար, դրամաշնորհային միջոցները` 0.5 մլն դոլար, ՀՀ բյուջեից համաֆինանսավորման միջոցները` 2.2 մլն դոլար: «Հայկական միրգը», ըստ ծրագրի բաղադրիչի, պարտավոր է ավելացնել Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում աղքատ մանրածավալ արտադրողների կարողությունները եւ եկամուտը` կապելով նրանց հայկական պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը: Ֆինանսավորումը ծրագրի սկզբից՝ 2013-ի նոյեմբերի 1-ից կազմել է մոտ 1 միլիոն դոլար, իսկ ՎՊ վերահսկվող ժամանակահատվածում այն կազմել է 981 հազար դոլար։ «Ցածր են բաղադրիչի իրականացման տեմպերը՝ ծրագրի սկզբից կատարողականը կազմել է ընդամենը 17%»,- արձանագրել է Վերահսկիչ պալատը։

«Ամբողջովին չեն կատարվել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վերահսկողության առաքելության հուշագրում նշված առաջարկությունները եւ հանձնարարականները։ Չեն իրականացվել տնկարանի հյուսվածքային լաբորատորիայի վերանորոգման, ջրավազանի, մայր ջրատարի, կաթիլային ոռոգման համակարգերի, այգիների հակակարկտային համակարգերի եւ այլ էական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման աշխատանքները։ Կաթիլային ոռոգման համակարգի ձեռքբերումը 85.7 հեկտար այգիների փոխարեն կատարվել է 4.5 հեկտարի համար»,- նշված է հաշվետվությունում։

«Հայկական միրգը» պլանով նախատեսվածից էականորեն պակաս է կատարել պատվաստակալների եւ պատվաստացուների ձեռք բերման եւ պատվաստման աշխատանքները։ Ընդ որում, դրանց ձեռք բերման, տեղափոխման եւ պատվաստման աշխատանքների արձանագրություններում քանակների տարբերություն կա: «Հայկական միրգը», կարելի է ենթադրել, անփույթ ու անտարբեր է աշխատել, քանի որ ըստ ՎՊ-ի՝ տնկիների չորացման դեպքեր են հայտնաբերվել, այն էլ այն դեպքում, երբ ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել:

«Հայկական միրգը» ձեռք բերված տնկիներից 29,505 հատը պահեստավորել էր այս տարվա գարնանը տնկելու համար, իսկ նշված քանակի տնկիների տնկման համար պետք է շուրջ 28 հա հողատարածք, մինչդեռ «Հայկական միրգը» ունի ազատ վարձակալված ընդամենը 11.4 հա հողամաս:

Այս ընկերությունը, ըստ ՎՊ-ի, աշխատանքներ ու գնումներ կատարելիս թույլ է տվել պլան բյուջեով նախանշված ծավալներից եւ գնման պլանով նախանշված ժամկետներից շեղումներ։ Դեպքեր են եղել, երբ աշխատանքները կատարելու համար պայմանագիր է կնքել համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա չունեցող ընկերության հետ։

Բացի այս, «Հայկական միրգը», ինչպես ՎՊ-ն է արձանագրել, տնկիների եւ պատվաստակալների աճեցման, ներմուծման եւ ձեռք բերման ժամանակ խախտել է «Բուսասանիտարիայի մասին» օրենքը, կառավարության թիվ 171 որոշումն ու գյուղնախարարության 2006-ի թիվ 28-Ն հրամանի պահանջները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031