Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի նախագծի քննարկումն ավարտվեց առանց «ինֆարկտների». համաձայնության են եկել

Հունիս 04,2015 16:25

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝  «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նախագծով պահանջվում է Թուրքիայից վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները:

Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր  նախագիծը քննարկել հանձնաժողովում փակ ռեժիմով, ինչին ընդդիմացել էր նախագծի հեղինակը:

Ի վերջո, հանձնաժողովի անդամների քվեարկությամբ, նիստն անցկացվեց փակ ռեժիմով: Նիստի ավարտից հետո Զարուհի Փոստանջյանից տեղեկացանք, որ հանձնաժողովի անդամների հետ համաձայնության են եկել, որ առայժմ նախագիծը հետաձգվի, եւ սեպտեմբերին առաջին նիստում որոշում ընդունեն, կազմակերպեն խորհրդարանական լսումներ այդ թեմայով:

Իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մեր հարցին՝ ի՞նչ կտան այդ լսումները, պատասխանեց, որ սեպտեմբերին, երբ օրակարգը հաստատվի, պարզ կլինի, թե ինչ կտան հանրությանն այդ լսումները. «Արտաքին հարաբերություններում խնդիրներ կան, որոնք բաց քննարկման ռեժիմով արդյունավետ չեն: Դուք էլ շատ լավ հասկանում եք, թե որն է դրա նպատակը: Փակ քննարկումը հնարավորություն տվեց խոսել բոլոր ասպեկտներից եւ խոսել բաց, անկեղծ: Հեղինակն էլ տեսակետ արտահայտեց, որ բաց քննարկման ժամանակ չէր արտահայտել: Որտեղ որ պետք է քննարկենք փակ ռեժիմով, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հասկանում է դրա անհրաժեշտությունը»:

Aravot.am-ը պարոն Զաքարյանից հետաքրքրվեց՝ նախորդ նիստում Ալեքսանդր Արզումանյանը զգուշացրել էր  Զարուհի Փոստանջյանին, որ չբերես նախագիծդ, թե չէ մի 5 հոգի ինֆարկտ կստանան, քննարկման ընթացքում սրտի խնդիրներ եղա՞ն պատգամավորների մոտ՝ նա պատասխանեց. «Ոչ, հուսով եմ, տա Աստված, որ որեւէ մեկը նման խնդիր չունենա: Ուղղակի փոխաբերական իմաստով եթե ասենք, տիկին Փոստանջյանի առաջարկություններն ու նախագծերը մեկ հանձնաժողովում ունեցել է նաեւ շատ դրական եւ հաջողված ընթացք եւ քիչ չեն այն դեպքերը, երբ մեր դիտողություններն ընդունել է հեղինակը եւ նախագիծը դարձել է ընդհանուրի նախաձեռնություն, հիմա ընդունվել են եւ գործում են: Բայց արտաքին քաղաքականությունը նրանով է յուրահատուկ, որ չի կարող լինել մեկի համար ճիշտ, մյուս բոլորի համար սխալ, դա պետք է ունենա մեծամասնության աջակցությունը: Դրա համար տիկին Փոստանջյանը կամ որեւէ մեկը երբ նախագիծ է բերում, այստեղ աղմուկը չի օգնում: Այստեղ պետք են սառը գլխով դատողություններ, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք դրա սպառնալիքները, թուլությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930