Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Պետք է սահմանափակել Իսլամական պետության ֆինանսական հոսքերը»

Հունիս 18,2015 17:38

«Մենք Իսլամական պետությունը պետք է դիտարկենք ոչ թե որպես սովորական ահաբեկչական կազմակերպություն, այլ որպես նոր մի երեւույթ»,- հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նկատեց, որ Իսլամական պետությունը վերաճելով ահաբեկչական կազմակերպությունից՝ դարձել է տարածքային երեւույթ եւ ակնհայտորեն միտում ունի վերածվել պետության: Ըստ նրա՝ նման ահաբեկչական կազմակերպություն դեռ չենք տեսել: Արեւելագետը նշեց, որ Իսլամական պետության հզորացումը լինում է այն ժամանակ, երբ սրվել են հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Նա առանձնացրեց նաեւ համաշխարհայնացումը, որն ըստ նրա, Իսլամական պետության համար առաջացնում է որոշակի առանձնահատկություններ:

«Պետությունը ունի մի տեսլական, բացի վախից, որը կարող է համախմբել, դա խալիֆայության տեսլականն է: Սա մի պետություն է, որը կազմված է ոչ թե ազգից, այլ հավատացյալների համայնքից: Այսինքն՝ մենք մի նոր երեւույթ ենք տեսնում, որ ժամանակակից պետությունների մոտ չկա: Պետություն, որը կարող է ազդել այն պետությունների վրա, որտեղ կան մուսուլմաններ: Այսինքն՝ այս պետությունը գործում է ամբողջ աշխարհում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավելեց, որ Իսլամական պետությունն իրականացնում է ցեղասպանություն. ոչնչացվում են այլադավանները, առաջին հերթին՝ քրիստոնյաները: Ըստ նրա՝ կատարվում են բազմաթիվ երեւույթներ, որոնք 21-րդ դարին հարիր չեն, եւ ժամանակակից աշխարհը պատրաստ չէ դրանց արձագանքելու:

«Մենք տեսնում ենք, որ պետությունը շատ մեծ ֆինանսական միջոցներ ունի եւ առաջին մոտեցումն այն է, որ պետք է սահմանափակել ֆինանսական հոսքերը: Դրական միտումներ կան՝ եթե նավթի վաճառքից Իսլամական պետությունը ստանում էր երեք միլիոն դոլար, հիմա պակասել է. Իսլամական պետությունը ստանում է մեկ միլիոն դոլար: Սա նշանակում է, որ կարելի է դրա դեմ պայքարել՝ ֆինանսական հոսքերը սահմանափակել եւ վերջ տալ նրանց: Սահմանների անձեռնմխելիությունը, որ կա Իսլամական պետության եւ Թուրքիայի միջեւ, կարծում եմ, եթե Թուրքիան չի կարողանում իր սահմանները փակել, պետք է օգնություն ցուցաբերվի, սա ամենակարեւոր գործոնը կլինի Իսլամական պետությանը թուլացնելու գործում: Իսլամական պետությունը պետք է որպես վտանգ ընկալվի մարդկային ներկա քաղաքակրթության համար, սա չկա, այն ընկալվում է որպես ահաբեկչական կազմակերպություն»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը

Արեւելագետը համարում է՝ խնդիրը լուծելու համար պետք է անցնել ցամաքային ռազմական գործողությունների, ըստ նրա՝ եթե դա չարվի հնարավոր չի լինի Իսլամական պետությանը վերջ տալ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930