Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը պնդում է՝ ամբաստանյալի հետ հյուրանոց է գնացել

Հունիս 19,2015 19:30

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննության ժամանակ հարցաքննվեց նաեւ Իսրայել Սարգսյանի ծանոթներից մի կին:

Նա պատմեց, որ Իսրայել Սարգսյանի փողոցում է հանդիպել, ծանոթացել են, դեպքի մասին տեղեկություններ չունի, այդ մասին իմացել է լրատվամիջոցներով: Հետո ասաց՝ այնքան կարճ է Սարգսյանի հետ շփումը եղել, որ նրա մասին շատ մանրամասներ չգիտի: Թվարկեց հեռախոսահամարները, որոնցով շփվել են:

Հիշեցնենք՝ 2014թ. հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը: Սպանության մեջ մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հանցագործության կազմակերպիչ, սպանություն` կատարված պատվերով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն):

Հարց հնչեց՝ Մոսոյին ճանաչո՞ւմ եք, ասաց երբեւէ չի տեսել, լրատվամիջոցներով է որոշ տեղեկություններ նրա մասին կարդացել:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ հետաքրքրվեց՝ նախաքննական ցուցմունքում ասել էիք՝ հյուրանոցում ենք հանդիպել միայն: Այդպիսի բան եղե՞լ է, մենք հանդիպե՞լ ենք: Վկան պատասխանեց՝ այո:

Իսրայել Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց. «Եթե հյուրանոցում ենք հանդիպել ու չես կարողանում հիշել, որ հյուրանոցում ենք հանդիպել, այդ դեպքում ինչպե՞ս կապացուցես, որ հյուրանոցում ենք հանդիպել»: Վկան լռեց:

«Ես ասել եմ, որ նրա հետ հյուրանոցում չեմ հանդիպել, պարզապես սա հերթական քննչական ապարատի ճկուն աշխատանքն է: Ես այս անձնավորությանը ճանաչում եմ, հանդիպումներ են եղել, բայց  միայն սրճարանում, ուղղակի ճիշտն ասա»,- ասաց Իսրայել Սարգսյանը:

Պաշտպանի հարցին՝ ո՞ր թաղամասում է եղել հյուրանոցը, վկան ասաց՝ տարածքները չի կարողանում մտաբերել ու հաստատեց, որ նախաքննական իր ցուցմունքում ինչ ասել է՝ ճշմարտություն է: Դատավորի հարցին՝ կարո՞ղ է թելադրել են, դրա համար չեք հիշում, վստահեցրեց՝ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930