Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի նախկին փոխքաղաքապետն՝ իր աներոջ բնակարանի մասին

Հուլիս 07,2015 12:58

Իջեւանի քաղաքապետի նախկին տեղակալ, հուլիսի 6-ից Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը մեզ հետ հեռախոսազրույցում անդրադարձավ Aravot.am-ում հրապարակմանը, թե այս տարվա գարնանն ինքը լինելով քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում գտնվող համայնքային սեփականություն մի բնակարան նվիրել է Ռուսաստանի քաղաքացի, Ռուսաստանում բնակվող մի մարդու եւ նվիրատվությունից մի շաբաթ անց նշված բնակարանի սեփականատեր է դարձել Սուրեն Մանուկյանի աները՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Համլետ Հովհաննիսյանը:

Սուրեն Մանուկյանն ասաց, որ այդ բնակարանը պատկանել է Իջեւանի բնակիչ, 1996 թվականից այդ բնակարանի օրդեր ունեցող Նինա Տոնյանին: Ս. Մանուկյանը հայտնեց, որ այդ կինը վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում: Նա այնտեղից լիազորագիր է ուղարկել իր բարեկամին, որպեսզի բնակարանի փաստաթղթերի խնդիրը լուծվի:

Ս. Մանուկյանն ասաց, որ իր աները տվյալ բնակարանը գնել է այդ կնոջից, կա առքուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացում, կան բանկային անդորրագրերը, որ նա մուծել է տվյալ բնակարանը գնելու համար:

Մանուկյանի խոսքերով ՝ միայն նոտարը եւ կադաստրի ստորաբաժանումն են տեղյակ լինում առքուվաճառքի գործարքի մասին : Նրա խոսքերով՝ առաջին դեպքը չէ, որ անշարժ գույքի կադաստրի Իջեւանի մարզային ստորաբաժանումից առքուվաճառքի մասին տեղեկությունները, այն էլ՝ խեղաթյուրված ձեւով, հայտնվում են լրագրողների մոտ:

Հավելենք, որ տվյալ ստորաբաժանման ղեկավարը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն է, ում քաղաքապետ պաշտոնավարելու ժամանակ ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը քննադատել է Վ. Ներսիսյանի աշխատաոճը:

Ս. Մանուկյանն անդրադարձավ նաեւ Aravot.am-ի հրապարակման մեջ այն տեղեկությանը, թե 2009թ, դեկտեմբերի 3-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի առաջին էջում Սուրեն Մանուկյանին պատկանող ապօրինի սղոցարանի մասին նյութ է հրապարակվել, որն իրավապահների ուշադրությանը չի արժանացել: Նա ասաց, որ թերթում այդ նյութի հրապարակումից հետո իրավապահները ստուգել են դրանում առկա տեղեկությունները, անօրինական ոչինչ չի եղել, ուստի նախապատրաստված նյութերին ընթացք չի տրվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Jarit says:

    Տեսնես կադաստրի կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, այս տողերը կարդալուց ինչ է մտածում, երևի հիշում է Դիլիջան համայնքի այն գեղեցիկ հողակտորը, որը ստացել է Վարուժան Ներսիսյանին աշխատանքի տեղավորելուց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031