Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ունենք տակավին ճգնաժամի մեջ գտնվող շարժում»

Հուլիս 07,2015 16:31

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երեկ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներից շատերն իր հետ զրույցում պատմել են, թե ինչպես են իրենց նկատմամբ բռնություն կիրառելով հեռացրել պողոտայից:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ի վերջո մի օր Բաղրամյանը բացվելու էր: Նա մանրամասնեց. «Մինչև հունիսի 27-ը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցողը ենթարկվում էր հստակ տրամաբանության. երիտասարդները մոբիլիզացրել էին հասարակությանը, կար մեկ գործողություն` նստացույց, պահանջ` սակագնի որոշման չեղարկում: 27-ի երեկոյան, երբ Սերժ Սարգսյանը պատասխան հնչեցրեց, անորոշություններն ու տարաձայնությունները սկսեցին: Նա չէր բավարարել պահանջը, բայց այլ լուծման մասին էր խոսել, մասնավորապես, որ ժողովրդի կողմից ավելի սակագին չի վճարվելու և առաջ էր քաշել աուդիտի գաղափարը»:

Ուստի հունիսի 28-ին տեղի ունեցածի պատճառը, ըստ պարոն Սաֆարյանի` այն էր, որ խմբերը տարբեր կերպ գնահատեցին տեղի ունեցածը: Բայց Ստեփան Սաֆարյանի համար ակնհայտ է այն, որ թե՛ Բաղրամյան պողոտայում մնացածները, թե՛ Ազատության հրապարակ գնացածները չունեին գործողությունների ծրագիր:

Դառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին` Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Այն ցույց տվեց, որ նոր ռազմավարությունը շարժման համար դեռ բացակայում է: Տեղում մնալու շարժառիթներն այնքան էլ լավ ձևակերպված չեն, ունենք տակավին ճգնաժամի մեջ գտնվող շարժում, այն դեռ չի կարողացել վերասահմանել նոր ռազմավարություն, որը ներկայացվի հանրությանը»:

Բայց մյուս կողմից` պարոն Սաֆարյանը խոսեց շարժման արդյունքների մասին. «Այն Սերժ Սարգսյանին ստիպեց հաշվի նստել ժողովրդի հետ ու կատարել ոչ ստանդարտ քայլ»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի` շարժման ներկայիս խնդիրն է ձևակերպել, թե ինչ տեսակի աուդիտ է պետք, կարելի է իշխանությունների առաջ դնել աուդիտի մեթոդաբանությունը:

Դառնալով Բիբինի` Հայաստան վերադարձին, պարոն Սաֆարյանը նկատեց. «Սա էական զարգացում է: Իրական կոնֆլիկտի առանցքը իշխանություններ- «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն էր, այստեղ ականատես եղանք փոխադարձ մեղադրանքների, մինչև մեկնելը Բիբինը չընդունեց իր մեղքը, դրանցի հետո «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը շարունակեց մեղադրել հայկական կողմին: Ես մտածում եմ, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ մի կողմը մյուսին մեղադրի, ու ամեն ինչ ավարտվի»:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով` աուդիտի գործընթացում ամեն ինչ կախված է նաև ժողովրդի մասնակցությունից. «Բոլորս էլ գիտեինք, որ միայն Բիբինը չի թալանել, ինչպես ՀՀԿ-ականներն էին ասում, լիքը յան ազգանունով մարդիկ էլ են եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031