Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի ջերմաստիճանը կիջնի, բայց օգոստոսի 12-ից նորից 42 աստիճան կգրանցվի

Օգոստոս 07,2015 12:50

Մոլորակը մեզ պատասխանում է օդի բարձր ջերմաստիճանով

Այսօրվանից օդի ջերմաստիճանը  4-5 աստիճանով նվազելու է: Այս մասին «Հենարան» ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ՝ օգոստոսի10-ից կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Սուրենյանի խոսքերով՝ այս տարվա հուլիս ամիսը պատմության ընթացքում ամենաշոգ հուլիսներից է եղել: Մասնագետն ասաց՝ նախորդ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է երկու խոշոր ջերմային ալիք. «Առաջին ջերմային ալիքը հուլիսի 1-10 ընկած ժամանակահատվածում է եղել, եւ այդ ժամանակահատվածում գրանցվել է մինչեւ 40,5 աստիճան: 2-րդ ջերմային ալիքը գրանցվել է հուլիսի 25-ից: Այդ ժամանակահատվածում գրանցվել է 39-41 աստիճան: Սյունիքում եղել է 41-42 աստիճան: Այսպիսի ջերմային ռեժիմ եղել է նաեւ 2011-ի հուլիսի 31-ին, եւ գրանցվել է 42 աստիճան»:

Մինչեւ օգոստոսի 9-ը, ինչպես ասաց Սուրենյանը, կդիտվի 36 աստիճան տաքություն, «իսկ արդեն այս ամսվա 10-ից Իրաքից նոր ջերմային ալիք է մոտենում, ամսի 11-ին կգրանցվի 39 աստիճան, իսկ մնացած մի քանի օրերին` մինչեւ 42 աստիճան»:

Մասնագետը վստահեցրեց, որ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում, իսկ արդեն ամսի 9-ից կդիտվի չոր օդային եղանակ:

Սուրենյանը բնակչությանը հորդորեց զգոն լինել, որովհետեւ հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է: «Կլիմայի գլոբալ փոփոխության հետ է կապված այս ամենը: Սա մոլորակի պատասխանն է մեզ»,- ասաց Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանի խոսքերով՝ մեր հանրապետությունում խոնավության պակաս կա, ուստի գյուղացիներին խորհուրդ է տրվում կատարել ինտենսիվ ոռոգում:

Սուրենյանն ասաց, որ նկատվել են նաեւ անոմալ երևույթներ. 41 աստիճան շոգից հետո եղել է անձրեւ, որը աննախադեպ եւ անոմալ երեւույթ է:

Առաջիկա երեք օրերին սպասվում են բավականին ուժեղ քամիներ, ըստ մասնագետի,  ողջ օգոստոս ամսին կդիտվի նորմայից բարձր ջերմաստիճան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31