Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս. Գագիկ Սուրենյան

Հունիս 24,2026 12:08 Share

«Այսօրվանից սկսած՝ մինչև հունիսի 27-ը ներառյալ՝ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին և հունիսի 27-ին։ Հունիսի 25-ին և 26-ին այն իր ազդեցությունը կթողնի Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանների վրա։ Այսպիսով՝ հունիսի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ու երեկոյան ժամերին, հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ժամանակ առ ժամանակ առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ։

Այս ցիկլոնը հունիսի 24-ին հյուսիս-արևմուտքից՝ Սև ծովի շրջաններից, իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ, և այսօր ցերեկային ժամերին, երեկվա համեմատ, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով և Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճանը։ Այսինքն՝ ամենատաք գոտիները որո՞նք են՝ Սյունիքի հովտային գոտի, Տավուշի հովտային գոտի, Արարատյան դաշտ և Երևան»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա տեղեկացրեց, որ հունիսի 28-ից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները ժամանակավորապես կդադարեն, որոշակիորեն կնահանջեն նաև ցուրտ օդային հոսանքները, և հունիսի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց նաև հուլիս ամսվա վերաբերյալ կանխատեսումները՝ նշելով, որ հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի. «Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում ցերեկային ժամերին կտատանվեն՝ հանրապետության լեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ 30-32 աստիճան, հովտային գոտիներում՝ 32-35 աստիճանի սահմաններում։ Չեն բացառվում առանձին օրեր, հատկապես ամսվա երրորդ տասնօրյակում, ընդամենը մեկ-երկու օր, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում (դրանք են՝ Արարատյան դաշտ, Սյունիքի հովտային գոտի, Երևան) տատանվի 38-40 աստիճանի սահմաններում։ Ընդհանուր առմամբ, ամսվա մեծ մասը հանրապետությունում ունենալու ենք կոմֆորտային ջերմաստիճան»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930