Լրահոս
Օրվա լրահոսը

Սևազգեստ մայրերին բռնության ենթարկելու համար ոչ մի ոստիկան պատասխանատվություն չի կրի. գործը կարճվել է

Օգոստոս 14,2015 15:41

Երեկ սևազգեստ մայրերը Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) գրություն են ստացել, որով տեղեկացվել են, որ իրենց դեմ ոստիկանական բռնությունների գործը ՀՔԾ-ում կարճվել է:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով եւ հրելով  հեռացրել էին  բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բողոքի ակցիա անցկացնող ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում էին պահանջում։ Գործի կարճվելը նշանակում է, որ այս արարքի համար ոչ ոք պատասխանատվություն  չի կրի:

Aravot.am-ի հետ զրույցում  խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, տեղեկացրեց, որ իրենք բողոքարկելու են ՀՔԾ-ի որոշումը և գնահատելով կատարվածը՝ նշեց. «Եթե մի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանը պիտի լինի՝ ձեռքերն արյան մեջ, նույնը պիտի լինի վարչապետը, էլ ո՞ւմ մասին պիտի մենք խոսենք:  Առաջին օրվանից ասել եմ, որ երբ իմ երեխային մահացած բերեցին, Մուրացանի հոսպիտալում նրա  դիակի վրա գումար էին աշխատում այդ հանցագործները ու գործը կոծկվեց, ապա այս դեպքում էլ նույնը պիտի լինի: Ոչ մեկ պատասխանատվություն չի կրում իր արածների համար, մենք ապրում ենք հրեշների, հանցագործների ու մարդասպանների մեջ»:

Տիկին Իրինան տեղեկացրեց, որ արձակուրդների շրջանում նախագահականի դիմաց չեն հավաքվում, սակայն սեպտեմբերից նորից վերսկսելու են իրենց ակցիաները՝ պահանջելով հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:

Կրկին վրդովվելով իրենց դեմ բռնության գործը կարճելու առիթով՝ տիկին Իրինան ասաց. «Ես գիտեի, որ դրանք իրենց հերթական խաղերն են: Ձգձգում են, որ գործը կոծկեն: Բայց քանի ես ողջ եմ, իրենք օր ու դադար չեն ունենալու, ամեն օր իրենց քթերից հանելու եմ: Մի ստոր կենդանի իմ երեխայի՝ Արթուրի կյանքը խլի ու մարսի՞: Ես Իրինան եմ, ես իմ երեխայի մի կաթիլ արյունը չեմ թողնելու մարսեն, ուզում է Սերժը լինի, ուզում է Օհանյանը լինի»:

Իրինա Ղազարյանը նաև փոխանցեց, որ վերջապես կառավարության ետնամուտքի մոտ «բռնացրել է» ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրան ստիպել հանդիպել իր հետ: Արդյունքում նա հանձնարություն է տվել հանդիպում կազմակերպել, որ Իրինա Ղազարյանը դիմում գրի, որի համաձայն թղթեր նախապատրաստվեն ու Պաշտպանության նախարարությունից դիմեն դատախազություն, որպեսզի Իրինա Ղազարյանի որդու գործը նորից քննեն: Տիկին Իրինան նաև նշեց, որ իր և Սեյրան Օհանյանի զրույցի ընթացքում նախարարը չի ժխտել, որ ինքը Արթուր Ղազարյանի սպանության օրը դիրքերում է եղել, ինչը պնդում էր տիկին Իրինան, ինչպես նաև բացահայտվել են Իրինա Ղազարյանի ներկայացրած մի շարք այլ փաստերի, հատկապես վկայի հետ կապված իսկությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31