Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը ՀԷՑ-ի դեմ բողոքը հետ է վերցրել (Տեսանյութ)

Օգոստոս 19,2015 14:21

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), որն այսօր նիստ էր հրավիրել մի քանի հարցերով, օրակարգից հանեց Արտավազդ Ստեփանյանի դիմումն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության: Հանձնաժողովը պատճառաբանեց, որ ընկերությունը հետ է վերցրել բողոքը:

Այսօր հանձնաժողովում ՀԷՑ-ի ներկայացուցիչն ասաց, որ ընկերության ունեցած խնդիրներով պայմանավորված, ուշացրել են «Շաբեր» ընկերության հոսանքի մատակարարումը, սակայն խնդիրն արդեն լուծվել է:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, «Շաբեր» ընկերության ներկայացուցիչ Լյուդվիգ Միքայելյանը հաստատեց, որ ՀԷՑ-ը պայմանագիրը խախտել է: Համաձայն պայմանագրի, ՀԷՑ-ը պարտավոր էր մինչեւ այս տարվա 2015 թվականի մայիսի 17-ը, Գուսան Շերամի փողոցի 50/6 հասցեի սեփականատեր Արտավազդ Ստեփանյանի սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին, սակայն մինչ օրս չի միացրել:

Երբ ընկերությունը դիմել է ՀԷՑ-ին, նրան պատասխանել են, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը գտնվում է ֆինանսատնտեսական բարդ վիճակում, եւ նշված աշխատանքների իրականացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե դիմողի կողմից միացման փաստացի ծախսումների գումարը՝ 3 միլիոն 563 540 դրամի չափով, ամբողջությամբ վճարվի` հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

Արտավազդ Ստեփանյանը դիմել էր հանձնաժողով, որն էլ գտել է, որ ՀԷՑ-ը խախտել է օրենսդրությունը, ինչի համար որոշում էր կայացրել 5 միլիոն դրամ էլեկտրամատակարար ընկերությանը տուգանել: Բացի այդ, ՀԷՑ-ին պարտավորեցրել էր միացման պայմանագրով սահմանված ժամկետում ավարտել սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքները:

Մեր այն հարցին, թե ինչու է հետ վերցրել դիմումը, Լյուդվիգ Միքայելյանն ասաց, որ ՀԷՑ-ը խոստացել է լուծել խնդիրը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ֆինանսական կորուստներ ունեցե՞լ է էլեկտրական ցանցերի պատճառով, քանի որ խոստացված ժամկետում չի կատարել էլեկտրաֆիկացումը, պարոն Միքայելյանն ասաց` ոչ:

Մեզ հետ զրույցում Լյուդվիգ Միքայելյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է ոսկերչական գործիքների արտադրությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31