Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալ Մասերեջյան. միշտ պատրաստ ենք մեր օժանդակությունը ցուցաբերել Արցախին, ազատագրված հայրենիքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին

Սեպտեմբեր 07,2015 12:54

Հարցազրույց ‹‹Արցախ ֆոնդի›› ներկայացուցիչ Մարալ Մասերեջյանի հետ

2006 թվականից Լիբանանի ՀՅԴ կառույցի ‹‹Արցախ ֆոնդ›› կազմակերպությունը սկսեց գործել Արցախի հիմնականում վերաբնակեցված և ազատագրված շրջաններում: Անցած 9 տարիներին Քաշաթաղի շրջանի մի քանի հարյուր ընտանիք օգտվել է ‹‹Արցախ ֆոնդ››-ի ‹‹Նոր կյանք՝ նոր հույս›› ծրագրից: Վերջերս հերթական անգամ Արցախում էին ‹‹Արցախ ֆոնդ››-ի ներկայացուցիչները՝6 6 հոգի: Եկել են իրականացնելու նոր հատկացումներ և նախորդ տարվա ծրագրի ստուգումներ: Աշխատանքներն ավարտելուց և Լիբանան մեկնելուց առաջ Քաշաթաղի ՀՅԴ կոմիտեում հարցազրույց ունեցա ‹‹Արցախ ֆոնդի›› ներկայացուցիչ Մարալ Մասերեջյանի հետ, որը կազմակերպում է աշխատանքներն Արցախում:

-Ո՞րն է ‹‹Նոր կյանք՝ նոր հույս›› ծրագրի նպատակը:

-Հիմնական նպատակը՝ օգնել Արցախի, հատկապես ազատագրված և վերաբնակեցվող տարածքների՝ երեք և ավելի երեխա ունեցող ցանկացած ընտանիքների՝ իրենց դիմումի համաձայն անհատույց տրամադրել կթան կով՝ երեք տարի այն չմորթելու և չվաճառելու պայմանով: Անցած տարիներին մոտ 800 ընտանիք օգտվել է այս ծրագրից:

-Այս անգամ դուք եկել եք ավելի մեծ խմբով՝ 6 հոգով, ո՞րն է պատճառը:

– Ինձ հետ Արցախ են ժամանել 5 կամավորականներ՝ Վարդան Մամիկոնյան, Հակոբ Թիրզյան, Գևորգ Պասմաճյան, Մկրտիչ Սարգիսյան և Վազգեն Յակոբյան, Լիբանանի տարբեր շրջաններից: Այս տարի աշխատեցինք 2 խմբով. 3 հոգի՝ Քաշաթաղում, երեքը՝ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջաններում: Մեկ շաբաթվա ընթացքում հասցրեցինք 165 ընտանիքների հատկացնել 150.000 դրամի արժողությամբ անասուն: Որոշ ընտանիքների, իրենց ցանկությամբ, հատկացվել է մեղվամեթակ կամ մանր եղջերավոր անասուն, խոզ մոտ: Այս անգամ Քաշաթաղի շրջանում մեր ծրագրից օգտվեցին 107 ընտանիք, իսկ մնացած շրջաններում՝ ընդհանուր 58: Անցած ծրագրով 4 ընտանիք անասուն չէր ստացել, այս անգամ նրանք նույնպես օգտվեցին ծրագրից:

– Ինչպե՞ս է իրականացվում դրամահավաքը, որն ուղղվում է ‹‹Արցախ ֆոնդ››-ի ծրագրերի իրականացմանը:

– Յուրաքանչյուր տարի մայիսի 4-ին Լիբանանի հայկական ռադիոյի միջոցով կազմակերպվում է հանգանակություն, և շատերը հատկացումներ են կատարում մեր ֆոնդին: Ուրախալի է, որ Լիբանանի ողջ հայությունն է մասնակցում հանգանակությանը, նույնիսկ դպրոցականները, երբեմն՝ օտարազգիներ: Բացի այդ, տարվա ընթացքում ՀՅԴ օրգան ‹‹Ազդակ›› օրաթերթի միջոցով տրվում է հայտարարություններ:

– Ովքե՞ր են կամավորականները, որ մասնակցում են այս աշխատանքներին Արցախում:

– Լիբանանի տարբեր մասերից ՀՅԴ անդամները, հաճախ՝ համակիրները դիմում են ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե, և որոշվում է մասնակիցը: Կամավորների գործուղման ծախսերը հոգում է ՀՅԴ կառույցը: Յուրաքանչյուր տարի նոր մասնակիցներ են գալիս Արցախ. Այս անգամ էլ, բացի Վարդանից մնացածն առաջին անգամ են հայրենիքում և մասնակցում աշխատանքներին: Ասեմ, որ իրենց համար մեծ փորձություն է լինել Արցախում և մասնակցել չնայած դժվար, բայց պատասխանատու և հայրենանվեր աշխատանքների: Տղաներն արդեն մեկնել են Արցախից և գնացին ոգևորված, ցանկություն հայտնեցին՝ նորից կմասնակցեն ծրագրի իրականացմանը:

– Բացի անասուն հատկացնելուց, ուրիշ ինչպիսի՞ գործունեություն է իրականացնում ‹‹Արցախ ֆոնդ››-ը մեր երկրում:

Պատ. Իրականացնում ենք նաև ‹‹Գույք Արցախի դպրոցներին›› ծրագիրը՝ դպրոցներին հատկացնելով որոշակի գույք և համակարգիչներ: Մոտ 10 դպրոց, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թ. Կրպեյանի անվան միջնակարգն այսօր մեր օժանդակությամբ ունեն համակարգչային կաբինետ: Համագործակցելով Արցախի կրթության և գիտություն ու Պաշտպանության նախարարությունների հետ՝ յուրաքանչյուր տարի Լիբանանահայ մի քանի տասնյակ դպրոցականներ են մասնակցում ‹‹Ասպետ›› ռազմամարզական ճամբարին(այս տարի մասնակցել են 16 հոգի): Այստեղ Լիբանանից եկած հայ տղաները ծանոթանում են արցախցի իրենց հասակակիցների հետ, ընկերանում, այցելում են Արցախի տարբեր վայրեր, ճանաչում հայրենիքը: Կովսական քաղաքում իրականացնում ենք Կանանց համագործակցություն ծրագիրը. Մեր հատկացրած նյութերով կանայք ձեռքի աշխատանքներ են ստեղծում, որոնցով Լիբանանում կայանում է ցուցահանդես-վաճառք, և գումարը հատկացվում է նրանց: Կովսականում գործող ‹‹Թաթուլ›› ազգագրական երգի պարի համույթին հատկացրել ենք միկրոավտոբուս, երաժշտական սարքավորումներ:

– Ինչպե՞ս է օժանդակում շրջանի ղեկավարությունը Ձեր ծրագրին:

-Բնական է՝ մեծ է աջակցությունը շրջվարչակազմի ղեկավարի, այլ պատասխանատուների կողմից: Մեզ շրջվարչակազմը տրամադրում է մեքենա, վառելիք՝ գյուղեր մեկնելու համար: Ցանկալի է, որ համայնքների ղեկավարներն էլ սիրով օգնեն մեզ: Որոշ համայնքներում մեզանից պահանջում են անասունի գումարը հատկացնենք ընտանիքին, սակայն մեր այստեղ գալու հիմնական նպատակն է, որ անձամբ գնենք կենդանին և հատկացնենք տվյալ ընտանիքին, իսկ գումարը վաճառողին է հասնում բանկի միջոցով:

– Որոշվե՞լ է՝ 2016 թվականին քանի ընտանիք պետք է օգտվի այս ծրագրից:

Պատ. Երեք և ավելի երեխա ունեցող մեր ծրագրից չօգտված ընտանիքների ցուցակը մեզ հատկացնում է պետությունը, և ուրախ ենք, որ գնալով ավելանում է երեխաների թիվը: Շուտով կճշտվի նոր ընտանիքների քանակը, և մենք միշտ պատրաստ ենք մեր փոքր օժանդակությունը ցուցաբերել հերոսական Արցախին, ազատագրված հայրենիքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին:

Հարցազրույցը՝ Զոհրաբ Ըռքոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930