Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նոր նախագծով ՏԻՄ-երը հեռացնում ենք բնակչից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2015 16:13

Նոր Սահմանադրության նախագծի 9-րդ գլուխը, որտեղ ամրագրված են տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի փոփոխությունները, «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ, միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանի մտահոգությունն են առաջացրել: Այսօր «Ժուռնալիստների միությունում» պարոն Մովսիսյանը նշեց, որ ի տարբերություն գործող Սահմանադրության, նոր նախագծով նախատեսվում են քաղաքական բնույթի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն ազդելու են երկրի ինքնակառավարման համակարգի հետագա վիճակի վրա:

«Մենք պետք է հասկանանք, որ մենք գործ չունենք պետական համակարգի հետ, այլ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման հետ, ինչը ասում է, որ դա բնակչության կողքին կանգնած, բնակչության առաջնահերթ խնդիրները լուծող, բնակչության քվեով ազդեցություն կրող կառույց է, եւ այս իմաստով այս կառույցը կտրուկ տարբերվում է պետական կառավարման մարմնից, որովհետեւ ինքը պետք է մոտիկ լինի բնակչությանը, պետք է բնակիչը կարողանա ազդել այդ կառույցի վրա: Պետք է մասնակից դառնա տեղական ինքնակառավարմանը եւ այլն: Սա է ինքնակառավարման յուրահատկությունը: Եվ եթե մենք ինչ-որ բան փոփոխում ենք, պետք է շեշտադրումները դնել դրա վրա, թե որքանով մենք համակարգը կարողացանք դարձնել բնակչության համար մատչելի եւ հասանելի եւ ինչքանով այդ կառույցը կկարողանա հանրային ծառայություն մատուցի բնակչին»:

Ըստ պարոն Մովսիսյանի, նոր նախագծով ուղղակի ընտրությունները կկորցնենք եւ կանցնենք անուղղակի ընտրության մոդելին:

Պարոն Մովսիսյանը, նոր Սահմանադրությամբ միտում է տեսնում համայնքների լայնածավալ խոշորացում իրականացնելու. «Ես կողմ եմ խոշորացմանը, որովհետեւ մենք ունենք փոքրիկ համայնքներ, որոնք ինքնուրույն ոչինչ չեն կարողանում անել, բայց խոշորացումն այսպիսի մակարդակով, որի հետեւից հնարավոր է իրականացնել համամասնական ընտրություն, հետո էլ իրականացնել ոչ ուղղակի համայնքի ղեկավարի ընտրություն, սա նշանակում է վերականգնել մեր նախկին շրջանների մակարդակով, այսինքն` ունենալ 40-50 համայնք»:

Վահան Մովսիսյանը վկայակոչելով Վրաստանի փորձն՝ ասաց, որ Սահակաշվիլու իշխանության գալու ժամանակ վրացիներն էլ նման փոփոխություն էին արել` չափից շատ խոշորացներով համայնքները, սակայն Վրաստանը կանգ է առել եւ այսօր արդեն խոստովանում է, որ կորցրել են համայնքները:

Ըստ փորձագետի, ամեն ինչ արվում է, որպեսզի Երեւանի մոդելն այլ համայնքներում էլ լինի, մինչդեռ Վահան Մովսիսյանի խոսքերով, այն ընդունելի չէ, քանի որ Երեւանում, կարելի է ասել, տեղական ինքնակառավարումը տապալված է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930