ՌԴ վարչապետի ամենաուշագրավ հայտարարությունը վերաբերում է ԵՏՄ երկրների արժութային քաղաքականությանը։ «Փոխըմբռնում է ձեռք բերվել, որ ներկա պայմաններում կարեւոր է թույլ չտալ այսպես կոչված մրցակցային արժեզրկում, խուսափել ազգային արժույթի թուլացման հաշվին իր համար արտաքին առեւտրում կարճաժամկետ առավելություններ ստեղծելու գայթակղությունից։ Դա վտանգավոր ուղի է, որը հղի է մի ամբողջ շարք ճյուղերի հավասարակշռության խախտմամբ,- ասել է Մեդվեդեւը։
Ինչ է սա նշանակում։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ երկրներից ամենաշատը արժեզրկվել է ռուբլին։ Եթե անցած տարվա ամռանը մեկ դոլարը արժեր 34 ռուբլի, ապա հիմա արժե մոտ 70 ռուբլի։ Նման պայմաններում, օրինակ, Հայաստանում արտադրված ապրանքները անմրցունակ են դարձել ՌԴ-ում, քանի որ դրամը այդ ընթացքում արժեզրկվել է ընդամենը 15 տոկոսով։
Այլ կերպ ասած, ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակությունը միայն փոխարժեքներով ապահովելու համար մեկ դոլարը այսօր ՀՀ-ում պետք է արժենար 840 դրամ։
Միայն այս պայմաններում հայկական ապրանքները ՌԴ-ում կլինեին նույնքան մրցունակ, որքան անցած տարվա հունիսին։
Կարդացեք նաև
Թե ձեռք բերված ինչ «փոխըմբռնման» մասին է խոսքը, չի պարզաբանվում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն պետք է արժեւորի իր ռուբլին, որ հայկական, բելառուսական կամ ղազախական ապրանքները մրցունակ դառնան ռուսական շուկայում։ Թե՞ Մեդվեդեւը ակնարկում է, որ նշված երկրները չպետք է փորձեն արժեզրկել իրենց արժույթները, որ նախկինի նման կարողանան իրենց ապրանքները սպառել ՌԴ-ում։ Համաձայնեք, շատ տարօրինակ «փոխըմբռնում է» ձեռք բերվել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































