Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Ռուսաստանի օժանդակությամբ խորացնում է Հայաստանի մեկուսացումը

Սեպտեմբեր 10,2015 15:00

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ՌԴ-ի համար վերջին օրերի սրացումը առիթ է  հանդիսանալու Հայաստանին է՛լ ավելի նվաստացուցիչ պայմաններ պարտադրելու համար:

– Սեպտեմբերի 3-ին լրացավ երկու տարին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությանը: Երկու տարին բավարա՞ր է՝ դիտարկելու, թե Հայաստանն ինչ շահեց, ինչ կորցրեց` այս միությանն անդամակցելով:

– Հարցը ձեր թույլտվությամբ կվերաձեւակերպեմ. եթե հարցը քաղաքացիներին վերահասցեագրենք` ի՞նչ են շահել ԵՏՄ անդամակցությունից, նրանք ինչպես պետք է պատասխանեն` անկեղծության պարագայում: Բոլոր նրանք, ովքեր տրանսֆերտների հաշվին են ապրում, շահեցի՞ն, թե՞ կորցրին` Ռուսաստանից կախվածության աճի արդյունքում: Նույն կախվածության աճի արդյունքում Գյումրիի ռազմաբազայի մոտակայքում ապրողները, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, որոնց տները մի քանի օր առաջ կրկին գնդակոծվում էին, ու նաեւ մյուս քաղաքացիները ԵՏՄ անդամակցության կողմնակիցների խոստացած անվտանգության առումով բարելավում զգացի՞ն: Արտահանմամբ զբաղվող գործարարներին 170 միլիոնանոց շուկա էին խոստանում. ի՞նչ ստացան իրենք: Փոքր եւ միջին բիզնեսն ի՞նչ վիճակում է, որեւէ բարելավում կա՞: Գազն էժանացա՞վ: Իսկ էլեկտրականությո՞ւնը: Եվ այդպես շարունակ:

– ՌԴ նախագահ Պուտինը օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ Պետդումա, որով առաջարկվում է ԱՊՀ-ում հրաժարվել ԱՄՆ դոլարից: Այս օրենքով նախատեսվում է միասնական ֆինանսական շուկա ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ ԱՊՀ այլ երկրների միջեւ: Պուտինն այս օրինագծով առաջարկում է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա դոլարից ու եվրոյից հրաժարվել հաշվարկների ժամանակ` որպես «միջանկյալ արժույթ»: Այս նախագծի ընդունումն ի՞նչ վտանգներով է հղի մեր երկրի համար:

– Պուտինի հերթական մտահղացումը զարմանալի չէ` հաշվի առնելով տնտեսության մասին իր յուրօրինակ պատկերացումները. օրինակ՝ այն, որ նավթի էժանացումը պետք է հանգեցնի դոլարի պահանջարկի նվազման եւ արժեզրկման, կամ այն, որ ռուբլու արժեզրկումն օգտակար է, քանի որ բյուջեի եւ արտահանողների եկամուտներն այդ դեպքում «աճում» են: Նշված նախագծի դեպքում էլ Պուտինը, կարծես, անգամ չի հասկանում, որ տվյալ խնդիրն իր գրպանային Պետդումայի ընդունած օրենքով չի կարող կարգավորվել. միջազգային պայմանագրի անհրաժեշտություն է առաջանալու, եւ առավել հավանական է, որ Պուտինի ռազմական շանտաժին չենթարկվելու ընդունակ երկրները պարզապես հրաժարվեն անգամ դրա քննարկումից:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Հայաստանի համար հեռանկարն ավելի մռայլ է, քանի որ Պուտինի իշխանավոր եւ ընդդիմադիր կամակատարներն այս դեպքում էլ հավանաբար չեն հրաժարվի նրա պահանջը կատարելուց: Վճարումները միայն ռուբլով իրականացնելու դեպքում դեպի Ռուսաստան արտահանումը, որը հունվարից անընդհատ նվազում է, կարող է ընդհանրապես կանգ առնել:

– Իրանը եւ Հայաստանը Թեհրանում ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Թեհրանն առաջին քայլերն է իրականացնում իր նավթն ու գազը արտահանելու ուղղությամբ: Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ նշել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա` թուրքական եւ հայ-վրացական: Հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանով նման ծրագրի իրականացումը:

– Բարձրավոլտ էլեկտրագծի շահագործման իրավունքն արդեն իսկ կառավարության որոշմամբ հանձնվել է ռուսներին: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը նպատակասլաց շարունակում է իր սովորական հակապետական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է գազատարի կառուցման հնարավորությանը` այն զուտ տեսական է: Ակնհայտ է, որ Իրանից պատժամիջոցները հանելու դեպքում Ռուսաստանը չի կարողանալու Իրան-ԵՄ համագործակցության դեմն առնել, սակայն իր հայաստանյան կամակատարների օգնությամբ հեշտությամբ կարող է շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, որը ձեռնտու է նաեւ Թուրքիային` գազատարն իր տարածքով անցկացնելու համար: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները բազմիցս ապացուցել են իրենց ոչ վստահելի գործընկեր լինելը կամ ուղղակիորեն խաբել են գործընկերներին. կարելի է հիշել թեկուզ Իրան-Հայաստան առկա գազատարի տրամագծի փոքրացման, այնուհետեւ այդ գազատարը Ռուսաստանին որպես սեփականություն հանձնելու պատմությունը, կամ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրից հրաժարվելը: Եվ եթե անգամ Ռուսաստանը ձեւականորեն չխոչընդոտի Իրան-Հայաստան նոր գազատարի կառուցմանը, ԵՄ-ն ու հնարավոր է՝ նաեւ Իրանը դրանով հետաքրքրված չեն լինի, եթե երաշխիքներ չունենան, որ այն եւս հետագայում չի հանձնվի Ռուսաստանին` հերթական «գույք պարտքի դիմաց» կամ այլ սխեմայով, իսկ Հայաստանի կառավարության տված երաշխիքն այդ առումով պարզապես գրոշի արժեք չի ունենա:

– Շփման գծում սրացումը օգոստոսի վերջից ինչո՞վ եք պայմանավորում, ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը, եւ լայնածավալ ռազմական գործողությունների բռնկումը հնարավոր համարո՞ւմ եք:

– Խնդիրը միայն այն չէ, թե ինչի է ձգտում հասնել Ադրբեջանը, այլեւ՝ ինչի՞ է ձգտում հասնել Ռուսաստանը: Թերեւս նախեւառաջ` Ռուսաստանը: Ռուսաստանի համար վերջին օրերի սրացումը հերթական անգամ առիթ է հանդիսանալու պատերազմական շանտաժի միջոցով Հայաստանին է՛լ ավելի նվաստացուցիչ ու վտանգավոր պայմաններ պարտադրելու համար: Ս. Սարգսյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի արդյունքները շուտով ի հայտ կգան: Իր հերթին Ադրբեջանը մի կողմից՝ ռազմական հիստերիայի միջոցով ռեժիմի ամրապնդման խնդիր է լուծում, սակայն մյուս կողմից էլ՝ ավելի խոշոր, միջազգային նշանակություն ունեցող խնդիր է լուծում. Ռուսաստանի ուղղակի օժանդակությամբ խորացնում է Հայաստանի մեկուսացումը` նպաստելով նրան, որ իր բարեկամ Թուրքիան դառնա Իրան-ԵՄ ապագա համագործակցության խոշոր շահառուն:

Ինչ վերաբերում է լայնածավալ ռազմական գործողություններին, դրանք քիչ հավանական են, քանի որ Հայաստանի փաստացի հակառակորդներին լայնածավալ ռազմական գործողությունները ձեռնտու են այնքանով, որքանով կարող են նպաստել նավթի գնի աճին: Այդ խնդիրը կարող է մասնավորապես լուծվել Սիրիայում եւ Իրաքում, իսկ հեռանկարային առումով` ամբողջ Մերձավոր Արեւելքում իրավիճակն առավել ապակայունացնելով: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է նաեւ մեկ այլ հաճելի «բոնուս» ստանալ` էլ ավելի նպաստելով դեպի ԵՄ գաղթականների հոսքի աճին: Միաժամանակ լայնածավալ ռազմական գործողությունները Հայաստանի հակառակորդներից մեկի տարածքում պիտի տեղի չունենան, որպեսզի իր սեփական ենթակառուցվածքները չոչնչացվեն: Այսպիսով՝ Ադրբեջանը կցանկանար Ռուսաստանի միջոցով պարտադրել, որ Հայաստանը չդիմադրի, ոչ թե անցնել լայնածավալ հարձակման` պատասխան գործողությունների ակնկալիքով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930