Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ Երիտասարդական նվագախմբի համատեղ նախագիծը շարունակվում է

Սեպտեմբեր 14,2015 13:00

«Առավոտը» տեղեկացրել էր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Hollywood Non-Stop համատեղ մարզային ծրագրի մասին:

Երիտասարդական նվագախմբի առաջին համերգը կայացավ սեպտեմբերի 7-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 8-ին՝ Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկ 9-ին հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի երաժշտությունն ունկնդրեցին մեղրեցիները, իրենց մշակույթի պալատի դահլիճում: Նվագախումբը ղեկավարեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

ruben

Մեզ հետ զրույցում դիրիժորն ասաց, որ այս ծրագիրը կներկայացվի նաեւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 5-ին:

«Մարզերում համերգը ներկայացնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժակլին Դիլին, ընդ որում՝ հայերեն: Ինձ ու նվագախմբի արտիստներին մի փաստ հիացրեց ու ոգեւորեց. կայացած երեկոներին լեփ-լեցուն դահլիճներում հանդիսատեսի գերակշռող մասը երիտասարդներ էին»,- հայտնեց պարոն Ասատրյանը: Հավելեց նաեւ, որ անխտիր բոլոր համերգներին ներկա են եղել քաղաքապետերը՝ իրենց աշխատակազմի ներկայացուցիչներով, երաժշտական դպրոցների տնօրենները, Կապանի երաժշտական քոլեջի տնօրենը, փոխտնօրենը, սովորողները… Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ ես վերջնականապես համոզվեցի, որ մարզերում ունենք իսկապես բարձր արվեստը, այս դեպքում՝ երաժշտական, գնահատող հանդիսատես:
Կոմպոզիտորների միությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սեպտեմբերի 9-ից միության դահլիճում անցկացնում է երիտասարդ հայ կոմպոզիտորների երաժշտության փառատոն, որը կավարտվի սեպտեմբերի 15-ին: Փառատոնային երեկոների ընթացքում հնչելու է 26 կոմպոզիտորի ստեղծագործություն:

kapan

Ռուբեն Ասատրյանից երիտասարդականի «մասով» հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մի նվագախումբ աշխատի նման ծանրաբեռնվածությամբ եւ մարզերում, եւ Երեւանում, եւ գումարած երիտասարդականի հաճախակի հյուրախաղերն արտերկրում: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր ու պարզ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու արտիստները ի սկզբանե սիրում են իրենց աշխատանքը եւ ամբողջովին նվիրված են դրան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930