Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառականության հիմնական խնդիրը հանրային ընկալման մեջ է. Ա. Աշոտյան

Սեպտեմբեր 19,2015 22:08

«Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի «Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները և գործընթացները» թեմայով ընդլայնված նիստը, որին մասնակցել են հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ու շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ: Նիստը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Բացման խոսքում նախարարը, ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2014 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխությամբ մեր պետությունը հանրակրթության ոլորտում անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության համակարգի, նշել է, որ ներառականությունը բարի հասարակություն կառուցելու բացառիկ հնարավորություն է:

«Կրթությունն է այն միջոցը, որով կարելի է լուծել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների խնդիրը: Մեր խնդիրն է` կրթության միջոցով հասարակությանը վերադարձնել իր բոլոր պոտենցիալ անդամներին՝ բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ խնդիրների պատճառով դարձել են հասարակությունից զատված անդամներ: Այս ուղղությամբ թեև օրենսդրական մակարդակում կատարվել է հսկայածավալ աշխատանք, սակայն գաղտնիք չէ, նաև, որ այս գործում մենք բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների, որոնց զգալի մասը օբյեկտիվ են: Համընդհանուր ներառականության երազանքը, որը դրել ենք մենք մեր առջև, նախ և առաջ հարուստ երկրների երազանք է: Մեզանից շատ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսների տիրապետող երկրներ կրթության ոլորտում համընդհանուր ներառականություն անցնելու համարձակություն չեն դրսևորում: Հայաստանի համընդհանուր ներառականության անցում կատարելու փորձը բարձր է գնահատվել նաև արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային Միության երկրների շարքում: Սակայն հիմնական խնդիրը նաև հանրային ընկալման մեջ է, ընդհանուր ներառականության հարցը մտածելակերպի խնդիր է ոչ միայն կրթության մասնագետների, այլև հասարակության շերտերի համար: Խորհրդային տարիներից ժառանգած արատավոր ավանդույթի ուժով մենք սովոր չենք եղել մեր միջավայրում նման երեխաների տեսնել: Մենք ջայլամային քաղաքականությամբ մտածել ենք, որ մեզ շրջապատում են միայն մեզ նման մարդիկ: Բայց բնությունն անողոք է գտնվել շատ մանուկների նկատմամբ: Ոչ մի երեխա մեղավոր չէ, որ ինքն ի ծնե կամ ձեռքբերովի որոշակի խնդիրներ է ունեցել: Հասարակության առաջնային պարտավորությունն է ընկալել այդպիսի երեխաներին, որպես հասարակության շարքային քաղաքացիներ, բառիս լայն իմաստով»,- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է պատրաստ լինեն ներառական կրթության. «Կրթության ոլորտի բոլոր մասնագետները պարտավոր են այնպես անել, որ մեր երազանքն իրականություն դառնա: Շուրջ 180 դպրոցներում այսօր երեխաները ներառական կրթություն են ստանում, դրա շնորհիվ նրանք վերադարձվում են հասարակություն: Անելիքները շատ են, մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք, թե ինչ պետք է անենք ամեն տարի: Մեր բոլոր գործողությունները պետք է պայմանավորված լինեն երեխաների ամեն օրը պայծառացնելու տրամադրությամբ»,-շեշտել է Արմեն Աշոտյանը: Սակայն նախարարը նաև հատուկ ընդգծել է, որ համընդհանուր ներառական համակարգի անցում կատարելու պարագայում մենք չենք կարող ամբողջությամբ հրաժարվել հատուկ դպրոցներից. «Այդ մասին պետք է ասել ազնվորեն: Կլինեն որոշակի առողջական` ծայրահեղ մտավոր, լսողական, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար պետք է ստեղծվեն լրացուցիչ կրթական ծառայությունների հնարավորություններ»,- ընդգծել է ՀՀ ԿԳ նախարարը: Կոլեգիայի նիստում ելույթներ են ունեցել նաև «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչները, նախարարին ուղղվել են տարբեր հարցեր ՝ներառական կրթության համակարգի ներդրման վերաբերյալ: Նշվել է, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցում կատարելու գործողությունների ծրագրով մինչև 2022 թվականը յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, իսկ Երևան քաղաքում առնվազն 4 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Նախատեսվում է կիրառել երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ: Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական կենտրոններում: ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որոնց թիվը որոշվելու է տվյալ դպրոցներում սովորողների 10 տոկոսի հաշվարկով:

 

Կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930