Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Հակոբյանը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ կանի

Սեպտեմբեր 25,2015 23:55

Մի քանի օրից ազատամարտիկը նոր հայտարարությամբ հանդես կգա

«Սմբատ Հակոբյանը հատուկ հայտարարություն կանի Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ եւ ինչպես ինքն ասաց` կհրապարակի այն, ինչ մինչեւ հիմա չի հնչել Հայրապետյանի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը:

Սմբատ Հակոբյանը, հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, դաժան ծեծի էր ենթարկվել: Հաջորդ օրը նա հայտարարեց, որ իրեն ծեծողների մեջ ճանաչել է Տիգրան անունով տղայի, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել: Երկու օր անց, ազատամարտիկն ասաց, որ իր ծեծը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:

Կարինե Հարությունյանն այսօր հանդիպել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ.  «Նրան այցելել էի քննարկելու իր հետ կատարվածից հետո տարբեր մարդկանց կողմից հնչած հայտարարությունները, ԶԼՄ-ներում հրապարակված տարբեր մեկնաբանություններն ու ընդհանրապես դեպքերի զարգացումը: Նախ ասեմ, որ ազատամարտիկն իրեն դեռեւս վատ է զգում, ցավեր ունի` մարմնի տարբեր հատվածներում ստացած սալջարդերի, վնասվածքների պատճառով, չի կարողանում երկար քայլել, գլխապտույտ ունի, վերջին օրերին լրագրողների հետ հանդիպումների եւ քննչական գործողությունների արդյունքում հոգնած է եւ թույլ է զգում իրեն: Սմբատ Հակոբյանը նշեց, որ պնդում է այն, ինչ ասել է մինչեւ հիմա` կապված Ռուբեն Հայրապետյանի հետ, այն, որ Հայրապետյանը Բաղրամյանի նստացույցի ժամանակ իրեն ցանկացել է հետ պահել քաղաքական ակցիաներից, եւ երբ Հակոբյանը նշել է, որ պայքարից հետ չի կանգնի, Հայրապետյանը սպառնացել է` դե կտեսնես: Հակոբյանը նշեց նաեւ, որ ապաքինվելուց անմիջապես հետո հայտարարություն կանի` սպառիչ պատասխանելու համար մինչ այժմ հնչած հարցերին»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Սմբատ Հակոբյանը պնդում է` իր հետ կատարվածը սպանության փորձ էր, այլապես նման դաժանությամբ չէին վարվի. «Նույնիսկ երբ ծեծի ժամանակ քարով խփել են գլխին, ասել են` սատկեց, գցեք փոսը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930