Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության սպասումները ոչ միայն չմնացին նախկին մակարդակին, այլեւ նույնիսկ նվազեցին. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 26,2015 10:58

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականները Հայաստանի տնտեսական աճի սպասումների վերաբերյալ շարունակում են մնալ նույնքան մռայլ, ինչքան տարեսկզբին էին։ Անգամ հուսադրող ցուցանիշների ֆոնին՝ առանձին դեպքերում կանխատեսումները վերանայվում են նվազման ուղղությամբ։
Ո՞րն է պատճառը, դժվար է ասել։ Մանավանդ որ տարին մոտենում է ավարտին, եւ արդեն հայտնի են առաջին ութ ամիսների տնտեսական ցուցանիշները։ Դրանք տարեսկզբին արված կանխատեսումներից անհամեմատ բարձր են։
Առաջին կեսի տվյալներով, տնտեսական աճը Հայաստանում գերազանցեց 4 տոկոսը։ Հետագա երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը որոշ չափով նվազեց։ Բայց այն շարունակում է շատ ավելի բարձր մնալ, քան միջազգային կազմակերպությունների սպասումներն են։
Ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը Հայաստանում 4 տոկոսին մոտ է, ինչը վատ ցուցանիշ չէ, հատկապես եթե հաշվի առնենք տարեսկզբին արված կանխատեսումները։ Չնայած այդ հանգամանքին, այնուհանդերձ միջազգային ֆինանսական հաստատությունները շարունակում են զգալիորեն ցածր գնահատականներ ներկայացնել Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալի մասին։ Մասնավորապես օրերս իր հերթական կանխատեսումները հրապարակեց Ասիական զարգացման բանկը։
Սա այն եզակի կառույցներից է, որը տարեսկզբին անհամեմատ ավելի լավ կարծիք ուներ Հայաստանի տնտեսական աճի սպասումների վերաբերյալ։ Մինչ միջազգային բազմաթիվ ֆինանսական հաստատություններ խոսում էին նույնիսկ անկման հավանականության մասին, Ասիական զարգացման բանկը ակնկալում էր մինչեւ 1,6 տոկոս աճ։ Սա Հայաստանի տնտեսության վերաբերյալ տարեսկզբին հնչած ամենալավատեսական գնահատականն էր։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը տնտեսական աճի պոտենցիալը գնահատում էր լավագույն դեպքում 0,8 տոկոս։ Թեեւ չէր բացառում նույնիսկ անկման հավանականությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի սպասումները զրոյական աճի, իսկ ավելի շուտ՝ անկման ուղղությամբ էին։
Այս պայմաններում Ասիական զարգացման բանկը Հայաստանի տնտեսությանը տալիս էր մինչեւ 1,6 տոկոս աճի կանխատեսում։ Այդ ժամանակ նույնիսկ կառավարությունը չէր հավատում դրա հավանականությանը։ Պատահական չէ, որ միջինժամկետ ծախսերի ծրագրում, չնայած պետական բյուջեով նախատեսված 4,1-ին, ամրագրվեց տնտեսական աճի ընդամենը 1 տոկոս ցուցանիշ։
Վերոհիշյալ լավատեսական գնահատականներից հետո, որքան էլ կարող էր թվալ, որ հերթական զեկույցում ԱԶԲ-ն իր կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ կվերանայի աճի ուղղությամբ, այնուհանդերձ այդպես չեղավ։ Հայաստանի տնտեսության սպասումները ոչ միայն չմնացին նախկին մակարդակին, այլեւ նույնիսկ նվազեցին։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930