Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնում Լևոն Զուրաբյանին

Հոկտեմբեր 02,2015 19:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում ընդունեց Ստեֆան Շեննախի «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջընթացը» վերտառությամբ բանաձևը:

Փաստաթղթում անդրադարձ կա նաև ՀՀ-ում ընթացող սահմանադրական փոփոխություններին: Նշենք, որ այն բաժնում, որտեղ մոնիտորինգի հանձնաժողովն իր մտահոգություններն է հայտնում մոնիտորինգի ենթարկված երկրների վերաբերյալ, ՀՀ-ի մասին ևս դրույթ կա: Մասնավորապես 11.2 կետում ամրագրված է. «քաղաքական միջավայրի շարունակվող բևեռացումը, այդ թվում Սահմանադրական բարեփոխումների պատճառով»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բևեռացումը սահմանադրական փոփոխությունների գործընթացով չէ պայմանավորված ու հավելեց. «Բևեռացումը վատ բան էլ չէ. դա խոսում է այն մասին, որ կա կարծիքների տարբերություն և բախում, ինչը ժողովրդավարական հասարակությանը հարիր ամենակարևոր հատկանիշներից է: Մենք էլ ենք հաճախ այդ մտահոգությունը հայտնում` դա ձևակերպելով այնպես, որ բևեռացումը, երբ լինում է անհիմն, մենք էլ ենք դրա համար անհանգստանում»:

Տիկին Նաղդալյանը հիշեցրեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն ամենաքիչը երեք անգամ անդրադարձել է սահմանադրական գործընթացներին` զեկույցի,  համազեկուցողների տեղեկատվական փաստաթղթի և մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած հայտարարության տեսքով: Այս առիթով տիկին Նաղդալյանը նկատեց. «Բոլորում էլ հիմնական միտքն այն մասին է, որ ԵԽԽՎ-ն ողջունում է ՀՀ-ում սահմանադրական գործընթացի ընթացքն ու կազմակերպումը»:

Ինչպես նշել տեղեկացրել էինք` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկությունով էր հանդես եկել` մասնավորապես բանաձևի նախնական տարբերակի 9-րդ կետը, որը շարադրված էր «Հայաստանի իշխանությունների ջանքերը (efforts) սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ» վերաշարադրել: Արդյունքում այն ընդունվեց «սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելը»  տարբերակով:

Այս առաջարկի համար տիկին Նաղդալյանը Լևոն Զուրաբյանին շնորհակալություն հայտնեց ու նշեց. «Ես շնորհակալ եմ Լևոն Զուրաբյանին, որը բանաձևի վերաբերյալ արեց մի առաջարկ, և դրանով էլ ավելի հստակեցրեց ու հասցեական դարձավ ԵԽԽՎ վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ դրական իմաստով: Եթե մինչև այս կար 9.2 կետում  անորոշություն, Զուրաբյանի առաջարկից հետո ընդունվեց հստակ սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելը բանաձև: ԵԽԽՎ-ն ողջունում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնելը: Այս փոփոխությունը շատ ավելի ուժեղացրել է հանձնաժողովի դրական վերաբերմունքը, այն ոչ միայն դեբատների վրա է տարածել, այլ ողջ գործընթացի վրա՝ սկսած նախաձեռնելու պահից մինչ այսօր: Սա պատասխան է նաև շատ այն հարցադրումների, որոնք հնչում էին ՀԱԿ –ի գործիչների կողմից, արդյոք անհրաժե՞շտ էին, թե՞ ոչ այս սահմանադրական բարեփոխումները:

Զուրաբյանն ի տարբերություն ՀԱԿ-ը ներկայացնող կարծր դիրքորոշում ունեցող դեմքերի՝ իր սեփական նախաձեռնությամբ այս հարցի հստակ պատասխանը տվեց, որ մեր երկրին անհրաժեշտ էին սահմանադրական բարեփոխումները»:Այս առիթով տիկին Նաղդալյանը հիշեց չերչիլյան խոսքերը. «Երկրի ներսում երկիրս չեմ գովել, իսկ երկրից դուրս չեմ փնովել»:

Այնուհետև նկատեց. «Կարծում եմ Լևոն Զուրաբյանը շահագրգիռ և սրտացավ գործչի կեցվածք դրսևորեց»: Դառնալով մոնիտորինգի հանձնաժողովի անդրադարձին այն մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցերի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները պետք է հետաքննվեն, տիկին Նաղդալյանը նշեց, որ իրենք Սարաևոյում էլ են այդ մասին խոսել և համապատասխան մարմինները հենց այդպես էլ վարվում են, քննությունն ընթանում է:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին դրույթի առիթով տիկին Նաղդալյանն ասաց. «Միջազգային չափանիշներով հանրաքվե անցկացնելու հասցեատերը բոլոր քաղաքական ուժերն են: Այսինքն՝ մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է անում ողջ քաղաքական դաշտին, յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակներում ներգրավվածություն ունենալ այս գործընթացում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031