Լրահոս
Օրվա լրահոսը

Դաբաղյան. «Կոչում չունենալը չի խանգարում նույն Գուրգենը մնալ» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 09,2015 13:41

«Ժողովրդական ժանրի երգն այլ բան է, ժողովրդականություն վայելող երգիչը՝ այլ: Իմ կոլեգաներին չեմ կարող մեկնաբանել, նրանց հետ ընկերական հարաբերություններ ունեմ, բայց եթե ինչ-որ տիտղոս են տվել, ուրեմն արժանի են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին, ասաց երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Նա նշեց, որ այդ փաստը չի ստվերում իր գործունեությունը, քանի որ երգչի՝ լավ ու վատ լինելը կոչումներով չի որոշվում. «Ես դեռ չունեմ կոչում, բայց դա չի խանգարում նույն Գուրգենը մնալ: Դրանից ոչ լավ եմ երգելու, ոչ վատ»:

Անդրադառնալով ժողովրդական երգի մատուցմանը՝ Դաբաղյանը փաստեց, որ երգչից է կախված հանդիսատեսի սերն այդ ժանրի հանդեպ. «Հարցը որակով եւ ճիշտ մատուցումն է՝ հագուստ, տեսահոլովակ, գործիքավորում… Պարտադիր չէ, որ ժողովրդական երգը տարիքով եւ տարազով մեկը երգի: Դա էլ պետք է, բայց այլընտրանքային տարբերակներ էլ պետք է լինեն, որովհետեւ ժողովրդական երգը լայն հասկացողություն է՝ ֆոլկլոր, աշուղական եւ կոմպոզիտորական երգ»:

Սփյուռքում պարբերաբար համերգներով հանդես եկող երգիչը գոհունակությամբ նշեց, որ հանդիսատեսների թվում շատ են երիտասարդները. «Եթե չճանաչեն, չեն գա համերգի, չեն երգի քեզ հետ միասին: Բացի այդ, այսօր համացանցում հասանելի է ժողովրդական երգը: Ճիշտ է՝ երբեմն այն թերություններով է մատուցվում, բայց կան նաեւ կատարողներ, որոնք դա անում են բարձր որակով եւ մակարդակով»:

Գուրգեն Դաբաղյանը նաեւ ասաց, որ որոշ հայկական երգեր յուրացվում են. «Քրդերն ասում են՝ մերն է, թուրքերն ասում են՝ մերն է: Բայց գործով կարող ես ապացուցել՝ եթե դու ես այդ երգի կրողը, ուրեմն այն քոնն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031