Լրահոս
Օրվա լրահոսը

Ակունք գյուղում Նիկողոսյանի ընտանիքը մնում է պոլիէթիլենային ծածկի տակ

Հոկտեմբեր 21,2015 14:30

Վարդենիսի քաղաքապետի խորհրդական Հ. Գասպարյանի, իրավաբան Ս.Դավթյանի հոկտեմբերի 12-ի ակտի համաձայն, Ակունք գյուղի բնակիչ Մելիք Նիկողոսյանի ապրելու տեղի պայմաններն ուսումնասիրելիս պարզվել է, որ նա իր ընտանիքով ապրում է 3X4 քմ թաղիքապատ տարածքում, որը զուրկ է բոլոր կոմունալ հարմարություններից: Չկա զուգարան, լվացարան, բաղնիք:

Ուսումնասիրությունը, ինչպես տեղեկացրեց մեր խմբագրությանը դիմած տարեց քաղաքացին՝ Մելիք Նիկողոսյանը, կատարվել էր քաղաքապետ Վ. Խլոյանի հանձնարարությամբ:

Ընտանիքի հինգ անդամներից դուստրը՝ Կարինե Սարգսյանը, 2-րդ խմբի հաշմանդամ է:
Ինչո՞ւ են Նիկողոսյանները հայտնվել դրսում, եւ ինչո՞ւ են նրանք դիմել ՀՀ գլխավոր դատախազին ու ԱԺ-ին: Ընդ որում, 70 անգամ տարբեր հաղորդումներ են ուղարկվել դատախազությանը, իրավապահ մարմիններին:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Ակունք գյուղի բնակիչ Սուրիկ Գեւորգյանը, որը խնդրել է իրեն պատկանող անշարժ գույքի՝ 0, 296 հա հողամասը եւ դրա նկատմամբ գրանցված, բայց խախտված իրավունքները վերականգնել:
Դատարան ներկայացված «Կռունկ» ՍՊ ընկերության փորձագետների կողմից կատարվել է այց, անշարժ գույքի չափագրում եւ լուսանկարում:

Ըստ փորձագետների, Սուրիկ Գեւորգյանին պատկանող ալրաղացի արեւելյան պատը պարսպապատված է, այնտեղ մուտք գործելու համար բաց է թողնված 7-8 մ անցում, որը արգելափակված է մետաղյա ցանցով, երկաթ-բետոնե կոնստրուկցիաների կտորներով:
Փորձագետների եզրակացության համաձայն, այդ խոչընդոտն առաջացրել էր հարեւանը՝ Մելիք Նիկողոսյանը, որն «արգելում» է Գեւորգյանին իր տարածք մտնել:
Հետեւաբար, ալրաղացի կառուցապատման եւ սպասարկման, հողամասի նկատմամբ առկա է գրանցված իրավունքների ամբողջական խախտում: Դատարանը կարճել է վտարման պահանջի մասին Սուրիկ Գեւորգյանի դեմ ներկայացված գործը եւ վերաքննիչ բողոքով հարեւանը դիմել էր երկրորդ դատական ատյան՝ Նիկողոսյանին, դստեր ընտանիքն իր հողամասից վտարելու պահանջով:

Առաջին ատյանի դատարանը կարճման մասին իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ նույն վեճի հետ կապված առկա է եղել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչը խնամքով թաքցվել է:

Իսկ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, գործի վարույթի կարճման դեպքում չի թույլատրվում նույն անձանց միջեւ, նույն առարկայի վերաբերյալ, միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը գործի նախապատրաստման փուլում հրաժարվել էր հայցից:

Նիկողոսյանի հարեւանը խնդրել էր վերաքննիչ դատարանից բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանույր իրավասության դատարանի այս տարվա մայիսի 12-ի վճիռը՝ ընդդեմ Մելիք Նիկողոսյանի, Կարինե Սարգսյանի՝ հողամասից վտարելու պահանջի մասին:
Ակունքցի Նիկողոսյանների բազմանդամ ընտանիքը վերաքննիչ բողոքին առարկություններ չի ներկայացրել, չի կարողացել ներկայանալ դատարան, իսկ գործն ընդունվել է վարույթ:
Դատավորներ Արթուր Սմբատյանի նախագահությամբ, Ա. Պետրոսյանի եւ Տ. Նազարյանի մասնակցությամբ հիմա էլ պարզվել է, որ կարճված գործի եւ դատական ակտով օրինական ուժի մեջ մտած գործերի փաստական հանգամանքներն ու իրավական հիմնավորումները տարբեր են, տարբեր է եղել հայցի առարկան: Ըստ հայցվորի, նա մի դեպքում պահանջել է, որպեսզի սեփականության իրավունքի խոչընդոտը վերացվի, այն է՝ ցանկապատը, շինանյութը վիճելի տարածքից մաքրվի, մյուս դեպքում՝ պահանջել է վտարել Նիկողոսյաններին:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի նյութերից բացակայում էր մայիսի 12-ի կարճման հիմք հանդիսացած մեկ այլ վճիռը՝ 2012թ. սեպտեմբերի 18-ինը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, առաջին ատյանի դատարանը պատշաճ քննություն չի իրականացրել, չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ուստի բողոքը մերժել է: Բողոքը մերժելու մասին հատվածը բացակայում էր Նիկողոսյաններին ուղարկվածից: Այդպես ենք եզրակացնում՝ հետազոտելով վճռում տեղ գտած պատճառաբանական հատվածը:

Հավելյալ ուսումնասիրությունից պարզեցինք, որ դեռեւս 2003թ.-ի մայիսին Ակունքի ավագանու 5 անդամների մասնակցությամբ քննության է առնվել միայնակ մոր՝ Կարինե Սարգսյանի դիմումը՝ իր 1992թ. ստացած տնամերձ հողամասը փոխանակելու 0,24 հա տարածքի՝ նախկին մեքենակայանի հետ: Վերջինը գտնվում էր Սուրիկ Գեւորգյանին պատկանող էլեկտրական աղացի հարեւանությամբ:
Կ. Սարգսյանը պատճառաբանել էր, որ չի կարողանում իր տնամերձը մշակել՝ հեռու գտնվելու պատճառով:

Ավագանին որոշել էր. «Որպեսզի կոնֆլիկտ չառաջանա էլ. աղացի պատի համար, որպես տեղ՝ տվյալ պատից երկու մետր առանձնացնել: Պարտավորեցնել հողաշինարար Ռ. Մկրտչյանին լինել տեղում, էլ. աղացի շինության համար որպես պատի տակ առանձնացնել պատի երկայնքով երկու մետր եւ սահմանային նշաններով առանձնացնել էլ. աղացը հատկացվելիք տարածքից»: Իսկ Կ. Սարգսյանի տնամերձը ներկայացվել էր վիճակահանության՝ աշնանը բաժանվելիք տնամերձերի բաժանման ժամանակ:
Վարդենիսի ոստիկանապետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը տեղյակ էր Նիկողոսյանների դիմումներից: Նա երեկ «Առավոտին» ասաց, որ ընթացք է տրվել դրանց եւ քանի որ հիմա Նիկողոսյանի, նրա ընտանիքի անդամների խնդիրը դատարաններում է, ոստիկանության միջամտելու անհրաժեշտությունը վերացել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031