Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Հոկտեմբերի 27-ը մեր երկրում կատարված քաղաքական սպանությունների գագաթնակետն է»

Հոկտեմբեր 27,2015 21:15

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ը համարում է «մեր երկրում կատարված քաղաքական սպանությունների գագաթնակետ»: Այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում այս ոճրագործության զոհ դարձածների հիշատակը հարգելու էր եկել նաև Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ դժբախտաբար մենք 1990-ից ի վեր որպես ժողովուրդ և քաղաքական խավ չկարողացանք սահմանադրականության տրամաբանության մեջ լինել ու նկատեց. «Մենք եթե ունեցել ենք Սահմանադրություն, դա չի նշանակում, որ մենք որպես քաղաքական խաղացողներ յուրացրած ենք եղել այդ մշակույթը: Ամենամեծ բացակայությունը, քաղաքական խավի մոտ սահմանադրականության բացակայությունն է. տարբեր խմբեր փորձել են իրենց կամքը հակառակորդ խմբին պարտադրել օրենքի շրջանակներից դուրս, բիրտ ուժով, ինչու չէ նաև սպանություններով»:

Պարոն Սեֆիլյանը հիշեցրեց, որ 1990-ից սկսած՝ բազում քաղաքական սպանություններ ենք տեսել, մութ են մնացել բոլորը, առավել ևս՝ հոկտեմբերի 27-ը, որի նախաքննության գործընթացը հիշեցնում է խեղկատակություն: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ քանի դեռ քաղաքական սպանությունները բացահայտված չեն, մենք պետություն չենք դառնալու. «Այն, ինչ այսօր ունենք, սա պետություն անվանել ճիշտ չէ, ուստի օր առաջ քաղաքական խավը պիտի գիտակցի մեր երկրում սահմանադրականության վերականգնումը»:

Aravot.am-ի հարցին՝ իշխանությունները չե՞ն ցանկանում, թե՞ ի զորու չեն բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց. «Իշխանությունները ժողովրդի իշխանությունը զավթած խմբակ է: Մեր երկրում, ըստ էության, գոյություն չունեն ոչ նախագահ, ոչ վարչապետ, բոլոր կարևորագույն պաշտոնները խլված են ժողովրդի ձեռքից, մեր երկիրը ավելի շատ նման է շրջափակված վիճակի: Մենք խնդիր ունենք  այս շրջափակումից ձերբազատվելու. դա չի լինելու դասական քաղաքական ճանապարհով, պիտի լինի միայն ժողովրդի ընդվզման ու ըմբոստացման միջոցով, որի ուղղությամբ մենք աշխատում ենք»:

Պարոն Սեֆիլյանը նշեց նաև, որ իրենց այս պահին չի հետաքրքրում ընտրատեղամասերում հանրաքվեի ժամանակ վստահված անձինք ունենալը, այլ դեկտեմբերի մեկին ժողովուրդը պիտի հավաքվի հրապարակներում, և այնտեղ որոշվի անելիքը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ամեն օր չեն տեղի ունենում քաղաքական սպանություններ, և քաղաքական սպանության բացահայտումը, իհարկե, պետք է տեղի ունենա, երբ կան օրինական իշխանություններ և կա քաղաքական կամք: Եթե այդ երկուսը բացակայում են, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է կարծել, որ հանցագործությունը կարող է բացահայտվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031