Լրահոս
Օրվա լրահոսը

Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» կորցնում է վարկանիշը

Հոկտեմբեր 30,2015 16:30

Ըստ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի` բնակչությունը երրորդ քաղաքական ուժի պահանջարկ ունի

– Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության` «Միացյալ ազգային շարժման» գրասենյակները մի քանի օր հարձակումների ենթարկվեցին Վրաստանի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Թբիլիսիում: Ի՞նչ է կատարվում Վրաստանում, ինչո՞ւ հանկարծ Սաակաշվիլիի կուսակցությունը հայտնվեց հարձակումների թիրախում, ովքե՞ր էին այդ հարձակումների կազմակերպիչները:

– Իսկապես, վերջին շրջանում Վրաստանի տարբեր շրջաններում «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի պատերը ներկվել էին կարմիր գույնով: Գրասենյակների վրա նաեւ ձվեր էին նետել: «Միացյալ ազգային շարժման» անդամները, ինչպես եւ միջադեպերին մասնակից հարցվածները, որոնք մեկնաբանել էին տեղի ունեցածը, ասում էին, որ դրանք երիտասարդների խմբեր էին, որոնք կապ ունեին իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք» դաշինքի հետ: Ինչպես նաեւ որոշ դեպքերում նշվել է այդ գործողություններում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների մասնակցության դեպքերի մասին:

Միանշանակ կարող եմ ասել, որ դա վանդալիզմ է եւ քաղաքական պայքարի անընդունելի միջոց: Բայց միեւնույն ժամանակ ավելի կոնկրետ գնահատելը բարդ է, քանի որ որեւէ միջադեպեր համարժեքորեն չեն ուսումնասիրվել, ինչը բնականաբար իշխանության օգտին չի խոսում, որոնք հայտարարում են, թե ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» ինքն է նման ակցիաներ կազմակերպում` նպատակ ունենալով իրավիճակը լարել եւ պայքարը քաղաքական հարթությունից փողոց տեղափոխել:

Այստեղ կարելի է ասել մի քանի տարբերակների մասին` քաղաքական դիվիդենդների առումով: Մի կողմից՝ «Վրացական երազանքը» վերջին յոթ ամիսներին կորցրել է 13 տոկոս վարկանիշ, այսինքն` նրա վարկանիշը, ըստ հարցվածների, 24-ից 11 տոկոս է կազմել: Սա վարկանիշի ամենամեծ անկումն է այդքան քիչ ժամանակահատվածի համար: Վերջին երեք տարիների ընթացքում իշխող «Վրացական երազանքի» կողմնակիցների կորուստը հանգեցրել է նրան, որ նրա վարկանիշը համեմատվում է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» հետ:

Հիասթափվածների շրջանում դժգոհ խմբեր են ոչ միայն կառավարության աշխատանքից, այլեւ ռեւանշի եւ վրեժխնդրության սպասողները` նախկին իշխանությունների` Սաակաշվիլիի կուսակցության կառավարման ժամանակ նվաստացման տարիների համար: Այս դեպքում հնարավոր ցուցադրական` զրոյական անհանդուրժողականության քաղաքականությունը իշխող դաշինքի կողմից «Միացյալ ազգային շարժման» նկատմամբ կարող է դիտարկվել որպես փորձ կողմնակիցներին վերադարձնելու նպատակով:
Մյուս կողմից՝ նման մոտեցումներից դիվիդենդներ կարող է շահել նաեւ «Միացյալ ազգային շարժումը», որն իր վարկանիշը կայուն պահում է 15 տոկոսին մոտ եւ ոչ մի կերպ չի կարողանում բարձրացնել խաղի այն կանոններով, որոնք թելադրում է ժողովրդավարությունը: Ենթադրում եմ, որ կծիկը կքանդվի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք ամենայն հավանականությամբ տեղի կունենան հաջորդ տարվա աշնանը:

vrastan
– NDI-ի կատարված ուսումնասիրությունները վկայում էին այն մասին, որ Վրաստանում հիմա նախկին իշխանությունների վարկանիշը ավելի բարձր է, քան իշխող դաշինքինը: Ըստ հարցումների` եթե խորհրդարանական ընտրությունները հիմա անցկացվեին, ապա Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթեր՝ վերադառնալով իշխանության, իսկ իշխող «Վրացական երազանք» դաշինքը կգրավեր երկրորդ տեղը՝ դառնալով ընդդիմություն: Իշխանություններին այս հարցումների արդյունքները խի՞ստ են զայրացրել, եւ հասարակական տրամադրությունները իսկապե՞ս հօգուտ Սաակաշվիլիի կողմնակիցների աճում են, Իվանիշվիլիի նկատմամբ հիասթափություն կա՞ այսօր Վրաստանում:

– Չնայած նրան, որ «Վրացական երազանքի» հասարակական աջակցությունը 24 տոկոսից իջել է 11 տոկոսի, դրանից «Միացյալ ազգային շարժման» աջակցությունը չի մեծացել, այլ 16 տոկոսից իջել է 13-ի: Բացի այդ, ինչպես երեւում է, «Վրացական երազանքի» եւ «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները, որոնք այլեւս չեն աջակցում նշված ուժերին, NDI-ի կատարված ուսումնասիրությունների տվյալներով՝ հիմնականում կամ համալրել են այն մարդկանց շարքերը, որոնք չեն պատրաստվում քվեարկել որեւէ կուսակցության օգտին, կամ չգիտեն՝ ում օգտին են քվեարկելու: Տվյալ վարկանիշային ցուցանիշները, եթե նույնիսկ դրանք պահպանվեն մինչեւ հաջորդ ընտրություններ, որը հնարավոր չէ, թույլ չեն տա պատկերացում կազմել, թե այդ կուսակցություններից որը կարող է իշխող դառնալ, որը` ընդդիմադիր: Ավելին` քաղաքական այն սուբյեկտները, որոնք լրջորեն են մոտենում այդ վարկանիշային ցուցանիշներին, դեռ հնարավորություն ունեն արձագանքելու, ինչը եւ հիմա տեղի է ունենում:

– Վրաստանի բանտերում կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ սեռական բնույթի բռնարարքների մասին տեսագրությունները կրկին սկանդալի կենտրոնում հայտնվեցին։ Դա ո՞ւմ ձեռքի գործն էր, ի՞նչ նպատակով այն տարածվեց:

– Այս դեպքում նույնպես երկու կողմերը` «Վրացական երազանքի» եւ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները, միմյանց են մեղադրում այդ տեսագրությունների տարածման համար: Եթե վարչապետը եւ իշխող կուսակցությունը մեղադրում են «Միացյալ ազգային շարժմանը», ապա վերջիններս, համապատասխանաբար, մեղադրում են իշխանություններին` ամրապնդելով իրենց փաստարկները նրանով, որ Վրաստանի քաղաքներում սկսել են տիրաժավորել եւ հրապարակայնորեն ցուցադրել այդ տեսագրությունները` քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ: Եվ եթե իշխող կուսակցությունը մեղադրում է Սաակաշվիլիի կուսակցությանը կալանավորների նկատմամբ գազանությունների մեջ իրենց իշխանության ժամանակ, ապա դրա հակառակորդները` այսօրվա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները, ասում են, որ տեսանյութերի տարածումը պակաս ծանր հանցագործություն չէ:

Երեւի ուշագրավ կլինի նկատել, որ Սերգեյ Կիրնիկը` ուկրաինական Վիկիլիքսի «ներկայացուցիչը», որտեղ հրապարակվել էին այդ տեսանյութերը, հայտարարում է, թե իր կազմակերպությունն աղբյուրներ ունի բոլոր կառույցներում եւ Վրաստանի բոլոր տարածքային միավորներում: Նա չի հստակեցնում, թե որտեղից է ֆինանսավորվում առցանց պորտալը, բայց վրաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այն գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում:

– Ընդդիմության հասցեին կոշտ քննադատություն հնչեցրեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` «Ազգային միացյալ շարժումն» անվանելով քրեական կառույց: «Նրանք նախկինում գործած հանցանքների համար ներողություն խնդրելու փոխարեն՝ շարունակում են բախումներ հրահրել, չեն հրաժարվում նաեւ քաոսային իրավիճակ ստեղծելու փորձերից»,- ասել էր Ղարիբաշվիլին` հավելելով, թե Վրաստանի նախկին իշխանություններն արժանի են ժողովրդի կողմից դատաստան տեսնելու. «Նրանք պետք է շնորհակալ լինեն այն բանի համար, որ ժողովուրդը այդ 3 տարվա ընթացքում նրանց հետ չարեց այն, ինչ տեղի է ունենում այդ տեսանյութում: Հնարավոր է՝ ես կոպիտ կթվամ, բայց նրանք դրան արժանի են»: Բայց հետաքրքրական էր, որ Սաակաշվիլիի կողմնակիցները դեռ չէին հասցրել պատասխանել երկրի վարչապետին, երբ նրան հակադարձեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունները իրադրությունը լիցքաթափելու փոխարեն՝ է՛լ ավելի բարդացրեցին առանց այդ էլ խնդրահարույց կացությունը: Մարգվելաշվիլին ընդգծեց, որ վերջին օրերի գործընթացները նախապայմաններ են ստեղծել երկրում սահմանադրական կարգի խախտման ու քաղաքացիական հակամարտության համար: Նախագահ-վարչապետ, Մարգվելաշվիլի-Իվանիշվիլի հարաբերությունների սրումը կարո՞ղ է քաղաքական լուրջ ճգնաժամի հանգեցնել:

– Վարչապետի եւ նախագահի միջեւ լարվածությունն արդեն ձգվում է մի քանի տարի: Սակայն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դիրքորոշումների տարբերություններն այս կամ այն հարցում ավելի հստակ են ուրվագծվում: Չեմ բացառում, որ հաջորդ ընտրություններում նախագահը փորձի ավելի շատ կողմնակիցներ ունենալ խորհրդարանում:

NDI-ի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության շուրջ 50 տոկոսը չի պատրաստվում քվեարկել ոչ «Վրացական երազանքի», ոչ «Միացյալ ազգային շարժման» օգտին: Տրամաբանական կլինի եզրակացնել, որ բնակչությունը երրորդ քաղաքական կենտրոնի պահանջարկ ունի` ժողովրդականություն վայելող քաղաքական գործչի առաջնորդությամբ:

Այս փուլում միանգամայն հստակ կարելի է ասել, որ նախընտրական դիմադրությունը մտնում է հաջորդ` ավելի թեժ շրջան: Կրքերի թեժացումն ու բորբոքումը մեծանում է: Կախված նրանից, թե ինչպես երկիրը կանցնի նախընտրական տուրբուլենտային շրջանը, կորոշվի՝ արդյոք հանձնո՞ւմ ենք ժողովրդավարության ամրապնդման հերթական քննությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031