Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի գործով դատական նիստին (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2015 14:45

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 18-ին պետք է տեղի ունենար Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով առաջին դատական նիստը:

Սակայն, մինչ դատական նիստի մեկնարկը միջադեպ տեղի ունեցավ: Երբ դահլիճ բերեցին ամբաստանյալներին, Հայկազ Բարսեղյանի մայրը բղավելով՝ «թուրքեր, տականքներ, թքեմ ձեր երեսին», ցանկացավ մոտենալ նրանց: Կարգադրիչները հետ պահեցին նրան, այդ ժամանակ դուրս հանեցին ամբաստանյալներին: Աղմուկ առաջացավ, Հայկազ Բարսեղյանի մոր ինքնազգացողությունը գնալով վատանում էր, նրան փորձեցին հանգստացնել: Այնուհետեւ դահլիճից երկու երիտասարդներ սկսեցին պաշտպանել ամբաստանյալներին, իրավիճակը կրկին սրվեց, երիտասարդներին դուրս հանեցին դահլիճից:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30