Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսի գործ. ինչո՞ւ չի պարզվել, թե տվյալ անձն ի վիճակի՞ է ֆիզիկական այդ գործողությունները կատարել, թե՝ ոչ

Նոյեմբեր 23,2015 12:38

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Նա  բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ, որով դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքը և հաստատել ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2015 թվականի հունիսի 23-ի որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:

Այսօր դատարանի դահլիճում քննիչ Վազգեն  Ավետիսյանն ամեն կերպ փորձում էր արդարացնել, թե′ իր որոշումը, թե′ Առաքել Մովսիսյանի արարքը: Նա հայտարարեց. «Իմ կայացրած որոշումը հիմնականում պատճառաբանված է և բացակայում են այն վերացնելու հիմքերը: Կատարվել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Ունենք Առաքել Մովսիսյանի հարցազրույցի տեսաձայնագրությունը, որը քննության առարկա է, այն լիարժեք արտացոլում է տեղի ունեցած իրավիճակը և բավարար է եղել իրավական գնահատական տալու համար»:

Քննիչը պնդեց, թե հանցակազմը բացակայում է ու հիմնավորեց. «Կոնկրետ դեպքում ԱԺ պատգամավորը հանգիստ, առանց գործողություններ կատարելու հարցազրույց է տալիս և իր վերաբերմունքն արտահայտում մամուլում Սեյրան Օհանյանի ընտանիքի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններին»: Այստեղ քննիչը հիշատակեց խոսքի ազատության իրավունքը ու ասաց. «Պատգամավորի՝ Աստծու մասին վկայակոչումն ու գլխատել տերմինն ապացուցում այն մասին, որ նա իր վերաբերմունքն է արտահայտում: Հիշենք Ժաննա Դարկին խարույկ հանելու պատմությունը»:

Դատարանը հարցրեց՝ ինչո՞ւ բացատրություն չեք վերցրել Առաքել Մովսիսյանից, քննիչը պատասխանեց. «Գտել եմ, որ հրապարակված տեսանյութն այնքան լիարժեք է արտացոլել տեղի ունեցածը, որ ոչ լրագրողը, ոչ Առաքել Մովսիսյանն ավելին հայտնել չէին կարող»:

Հարցին՝ որոշում կայացնելուց առաջ ինչու՞ չեն պարզել հասցեատերին, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Առաքել Մովսիսյանն իր խոսքում իր վերաբերմունքն է հայտնում և բնական է իր գնահատականը հրապարակավ ներկայացրել է: Նա անորոշ շրջանակի է ուղղում այդ խոսքը, ակնհայտ է, որ որևէ մեկին այն ուղղված չէ, ուստի պարզելու որևէ հանգամանք այդտեղ չկար»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի նշանակվել փորձաքննություն մեղսունակությունը պարզելու համար, քննիչն արձագանքեց. «Մեղսունակությունը քրեաիրավական կատեգորիա է, որը վերաբերում է հանցագործություն կատարելու պահին հանցագործի առողջական,  հոգեբանական վիճակին: Ես գտել եմ, որ հանցագործություն տեղի չի ունեցել»: Քննիչը նաև անհիմն համարեց Արթուր Սաքունցի՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը: Նա ասաց. «Բողոքաբերը միջնորդություն է ներկայացնում ինչո՞ւ չի պարզվել, թե տվյալ անձն ի վիճակի՞ է ֆիզիկական այդ գործողությունները կատարել, թե՝ ոչ: Աբսուրդ է այդ միջնորդությունը դատաբժշկական փորձաքննություն նշանակել պարզելու համար մարդու սեռական հարաբերություն ունենալու կարողությունը»:

Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց նոյեմբերի 25-ին ժամը 13.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30