Տարբեր լրատվամիջոցներով, այսպես կոչված, «հեղինակավոր իրավաբանների» խորհրդով տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում ցանկացած գործ կարող է քննության առնել անկախ այն բանից, թե Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ է դիմողը, թե` ոչ:
Նման «մեկնաբանությունը» պարզապես ապատեղեկատվություն է:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ.
նախ` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված են ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունները, որոնք, համաձայն նույն հոդվածի, իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
Կարդացեք նաև
Մասնավորապես, Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ սահմանադրական դատարանը /օրենքով սահմանված կարգով/ լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը:
Երկրորդ` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների շրջանակը, ովքեր սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասով, մասնավորապես, սահմանված է, որ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում /3-րդ կետ/:
Երրորդ` ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը սահմանում է, որ սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:
Չորրորդ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով /Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը/ սահմանված է, որ. «Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ անձինք…»:
Հինգերորդ` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի երկրորդ մասը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում են, որ. «Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում»:
Վեցերորդ`«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 110.1-րդ հոդվածը /Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը/ սահմանում է.
«1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:
2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դատարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման ենթակա չէ»:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներող կլինեք, շատ կուզենայինք իմանալ թե քանի մարդ է աշխատում այդ սիրուն շենքում, ինչքան միջոցներ է ծախսվում, տարեկան ինչ գործեր են վարույթ ընդունվել, ում կողմից են ներկայացվել, եւ ինչ կարեւոր վճիռներ են արձակվել: Կխնդրենք լրագրողներին որ այս հարցով սպառիչ տեղեկատվություն տրվի ժողովրդին, այլապես տվյալ մարմնի օգտակար նշանակությունը խիստ անհասկանալի է մնում հանրությանը՝ հակառակ տպավորիչ անվանմանը: