Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում այս տարի ավելի լավ են դերասանություն արել, քան թատրոններում»

Դեկտեմբեր 23,2015 20:54

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ՝ անցնող տարին շատ բարդ էր. «Ինձնից լավ գիտեք՝ ինչ է կատարվում աշխարհում: Հայաստանին ինչ է սպասում, չգիտեմ… Միայն թե երբ երեկոյան հարսանիքներից հետո ռեստորանների մոտից հրավառության ձայներ եմ լսում, վախենում եմ: Առաջ նորմալ էի ընդունում, իսկ հիմա մտքովս ինչ ասես անցնում է՝ հարձակվե՞լ են, ի՞նչ է եղել… Այսքան լարված մթնոլորտում է ավարտվում տարին: Հիմա միակ մտահոգությունս այն է, որ հանկարծ պատերազմ չլինի, մյուս խնդիրները հետին պլան են մղվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ն. Ծատուրյանը:

Դառնալով մշակութային դաշտին՝ նկատեց, որ թեև այստեղ որոշ «առկայծումներ» կան, բայց ընդհանուր մակարդակը ցածր է. «Թատերական աշխարհում կան երիտասարդներ (Նարինե Գրիգորյան, Զարուհի Անտոնյան), որոնցով հպարտանում եմ: Կարծում եմ, որ թատրոնի ոչ միայն վաղվա, այլև ներկայիս օրը երիտասարդներինն է: Հիմա ես Գյումրու թատրոնի խորհրդականն եմ: Դուրս եկա գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, քանի որ ուզում էի երիտասարդի տեսնել այդ գործում: Այ մարդ, մեզ մոտ նստում են աթոռին ու չեն ուզում լքել այն, նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ մարմնով արդեն ցնցվում են, դողդողում… Նոր գեղարվեստական ղեկավարը ոչ միայն երիտասարդ է, այլև գյումրեցի: Շատ եմ ուրախանում ուրիշի հաջողությամբ, կարծես իմը լինի»,- ասաց նա:

Հայացք նետելով վերջին 10 տարվա թատերական կյանքին՝ ռեժիսորը նկատեց, որ տարիներ առաջ վերաբերմունքն ուրիշ էր, հիմա ֆինանսավորման խնդիր կա. «Հիշում եմ՝ ես մի ներկայացում արեցի, որի համար այնքան շատ գումար տրամադրեցին, որ դրանով 3 «Ժիգուլի» կարող էինք գնել,- ասաց ռեժիսորը.- շատ ուրախ եմ, որ այսօր թատրոնները վերազինում, վերանորոգում են, բայց մարդիկ տեխնիկան անջատում, ձեռքով են աշխատում: Դա նույնն է, որ փոշեկուլը տանը դրած՝ ավելով մաքրես. մենք դեռ «ավելային» վիճակում ենք»:

Հարցին, թե այս տարի որտե՞ղ են ավելի լավ դերասանություն արել՝ ԱԺ-ո՞ւմ, թե՞ թատրոններում, Ն. Ծատուրյանը պատասխանեց՝ ԱԺ-ում. «ԱԺ-ում բոլորը պրոֆեսիոնալ են, բայց խաղալու առումով: Այ մարդ, էնպես են խաղում, քիչ է մնում հավատաս: Ելույթ ունենալիս ցույց են տալիս, թե ամեն ինչ լավ է, լավ կլինի, թե իբր իրենք էլ են լավը… Մարդ չի դիմանում, ուզում է գնա բռնի պաչի… Նայում եմ ԱԺ նիստերն ու սովորում՝ ինչպես է պետք լավ դերասանություն անել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031