Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգելափակման խնդիր չի եղել». ՃԿԿ պետը՝ Գալուստ Սահակյանի՝ ճանապարհին մնալու մասին (Տեսանյութ)

Հունվար 11,2016 15:01

«ՀՀ-ում տոնական օրերին գրանցվել է 676 արտակարգ դեպք՝ 250-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եղել է 3 զոհ, 56 տուժած: ՃՏՊ-ների ցուցանիշն է զգալի նվազել, իսկ փլուզումները պակասել են 6-ով: Կենցաղային կանչերն են շատ եղել՝ կապված ջրագծերի վնասման հետ: Բոլոր կանչերը սպասարկվել են»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Նա տեղեկացրեց, որ գրանցվել է արգելափակման 234 դեպք. մեկի դեպքում քաղաքացին ձնաբքի մեջ մնալու հետեւանքով մահացել է: Փրկարարները 3000-ից ավելի քաղաքացու դուրս են բերել ձյան արգելափակումից. «Բավականին մեծ թիվ է դա: Բարեբախտաբար, ճանապարհներին ոչ մեկ չի զոհվել եւ տուժել: Ընդհանուր առմամբ, ՏԿԱԻՆ-ը 10000-ից ավելի զանգեր է ստացել՝ հիմնականում Գեղարքունիքից եւ Սյունիքից: Գիտենք, որ Գորիս-Սիսիան, Կապան-Մեղրի, Սեւան-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում բարդ իրավիճակ էր ստեղծվել, ճանապարհները մաքրելուց հետո կրկին արգելափակումներ էին առաջանում»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ հավելելով, որ իրավիճակի մասին զեկուցվել է վարչապետին, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Բանախոսը նաեւ նշեց, որ 8 դեպքում օգնություն է ցուցաբերվել ծննդկաններին. «Առանձին դեպքերում հարկ էր պատգարակով ձյան մեջ ոտքով երկար ճանապարհ անցնել՝ ծննդկանին շտապօգնության մեքենայի մոտ կամ հիվանդանոց հասցնելու համար: Հիվանդները փրկարարների կողմից նաեւ տեղափոխվել են բնակարան, օգնություն է ցուցաբերվել վատառողջ քաղաքացիներին»:

Հովհաննես Խանգելդյանն անդրադարձավ նաեւ հունվարի 4-ին տեղի ունեցած դեպքին, երբ ձնաբքի պատճառով ճանապարհներին մնացած տրանսպորտային միջոցների թվում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող ավտոմեքենան. «Մեր գործընկերներից էլ շատերն արգելափակման մեջ են մնացել: Պաշտոնյաների անունները չեն առանձնացվել, բոլոր զանգերն էլ սպասարկվել են: Գալուստ Սահակյանի դեպքում արգելափակման խնդիր չի եղել, պարզապես այդ պահին ճանապարհը փակել են մաքրման համար: Նրա մեքենան եղել է շարասյան մեջ, ոստիկանությունն էլ փակել է ճանապարհը: Հետո ԶԼՄ-ներով եմ տեղեկացել, որ նման պաշտոնյա է եղել այդտեղ»,-նշեց ՃԿԿ պետը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031