Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրաշենում Ամանորը դիմավորել են ծեծկռտուքով

Հունվար 11,2016 20:02

Օրերս Aravot.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ էին հղել Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 31-ին գյուղի մի խումբ տղաների միջեւ ծեծկռտոց է եղել, որին մասնակցել են նաեւ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի ու նրա եղբոր՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի որդիները:

Նշենք, որ երկու եղբայրներն էլ բնակվում են Մեղրաշեն գյուղում: Ծեծկռտոցը, ըստ նամակի բովանդակության, ծագել է «գմփուցիկի» պատճառով. դեկտեմբերի 31-ին, երբ գյուղովի հավաքվել են եկեղեցու մոտ տեղադրված տոնածառի շուրջ ամանորյա միջոցառմանը մասնակցելու, Արթիկի ոստիկանապետի դպրոցահասակ երեխան՝ Հովհաննեսը «գմփուցիկ» է նետել:

Գյուղի բնակիչներից մեկն էլ, Արայիկ անունով մի տղամարդ, որը բնակվում է հենց այդ հատվածում, նեղսրտել է, նախատել ու նախազգուշացրել է Հովհաննեսին վերջ տալ: Վերջինս էլ զանգահարել է իր ավագ եղբորը՝ բժշկական համալսարան սովորող Սաքոյին ու հորեղբոր տղային՝ Արիստակեսին, կանչել է եկեղեցու մոտ: Նրանք էլ եկել են իրենց ընկերների հետ: Ըստ նամակի, սկզբում լեզվակռիվ է ծագել, որը թեժացել է ու վերածվել ծեծկռտուքի: Պետրոսյանների որդիների հետ ծեծկռտուքին մասնակիցներ են դարձել նեղսրտած Արայիկի եղբոր որդին ու նրա ընկերները, որոնք հավաքված են եղել գյուղի կենտրոնում տոնածառի մոտ: Վիճաբանության ընթացքում տղաներից մեկի քիթն է վնասվել, տուժել է նաեւ Արթիկի բանկերից մեկի նախկին կառավարչի որդին՝ Վաչե Համբարձումյանը, որը պիտի հունվարի 9-ին զորակոչվեր բանակ, սակայն գլխի հատվածում ստացած վնասվածքի պատճառով չի զորակոչվել: Տուժել է նաեւ գյուղապետի որդին:

IMG_1865 IMG_1868 IMG_1869

Պարզելու համար, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս գրությունը, արդյոք եղե՞լ է ծեծկռտոց գյուղապետի, ոստիկանապետի որդիների կամ մյուսների մասնակցությամբ, Aravot. am-ը եղավ Մեղրաշենում:

Նշենք՝ Գյումրի բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ հունվարի 3-ին իրենց է դիմել Վաչե Համբարձումյանը, որի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, գանգի գագաթային հատվածի կտրված վերք:

Մեղրաշենում հանդիպեցինք այս երիտասարդի հոր՝ Վաչե Համբարձումյանի հետ, որը, սակայն, ասաց, որ տղայական կռիվ է եղել, ինքը դեպքի վայրում չի եղել, հետեւաբար եւ չի կարող ասել, թե ով է վնասել իր որդուն:

Եղանք նաեւ Ռուզաննա Սարգսյանի տանը, որի որդին, ըստ նամակի, նույնպես մասնակցություն էր ունեցել ծեծկռտոցին ու վնասվել է նրա քիթը: Այս ընտանիքում կտրականապես հերքեցին, որ գյուղում կռիվ է եղել:

Ռուզաննա Սարգսյանը, որի որդիներից մեկին սպանել են բանակում, ասաց. «Ես որդի եմ կորցրել, եթե իմ մյուս որդիներին մատով դիպչեին, ես էսպես հանգիստ կնստեի՞»: Նշենք, սակայն, որ նրա որդու քթի մոտ կային քերծվածքներ:

Գյուղացիները եւս խուսափում էին խոսել այս թեմայի շուրջ, երբ հետաքրքրվում էինք՝ ի՞նչ կռիվ է եղել, բոլորը զարմացած էին ձեւանում:

Ինչեւէ, քանի որ շոշափվում էին նաեւ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի որդու ու նրա եղբորորդու անունները, մենք լսեցինք գյուղապետին:

Գյուղապետն անչափ վատ էր զգում, որ մի «գմփուցիկի» պատճառով վիճաբանություն է սկսվել գյուղի տղաների միջեւ ու իր որդին նույնպես մասնակցություն է ունեցել: Նա ասաց, որ իր որդին վնասվածք ստացել է դեմքի հատվածում, սակայն իր եղբոր՝ Արթիկի ոստիկանապետի որդիները որեւէ մասնակցություն չեն ունեցել: «Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ շատ սրտանց ուզում են, որ իմ եղբոր՝ ոստիկանապետի տղաներն էլ կռվի վայրում լինեին: Փառք Աստծո, որ նրանք այնտեղ չեն եղել, քանի որ, եթե լինեին, հաստատ մասնակցելու էին, որովհետեւ անկախ այն բանից, որ ոստիկանապետի որդիներ են, եթե իրենց եղբայրը կռիվ է անում, ուրեմն կմասնակցեին, հարցին տղավարի նայենք: Եթե նույնիսկ մասնակցեին էլ, ես չեմ կարծում մի արտառոց բան կլիներ, բայց իրենք այնտեղ չեն եղել, իզուր են մրոտում»,- ասաց գյուղապետը:

Նա պատմեց հետեւյալը. «Միջադեպը եղել է իմ տղայի հետ, որը ուսանող է, պայթուցիկը գցվել է երկու անգամ, տարիքով՝ 40 տարեկան մարդ է մոտեցել, զրուցել են, զրույցի ընթացքում վեճի են բռնվել, վեճը վերածվել է փոքր ծեծկռտուքի, ոնց որ թե իրենց ընկերներից է մարդ մոտեցել, շարունակվել է, հետո ինձ են տեղյակ պահել, ես անմիջապես գնացել եմ էդտեղ, հանդարտեցրել եմ: Գիտեք, որ 19 տարի համայնքի ղեկավար եմ աշխատում, եթե նման փոքր միջադեպեր էլ նախկինում եղել են համայնքում, ես հաշտեցրել եմ, միշտ կարգավորել եմ: Բոլորը գիտեն, որ մեր համայնքի ժողովուրդը համեստ է, ես նույն օրն եմ հաշտեցրել, հավաքվել ենք գիշերը ժամը 12-ի մոտ, բարիշել են, գնացել ենք մեր Նոր Տարին ենք արել»:

Գյուղապետը նաեւ ասաց, որ այդ պահին գյուղի կենտրոնում միջոցառում է եղել, ու բոլորն էլ այնտեղ են եղել: Ըստ գյուղապետի, տղայական վեճը շատ շուտ կանխել են, Ամանորին այս տղաների ու նրանց ծնողների հետ նույնպես հանդիպել են, զրուցել, երեխաները ձեռք-ձեռքի են տվել ու հաշտվել:

«Չկա արտառոց ոչ մի բան, բոլորը հաշտված են, բոլորը չեն ուզում շարունակություն ունենա, քրեական գործ հարուցվի, որովհետեւ իրականում նայում ես մի թեմա չկա տակը, մի գմփուցիկի պատմություն է, որը ոնց որ թե դառնա մի կաթիլ մեղրի պատմությունը: Փառք Աստծո, մենք այնքան խոհեմ ենք, որ չենք թողել, ու այսօր էլ նույն մտածելակերպն ունենք, որ չշարունակվի: Շարունակություն չի ունենա, որովհետեւ մեր գյուղին հարիր չէ, մենք ընդհանրապես այդ ժողովուրդը չենք, ես ինքս 20 տարի աշխատում եմ համայնքի ղեկավար ու միշտ ասել եմ, որ սա ծառայություն է, պաշտոն չէ: Եթե ժողովուրդը մի անգամ ընտրում է, 4-5 անգամ վերընտրում է, ինքն ամեն մի ընտրություն ժամանակ մտածում է, ով կարող է իրեն ծառայել, ով կարող է էս լուծը քաշել: Եղել են դեպքեր, որ մրցակիցներ ունեցել եմ Մեղրաշենից, իմ ժողովրդի վստահությունը, որ ինձ գնահատել է, մեծ պարտավորվածություն եմ զգում: Երբ բախտ է վիճակվում, շուտ եմ տուն գալիս, ես շորերով չեմ քնում, թե հանկարծ մեկը մեր տուն կգա, մեր դուռը կբացի ինչ-որ հարցով, ու այսօր այդ միջադեպը իմ տղայի հետ ու ինչ-որ դատարկ պատմություն…»:

Հարցին, թե Արթիկի ոստիկանապետը ծեծկռտուքի ընթացքում եկե՞լ է արդյոք դեպքի վայր, գյուղապետն ասաց, որ ինքն է գնացել, մեծ բազմություն է հավաքված եղել, որոնք եկել են Ամանորի տոնակատարությանը ու չի կարող ասել՝ ոստիկանապետը եկել է, չի եկել:

Գյուղապետը իր հերթին պատմում է, որ գնալով դեպքի վայր՝ սաստել է, գյուղացիներն էլ, իր անձի հանդեպ հարգանքից ելնելով, վերջացրել են պատմությունը՝ առանց հակաճառելու: «Ես մի հատ ապտակեցի իմ տղային, նստացրեցի ու բերեցի տուն, դրանից հետո հաշտեցրել ենք: Իսկ ինչ մնում է այն խոսակցությանը, թե ես ինքս թեժացրել եմ կռիվը, հեռախոսով խփել եմ չգիտեմ ում, ես այդ մասին այսօր իմացա, ես զսպված, լուրջ մարդ եմ, ինչ ուզում խոսում են, Ամանորին էլ ինչ ասես լսեցի իրականությունից դուրս, ինչ հերյուրանք ասես, երեւի ինչ-որ ուժերի ձեռ է տալիս, որ չափազանցնեն:

Մարդիկ փորձում են պղտոր ջրում ինչ-որ բան որսալ, բայց իրականությունը չես կարող թաքցնել, այդ պիտակները, որ փորձում են կպցնել ինձ կամ եղբորս, չի կպնի: Ես ասացի՝ 20 տարի ծառայել եմ իմ ժողովրդին, իմ ժողովուրդը ինձ լավ է ճանաչում, ես ոչ հայհոյող եմ, ոչ մարդկանց վիրավորող եմ, ես զսպված բնավորություն ունեմ, ինձ բոլորը ճանաչում են: Եթե գյուղում նման հարցեր եղել են, ես եմ հաշտեցրել, խաղաղության եզրեր գտել: Գիտեք, եթե 20 տարի մի գյուղում համայնքի ղեկավար ես աշխատում, ամեն ինչ հնարավոր է, որ լինի: Այս անգամ էլ իմ երեխայի հետ պատահեց, հիմա ի՞նչ անենք, մենք էլ ենք մարդ, չենք ասում երկնքից ենք իջել, սուրբ ենք, տղա երեխա է, ստացվել է, էն որ ասում են շառ, փորձանք, այս անգամ մեզ եկավ, կպավ»:

Գյուղապետն ասում է, որ չգիտի էլ իր տղային ով է խփել, մութ է եղել, սակայն վիճակը լավ է, իրենք էլ ոչ մի բողոք չունեն:

Ի դեպ, նշենք, որ Մեղրաշենի բնակիչները կրթված, ինտելեկտով մարդիկ են, կռվի մեջ մտած երիտասարդներն էլ բոլորն էլ սովորում են Երեւանի պետական բուհերում՝ Երեւանի պետական համալսարանում, տնտեսագիտական համալսարանում, ու մեր՝ գյուղում եղած պահին բոլորն էլ պատրաստվում էին գնալ քննության:

Հավելենք, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031