Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւին ասելու են՝ բա մենք թեյ էինք խմելու Ստեփանակերտում, ծածանվելու էր Ադրբեջանի դրոշը». Մարուքյան

Հունվար 12,2016 16:43

«Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո բազմաթիվ փորձագետներ մեկնաբանել են այն եւ բոլորի կարծիքները համընկնում էին մի բանում՝ հանդիպումն ավարտվել է մեզ համար դրական նոտայով: Այսինքն, հանդիպման ամբողջ էությունն այն է եղել, որ վերականգնվել է հանդիպումների շարքը, բայց ներքին ինֆորմացիան, թե այնտեղ ինչ հարցեր են քննարկել եւ Հայաստանի պահվածքն ինչպիսին է եղել, արձագանքները վկայում են, որ հայկական կողմի համար բավականին դրական զարգացումներ են եղել: Սա փաստում է նաեւ Ալիեւի այդ հայտարարությունը, թե այդ հանդիպումը ձեւական է եղել: Մենք կարող ենք փաստել, որ իրապես դրական տեղաշարժեր եղել են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի հետ Բեռնում կայացած իր հանդիպումը ձեւական բնույթ է կրել:

Ըստ Էդմոն Մարուքյանի, բնականաբար դա իրենց համար եղել է շատ բացասական արդյունքներով հանդիպում. «Դա փաստում է հենց նրա հայտարարությունը՝ հանդիպումը եղել է ձեւական, որեւէ էական բան չի փոխվել, մենք էլի գալու ենք մեր զորքերով պատերազմով հետ վերցնենեք մեր հողերը եւ այլն: Ռազմատենչությունը պահելու համար ասում է, նա չի կարող ասել՝ լավ հանդիպում էր, որովհետեւ իր ժողովուրդը հարց է տալու իրեն՝ եթե լավ հանդիպում էր՝ այսքան տարի մեզ պատրաստել ես, ասել ես, որ մենք գնալու ենք թեյ խմենք Ստեփանակերտում, մեր դրոշն այնտեղ պետք է ծածանվի, բա այդ հանդիպման արդյունքում ինչո՞ւ դա տեղի չի ունենում, բա ինչո՞ւ թեյ չենք խմում»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը, որ սահմանային դեպքերի հետաքննության եւ բացահայտման հետ կապված նորարական համակարգեր պետք է ներդրվեն, նույնպես Ադրբեջանի համար շատ անցանկալի է:

Էդվարդ Նալբանդյանը Բեռնում կայացած այդ հանդիպման մասին գնահատական տալիս ընդգծել էր, որ ընդամենը եւս մեկ անգամ այդ հանդիպման արդյունքում համոզվեցինք, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում իրար: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Պարզ է, որ չէր համընկնում, եթե համընկնեին՝ կսկսվեին բանակցություններ: Բայց չհամընկնելը մի բան է, միջազգային կարծիքների, քննադատության ուղղությունը դեպի Ադրբեջան կենտրոնանալը մեկ այլ բան է: Պարզ է, որ կողմերն այս պահին կոնֆլիկտի կարգավորման շուրջ որեւէ համաձայնություն չունեն: Եթե ունենային, հիմա մենք շրջանակային փաստաթղթի շուրջ կբանակցեինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031