Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ավետիսյանների սպանության գործով գյումրեցիներին չեն ստիպի նորից փողոց դուրս գալ. (Տեսանյութ)

Հունվար 12,2016 17:33

Այսօր Ավետիսյանների գերեզմանին այցելած Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո որտե՞ղ կկրի պատիժը Վալերի Պերմյակովը, որը դասալքության զենք-զինամթերքի հափշտակման համար 10 տարի ազատազրկման է դատապարտվել ռուսական զինվորական դատարանի կողմից, այժմ էլ մարդասպանության համար է դատվում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցերն ավելի շատ նոր հարցեր են առաջացնում և որ դրանց պատասխանները մենք ակնհայտորեն չգիտենք:

«Մենք մի ժողովուրդ ենք, որ ունենք Սաֆարովի նախադեպ, և մենք շատ ամուր երաշխիքներ պետք է ունենանք, շատ ամուր, որ այս դեպքում Սաֆարովի նախադեպ ի բնե չենք կարող ունենալ: Ես չգիտեմ դատավարության այսպիսի ընթացքը մեզ այսպիսի երաշխիք տալիս է, թե չէ, անկեղծ ասած, ես այնքան էլ վստահ չեմ, որ տալիս է: Ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, թե էստեղ էլ կլինի նույն ընթացքը, բայց ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում, և այստեղ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետությունը, ՀՀ դատարանը պետք է ամեն ինչ անի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերը լիարժեքորեն պաշտպանելու համար:

Հիմա ընդամենը դատական մեկ նիստ է տեղի ունեցել, ես չեմ ուզում եզրակացություններ անել, մենք այս պահին բարձրաձայն մտածում ենք, այն հարցերի մասին ենք խոսում, որոնք մեր մեջ ծագում են այս ամենի կապակցությամբ: Տուժողի իրավահաջորդներն ունեն պրոֆեսիոնալ, ուժեղ փաստաբանական թիմ, և ես համոզված եմ այդ թիմն ամեն ինչ կանի, որ այս հարցերը պատասխան ստանան: Եվ ես հույս ունեմ, որ այդ թիմը հանրության ուղղակի աջակցության կարիքն այս հարցում չի ունենա:

Այսինքն` բոլոր ընթացակարգերը դատական ու իրավական կպահպանվեն, և ես հույս ունեմ, որ գյումրեցին նորից ստիպված չի լինի փողոցներ դուրս գա, մենք բոլորս, ինչու միայն գյումրեցին, որ ապացուցենք, որ մենք բոլորս այս հարցում հետևողական ենք լինելու բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Սա քմահաճույք չէ, մենք բոլորս ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում տասնյակ հազարավոր ընտանիքներ են ապրում Ավետիսյանների փողոցում, մնացած տեղերում: Այս դատավարության կարևոր գործառույթներից մեկն այն է, որ ամուր երաշխիքներ ստեղծենք, որ այն, ինչ տեղի է ունեցել, դրա կրկնությունը ուղղակի բացառվում է»:

Նիկոլ Փաշինյան ասաց, որ մենք հարցեր ունենք նաև հայ իրավապահ համակարգին. ինչպես պատահեց, որ Պերմյակովը, հատելով Հայաստանի Հանրապետությունում հսկայական տարածք, հանկարծ հայտնվեց սահմանախախտի կարգավիճակում ու այդ կարգավիճակում պետք է հանձնվեր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, չհանձնվեց:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռուսական կողմը գործը չի հանձնել ՀՀ-ին, այլ թղթերն է հանձնել:

Իսկ կասկածյալին՝ Պերմյակովին հանձնելու հետ կապված՝ ասաց, թե ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունը դատել մի մարդու, որը իր իշխանության ներքո չէ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031