Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցը» շրջափակումից դուրս գալու միակ միջոցն էր» (Տեսանյութ)

Հունվար 14,2016 14:14

Երեւանի քաղաքապետարանը 2015թ.․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար, ինչը շարունակում է ճարտարապետների եւ արվեստագետների շրջանում թեժ քննարկումների պատճառ հանդիսանալ:

Ճարտարապետների միությունում այսօր միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողներին ասաց, որ որոշումը ճարտարապետների համար բավականին  տարօրինակ էր, քանի որ կառավարության եւ ներդրողի հետ հայտարարի էին եկել՝ բոլոր ռեսուրսները քննարկելու եւ «Զվարթնոցի» հին մասնաշենքը պահելու հարցերի շուրջ. «Բայց պարզվում է, որ բոլորովին ուրիշ պետության դեմ ենք պայքարում՝ մեր հուշարձանները պահպանելու համար: Դրանք մեր պատմության էջերից են, եթե սա նման առաջին օրինակը լիներ, գուցե օպտիմիստական նայեինք, բայց սխեման կրկնվում է: Հարգում ենք մեր ներդրողներին, բայց եթե մի բան ենք ներդնում եւ դրա փոխարեն նշանակալի կառույց քանդում, ուրեմն տեղում դոփում ենք»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ հավելեց, որ պետական գերակա շահի զոհ է դառնում պետական հարստությունը, հետեւաբար, այդ սկզբունքն իր համար անհասկանալի է:

«Մինչեւ նոր տարի գլխավոր ճարտարապետի հետ խոսեցինք, հաստատեցինք, որ փոփոխություն չի լինի, մինչեւ միասնական գծագրեր չներկայացվեն եւ չանցնեն հանրային քննարկումների փուլը: Հանգիստ հոգով տոնեցինք Նոր տարին եւ հանկարծակի շինարարներից մեկը խնդրեց գծագրերը, որպեսզի սկսի քանդման աշխատանքները՝ ըստ համապատասխան թույլտվության»,-պատմեց ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը, ով ավելի վաղ համապատասխան հայտարարություն էր տարածել:

«Գլխավոր ճարտարապետը փորձում է իրավական հիմքեր ստեղծել, բայց չեմ կարող հասկանալ ինչ իրավական հիմք կարող է լինել, ասենք, Դա Վինչիի «Մադոննա»-ն վառելու համար»,-ասաց Անահիտ Թարխանյանը:

Նա հիշեցրեց «Զվարթնոց» օդանավակայանի բացառիկ նշանակության եւ արժեքի մասին. «Նորություն չի, որ Հայաստանը տարածաշրջանում դժվար իրավիճակում է: Երբ Հայաստանը լիարժեք շրջափակման մեջ էր, «Զվարթնոցը» շրջափակումից դուրս գալու միակ միջոցն էր, որի շնորհիվ նաեւ օգնություն էր հասնում մեր երկիր: Այն նախագծվել է որպես ռազմավարական նշանակության օդանավակայան: Իսկ նոր օդանավակայանը բիզնես-ծրագիր է, որը ցանկացած պահի կարող է վաճառվել: «Զվարթնոցը» մեր միակ երաշխիքն է` ապագայի եւ անվտանգության»:

Ճարտարապետները նաեւ ասացին, որ պատրաստվում են հանդիպել քաղաքապետի հետ եւ կրկին քննարկել որոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031