Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկվել է պատրիարք Կիրիլի հայտարարությանն արձագանքելու հարցը

Հունվար 14,2016 17:44

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտնի հարցազրույցի այն դրվագը, որտեղ նա հայտարարել էր, թե իբր Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններին չեն ոչնչացրել, այսօր` հունվարի 14-ին, քննարկման առարկա է դարձել Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում:

Հարցը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը` առաջարկելով հանդես գալ հայտարարությամբ կամ բաց նամակով` հայ հասարակության դժգոհությունը հայտնելով այդ արտահայտության վերաբերյալ:

Դանիելյանը գտնում է, որ նման երևույթներին պետք է արձագանք տալ` առավել ևս, որ պատրիարք Կիրիլի հայտարարության մեջ ակնհայտ հակասություն կա Ռուսաստանի պետական դիրքորոշման հետ:

Նիստին հրավիրված է եղել նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը, որը նույնպես անընդունելի է համարել պատրիարքի հայտարարությունը. «Չեմ կարող պնդել, բայց միգուցե մտքի սխալ ձևակերպում էր, որը իրականում հանգեցրեց պատմական իրողության խեղաթյուրման»,-նշել է նա:

Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, որ պատրիարք Կիրիլի կողմից ասվել է այն, ինչը չի համապատասխանում պատմական իրականությանը, և դա ոչ միայն հայ ժողովրդի համար է վիրավորական, այլև ընդհանրապես` պատմության համար:

Հանրային խորհրդի անդամ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համոզմունք է հայտնել, որ պատրիարք Կիրիլը պատահական մարդ չէ, և հայտարարությունն էլ պատահական չի եղել: Դեմոյանը դա համարել է և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին ուղղված հայտարարություն:

Լիագումար նիստի մասնակիցները, քննարկելով պատրիարք Կիրիլի հայտարարությանը համարժեք պատասխան հնչեցնելու հարցը, գտել են, որ արձագանքելը ճիշտ է, ապա որոշել են հարցը մտցնել ՀԽ փոքր խորհրդի առաջիկա նիստի օրակարգ, որտեղ արդեն վերջնական որոշում կկայացվի Հանրային խորհրդի դիրքորոշման և պատասխանի վերաբերյալ:

 

ՀՀ Հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031