Լրահոս
Օրվա լրահոսը

 Նավթ-2016: Ի՞նչ  է  սպասում  Հայաստանին

Հունվար 24,2016 12:58

Մոտ  մեկ-մեկուկես  տարի, չհաշված երկարատև  նախապատրաստական  շրջանը, Ամերիկայի  Միացյալ  Նահանգները, Սաուդյան  Արաբիան և  մի  քանի  նրանց  գործընկեր  երկրներ, հիմնովին  ապահովագրելով  սեփական  տնտեսական  կայունությունը, հստակ  գործողությունների  պլան իրականացրեցին, որի  վերջնական  նպատակը  նավթի  համաշխարհային  գնի  կտրուկ  անկում  ապահովելն  էր: Դա  իհարկե  իր  հերթին  ոչ  թե  ինքնանպատակ  էր, այլ  հօգուտ  ԱՄՆ-ի  աշխարհում տնտեսական, քաղաքական և ռազմական  ազդեցության  անհավասարակշռության  նախկին աստիճանին վերադառնալու  միջոց: Հասկանալի  է, որ  դա  տեղի  է  ունենալու  նախևառաջ  Ռուսաստանի  և  իր  դաշնակիցների  հաշվին:

Նավթի  գնի  ռեկորդային  անկումը  կոտրեց  ռուսական  տնտեսության  ողնաշարը` կանգնեցնելով  այդ  երկիրը  տնտեսական  ճգնաժամի  առաջ: Չդիվերսիֆիկացված  ռուսական  տնտեսությունը, որի  աճի  տեմպերն  արձանագրվում  էին  բացառապես  նավթի  արտահանման  շնորհիվ, ամենայն  հավանականությամբ  կհայտնվի  երկարատև  կոլապսի  մեջ:

Զարմանալի  համընկնումով նավթային  խնդիրների  շուրջ  Վաշինգտոնի  և  Էր Ռիադի  բանակցությունների  արդյունքում  Սաուդյան  Արաբիան  կտրուկ  ավելացրեց  ու  արդիականացրեց  սեփական  ռազմական  կարողությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հաշվին  համալրելով  Սաուդյան  Արաբիայի  թագավորական ռազմաօդային  ուժերը  գերժամանակակից  թանկարժեք  նմուշներով: Պատահական  չէր  ԱՄՆ-ի  նախագահ  Բարաք  Օբամայի  այցը  Էր  Ռիադ  2014  թ-ի  մարտին, դեռ  այն  ժամանակ  երբ,  Ռուսաստանը  «ազատագրում»  էր  Ղրիմը:  Փաստացի  հենց  այդ  պահից  «նավթային  շուկայի  տապալում» օպերացիան  նախապատրաստական  փուլից   անցավ  ավարտականի: Ռուսաստանի  խառնվելը  Սիրիայի  քաղաքացիական  պատերազմին  կտրուկ  խթանեց  ԱՄՆ-ի  և  ՕՊԵԿ-ի  երկրների  փոխհամաձայնեցված  քայլերի  իրագործումը` միևնույն  ժամանակ  լրացուցիչ  լուրջ  ու  երկարաժամկետ   ֆինանսական  բեռ  ավելացնելով  Ռուսաստանի  համար: Վերջինս  առանց  այն  էլ  արդեն  ծանրաբեռնված  էր  և´  Ղրիմի, և´  Ուկրաինայի  հարավ-արևելքում ընթացող  պատերազմի  խնդիրներով:  Այս  իրավիճակում  Իրանի  նկատմամբ  պատժամիջոցների  վերացումը,  մասնավորապես  նավթի  արտահանման  ու  վաճառքի  մասով  գրեթե  վերջին  հարվածն  էր  ուղղված  Ռուսաստանի  Դաշնության  տնտեսությանը:

«Middle  East  Economic Survey»   ամսագրին  տված  հարցազրույցում  Սաուդյան  Արաբիայի  նավթի  նախարար  Ալի  Ալ-Նաիմին  ասել  էր, որ   իրենք  կարող  են  իրենց  թույլ  տալ  չանհանգստանալ  նավթի  գնի  անկմամբ  և  չեն  նվազեցնելու  նավթի  արդյունահանման  ծավալները:  Նույն  դիրքորոշումն  ունեն  նաև  ՕՊԵԿ –ի  անդամ  մյուս   երկրները,  որոնք  այն  հիմնավորում  են,  ներկայացնելով որպես  խթանող  հանգամանք   արտադրող  երկրների  տնտեսական  զարգացման  համար, և, եթե  այդ  քաղաքականությունը  շարունակական  լինի, ապա  հետևանքները  ռուսական  տնտեսության  ու  դրա  հետ  փոխկապակցված  մյուս  երկրների  տնտեսությունների  համար  կարող  են  չափազանց  ծանր  լինել:

Անշուշտ  այսպիսի  ցնցումն  ու  երկար  տևող   իրավիճակը  լուրջ  հետք  են  թողնելու  համաշխարհային   տնտեսության  վրա  և  տարբեր  դրսևորումներ  են  ունենալու:  Սակայն   մեր  տարածաշրջանում   կարելի  է  կանխատեսել  շատ  կոնկրետ  երևույթներ` ֆինանսական  շրջանառության  նվազում,  անշարժ  ու  շարժական  գույքի  էական  գնանկում, դոլարի  և  մի  շարք  այլ  արժույթների  արժևորում  և  այլն:  Դրա  հետ  մեկտեղ  Հայաստանի  Հանրապետության  համար  բացասական  դրսևորումների  շարքին  են  դասվելու   դրամի  արժեզրկումը, մեր  երկրի  տնտեսության   համար  դոպինգ  հանդիսացող  Ռուսաստանից  և  ԱՊՀ  այլ  երկրներից   եկող  տրանսֆերտների   կտրուկ  կրճատումը,  արտահանման  ծավալների  նվազումը, գործարար  միջավայրում  շրջանառվող  միջոցների  սառեցումը, բնակչության  գնողունակության  էլ  ավելի  նվազումը  և  այլն:  Պետությունը  կհայտնվի  առավել  ծանր  վիճակում  պետբյուջեի  հարկային  մուտքերի  կրճատման,  բյուջեի  սեկվեստրի  հետևանքով, իսկ  երկրում  սոցիալական  վիճակի  մասին  խոսելն  արդեն  ավելորդ  է:

Ինչ  ցնցում  տեղի  կունենա, եթե  Brent  տեսակի  նավթի  բարելի  գինը  հասնի  ասենք  15  դոլարի (ի  դեպ, դա ամենևին  էլ  անհավանական  չէ), կարող  եք  պատկերացնել  ինքներդ:  Իհարկե,  խոսքը  չի  գնում  Հայաստանի  մոնոպոլիզացված  շուկայի  մասին, որի  հիմնական  խաղացողները, «կթելով»  շարքային  քաղաքացուն,  պահպանելու  են  աներևակայելի  գները  իրենց  ապրանքների  ու  ծառայությունների  համար: Ճիշտ  այնպես, ինչպես  այս  պահին  արհեստական  կերպով  պահում  են  բենզինի  գինը  մոտ  հարյուր  տոկոսով  ավել, քան  այն  պետք  է  լիներ:  Խոսքը  գնում  է  այն  ցնցումների  մասին, որոնց  ենթարկվելու  է  առանց  այն  էլ  դժվարությամբ  իր  առօրյան  կազմակերպող  հայաստանցին:

Կամ  համաշխարհային  ու  տարածաշրջանային  տնտեսական  այս  վերաձևումները  երկրի  իշխանությունների  համար  ռադիկալ  տնտեսական  փոփոխություններ  իրականացնելու  առիթ  կդառնան, կամ…

Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031