Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

IFC-ն 50 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ բանկի կապիտալն ավելացնելու եւ ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու նպատակով

Հունվար 25,2016 12:19

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկ հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: Այս փոխառությունը տրամադրվել է բանկի կապիտալն ավելացնելու, երկրի տնտեսական սուբյեկտների վարկավորման հնարավորությունները եւ ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Երեկ այս մասին Ազգային պատկերասրահի դահլիճում, որտեղ հավաքվել էին մեր երկրի ֆինանսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հյուրեր, հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Նրա խոսքերով. «Մեզ համար մեծ պատիվ է IFC-ի վստահությունը վայելել, այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարդակ է խորհրդանշում մեր բանկի համար՝ այս շուկայում գործելիս: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների եւ Հայաստանի բանկային հատվածի համար»:

Փոխառության վերաբերյալ պայմանագիրը ստորագրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում IFC-ի ղեկավար Յան վան Բիլսենը եւ Անդրեյ Մկրտչյանը:
Ըստ կողմերի՝ երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ ունի ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի կայունությունը եւ օժանդակել «Ամերիաբանկ»-ի ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակը եւ աճի արագընթաց տեմպերը՝ IFC-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը եւ թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO):

Երեկ նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Ամերիաբանկ»-ի հետ կապիտալի բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց: Պայմանագիրը ստորագրեցին Անդրեյ Մկրտչյանը եւ ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը: Երկու գործարքների առիթով էլ միջոցառմանը ներկա Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ կարեւորագույն գործիք են տնտեսական կյանքի ու բանկային համակարգի համար. «Ես առաջնահերթությունը կտայի այն մշակույթին, որը ներդրվում է ցանկացած միջազգային ճանաչված կառույցի կատարած ներդրման հետ: Երկրորդը, իհարկե, ֆինանսական հոսքերն են կարեւոր, որոնք ուղղվում են այստեղ, երրորդը՝ սա հավելյալ քայլ է մեր ֆինանսական կայունության համար»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու նպատակով ՎԶԵԲ-ը, պայմանագրի համաձայն, 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում: Ըստ կողմերի՝ այս գործարքը հանդիսանում է բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարք, որը մինչեւ օրս տարածաշրջանում ստորագրվել է ՎԶԵԲ-ի կողմից: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն այս առնչությամբ էլ նկատեց, որ գործարքը հասունացել էր նախորդ տարիներին՝ բանկի դինամիկ զարգացման արդյունքում:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի խոսքերով՝ իրենք ուրախ են «Ամերիաբանկ»-ի բաժնետեր դառնալու առիթով. «Այս հնարավորությունը դիտում ենք որպես եւս մեկ քայլ տեղական բանկային հատվածի ամրապնդման ուղղությամբ: Ֆինանսավորման հասանելիության բարելավումը կարեւորագույն գործոն է, որը հնարավորություն կընձեռի տեղական ընկերություններին օգտագործել իրենց ներուժը: Որպես բաժնետեր՝ ՎԶԵԲ-ը կաջակցի «Ամերիաբանկի» զարգացմանը՝ շեշտը դնելով մասնավորապես կորպորատիվ կառավարման վրա»:
Նշենք, որ «Ամերիաբանկ»-ը կայուն աճ է գրանցել վերջին տարիների ընթացքում: Բանկի ընդհանուր կապիտալը ներկայում կազմում է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի վերջին բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը, ըստ ֆինանսական ոլորտի մասնագետների, ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ֆինանսական ոլորտի համար:

«Այսօր մեր ակտիվները գերազանցում են 1 մլրդ դոլարը, որն աննախադեպ պատմական երեւույթ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ: Այսօր բանկը Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն է՝ վարկավորելով տնտեսության գրեթե 30 ճյուղեր: Անցած տարիների ընթացքում բանկը գրեթե 2 մլրդ դոլարին համարժեք վարկավորում է իրականացրել, վարկային ծրագրերի միջոցով ստեղծել հազարավոր աշխատատեղեր Հայաստանում»,- ասաց Անդրեյ Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի բանկային համակարգում «Ամերիաբանկը» բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով, եւ Հայաստանի ֆինանսական համակարգում բանկը ամենախոշոր հարկատուն է:

Պարոն Մկրտչյանը նաեւ նշեց, որ իրենց բանկը միշտ հանդիսացել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման առաջատարը, հաջողվել է ստեղծել ուրույն կորպորատիվ մշակույթ՝ միջազգային լավագույն չափանիշներին ձգտող կորպորատիվ կառավարման համակարգ:

Ըստ պայմանագրի՝ առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը՝ 30 մլն ԱՄՆ դոլարով: Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկը» եւ ապագայում պատրաստել այն նախնական հրապարակային առաջարկին (IPO):
2016 թվականին «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:

«Այս տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից մեզ հաջողվել է ներգրավել ավելի քան կես մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ: Այդ գործընկերների շարքում առանձնահատուկ ու առանցքային դեր ունեն երկու գործընկերներ՝ ՎԶԵԲ-ը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան»,- ասաց Անդրեյ Մկրտչյանը: Այն հարցին, թե այս գործարքների արդյունքում կփոխվի՞ բանկի ռազմավարությունը, պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ բանկի ռազմավարությունը նույնն է մնալու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031