Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է Հայաստանին ռազմական օմբուդսմեն

Հունվար 27,2016 14:24

Այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2015 թ.-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բարձրացրեց Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտության հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, ՊՆ մարդու իրավունքների կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը նկատեց, որ օմբուդսմենի զինվորական հարցերով տեղակալ կա, ինչն արդեն կարգավիճակի բարձրացում է: Ըստ նրա, սա ՊՆ-ի քաղաքական կամքի հետ կապված հարց չի, այլ մեր մյուս ինստիտուտների, եթե համաձայնության հասնեն:

«Չգիտեմ`որքանո՞վ է նպատակահարմար առանձին օմբուդսմենի ինստիտուտը, երբ ՄԻՊ-ի գրասենյակի հետ բավական արդյունավետ աշխատում ենք: Ակտիվ եւ դինամիկ համագործակցություն կա»,- ասաց նա` հավելելով, որ իր ղեկավարած կենտրոնը չի հավակնում դառնալ զինվորական օմբուդսմենի կենտրոն, այն հայեցակարգային հարցերին է ուղղված:

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ անդրադարձավ բանակում խղճի ազատության, ընտրական իրավունքի իրացման եւ այլ իրավունքների խախտումներին: «Հանրաքվեի ժամանակ ես ահազանգեր եմ ստացել, որ բանակում քարոզարշավ կա, ստիպողական քվեարկություն: Մեծ հաշվով, զինակոչիկը հայտնվում է մի համակարգի ձեռքում, որը երկու տարի ինչ-որ բաներ է պարտադրում իրեն»,- ասաց նա`օրինակ բերելով նաեւ այն, որ «Հայ Առաքելական եկեղեցին մտնում է բանակ, մինչդեռ կան նաեւ այլ հավատի մարդիկ»: Նա նկատի ունի զորամասերում հոգեւոր սպասավորների ներկայությունը:

Իրավապաշտպանը խոսեց նաեւ այն մասին, որ բանակում ինքնասպան եղածների հարազատները չեն հավատում այդ վարկածներին, ինչ արդյունքում էլ ավելի է մեծանում հասարակության անվստահությունը բանակի նկատմամբ:

Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Զինդատախազության ներկայացուցիչներին: Հրավերն անարձագանք էր մնացել: Մինչդեռ քննարկման ժամանակ բարձրացված շատ հարցեր հենց այդ գերատեսչության տիրույթին էին վերաբերվում:

Պաշտպանության նախարարի օգնականը չհամաձայնեց Զառա Հովհաննիսյանի` բանակում խղճի ազատությանը վերաբերող դիտարկմանը: Նա կարծում է, որ այդ խնդիրը վաղուց լուծված է, վաղուց նման հարց չի բարձրացվում: «Խրամատներում, դիրքերում զինվորներն են հոգեւոր անկյուններ կառուցում, դա պարտադրական չի լինում»,- հավելեց նախարարի մամուլի խոսնակը: Բուռն բանավեճ եղավ:  Իրավապաշտպանները մնացին իրենց կարծիքին`զորամասերում առաքելական եկեղեցու սպասավորի գոյությունը այլ կրոնական դավանանքների վրա ճնշում է:

Նրանք համաձայն չեն նաեւ նրա հետ, որ Առաքելական եկեղեցու սպասավորը վճարվում է, այն դեպքում, երբ զինծառայողների վճարման խնդիր կա:

Զառա Հովհաննիսյանն առաջարկում է հետամուտ լինել նաեւ ազատամարտիկների ինտեգրման խնդրին, քանի որ նրանք հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, ընդհանարապես բանակում հոգեբանական խնդիրներին եւ հետամուտ լինել միայն խնդիրների ոչ թե հետեւանքների վերացմանը, այլ նաեւ պատճառների վերհանմանն ու կանխարգելմանը: ՊՆ-ի ներկայացուցիչները նկատեցին` հոգեբաններ կան, գուցե դեռ քիչ են, բայց հարցի կարգավորումն ընթացքի մեջ է:

Անդրադառնալով բանակում ընտրական գործընթացների վերաբերյալ Զառա Հովհաննիսյանի դիտողությանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ շատ ավելի քիչ են եղել ընտրություններում զինվորների ներգրավման դեպքերը:

Արթուր Սաքունցը բերելով Վանաձորի իր ուսումնասիրությունների արդյունքները, դիտարկում արեց` քաղաքացիական բնակչության կողմից ընտրական պատկերը գլխիվայր շրջվում է զինվորների մասնակցության պարագայում. «Չնայած զինվորները տեղամասում են քվեարկում, զորամասից դուրս են գալիս, բայց միատեսակ վարքագիծ ունեն քվեարկության հետ կապված: Ակնհայտ հրաման է համարվում, երբ զինտեխնիկայի շարժով հոլովակ է տեղադրվում որեւէ թեկնածուի համար»:

«Կարեւորն այն է, որ զինվորները զորամասից դուրս են գալիս միայնակ, գնում են տեղամաս, քվեարկում: Դուք Վանաձորից եք խոսում, Հրազդանում կարող է մեկն այլ արդյունք է ստացել»,- հակադարձեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031