Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ազգային վիճակախաղի անցկացման շնորհիվ 201 կին աշխատանք ունի

Հունվար 27,2016 16:32

Արցախի ազգային վիճակախաղի Երևանի գրասենյակն այսօր Երևանի պետական համալսարանում անցկացրեց 2015 թվականի վիճակախաղի համալսարանականների շահումների հանձնման արարողությունը:

«Աշխարհի շատ երկրներում վիճակախաղերը միայն պետական են: Եվ այդ պետական կարևոր լծակն օգտագործում են իրենց երկրներում անլուծելի խնդիրները լուծելու համար, քանի որ վիճակախաղը փող աշխատելու այն հեշտ միջոցն է, որը պետությունը պարտավոր է պահել որպես իր սեփականություն»,- ասաց միջոցառմանը ներկա ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ Արցախի ազգային վիճակախաղը հիմնադրվել է 2014 թվականին ԼՂՀ կառավարության կողմից. «Վիճակախաղի անցկացման հիմնական նպատակը կանանց համար աշխատատեղերի ստեղծումն է: Դրա շնորհիվ այսօր Արցախում միայն 201 կին ամբողջ տարին գորգ է գործում, որպեսզի կատարի Ազգային վիճակախաղի պատվերը»,- ասաց փոխվարչապետը:

Նրա փոխանցմամբ՝ 2015 թ. թողարկված 140.000 վիճակախաղի տոմսերից 100 հազարն իրացվել է:

Վիճակախաղի անցկացման մյուս կարևոր նպատակը Արցախում վերաբնակեցման քաղաքականությանն աջակցելն է:

Արթուր Աղաբեկյանի բնորոշմամբ՝ Արցախի ազգային վիճակախաղը ձեռք է բերել համահայկական տարածում ու նշանակություն: Մինչ օրս տեղի է ունեցել երկու խաղարկություն, որին մասնակցել են շուրջ 400 հազար հայեր: Խաղարկությունների արդյունքում շահել են 700-ը, իսկ շահումային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմել է 350 մլն ՀՀ դրամ:

Վիճակախաղի կազմակերպման արդյունքում ձևավորված ողջ շահույթն ուղղվում է Արցախի համայնքների զարգացմանն ու հայրենադարձության ծրագրերի իրականացմանը: Երկու տարվա ընթացքում Արցախի ազգային վիճակախաղի շահումային ֆոնդի ձևավորման միջոցով Արցախում շուրջ 250 հոգի ապահովվել են կայուն վարձատրվող աշխատանքով:

Հավելենք, որ Արցախի ազգային վիճակախաղի խաղարկությունն ամեն տարի տեղի է ունենում դեկտեմբերի 28-ին, որը խորհրդանշական օր է Արցախի համար. Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների օրն է:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031