Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2015թ. արդյունքների

Հունվար 29,2016 13:23

ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր թվով 304 դեպք, որոնցից 201-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու հետևանքով, իսկ 103-ը անհատական դեպքեր են: 2015թ. ամենաշատը խախտվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (70 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (37 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (37 դեպք) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (22 դեպք): Արձանագրված 304 դեպքերից 228-ը տեղի են ունեցել Երևանում, 26-ը՝ Շիրակի մարզում, 12-ը՝ Լոռու մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 6-ը՝ Տավուշի մարզում, 5-ը՝ Սյունիքի մարզում, 4-ը՝ Գեղարքունիքի մարզում, 4-ը՝ Արմավիրի մարզում, 2-ը՝ Արարատի մարզում, 1-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Վայոց ձորի մարզում, 1-ը՝ Սյունիքի և ԼՂՀ-ի սահմանին, իսկ 5 դեպքի տեղի ունենալու վայրը հայտնի չէ: Անհատական դեպքերի ժամանակ խախտվել է 15 իրավունք, որոնցից ամենաշատը խախտվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (24 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (23 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (18 դեպք), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (11 դեպք): Հավաքների ժամանակ խախտվել է 13 իրավունք, որոնցից ամենաշատը խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (47 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (19 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (13 դեպք):

2015 թվականին տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների հանգեցրած ոչ իրավաչափ գործողությունների թվում են՝ հավաքի երթուղին խոչընդոտելը կամ թիրախ կառույցին մոտենալուն խոչընդոտելը, հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը, բերման ենթարկելիս բռնություն կիրառելը, բերման ենթարկված անձանց իրավաբանական աջակցություն ստանալու իրավունքից զրկելը, հավաքի ժամանակ պաստառներ փակցնել թույլ չտալը, հավաքի մասնակիցների հետ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների խախտմամբ հաղորդակցվելը, հավաքը ցրելը և այլն: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ 2015 թվականի ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների ամենաշատ դեպքերը տեղի են ունեցել հավաքների ընթացքում: Քանի որ հավաքներն ունեն մեծ հանրային հնչեղություն և առավել շատ են լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից, ուստի նրանց մասին առկա է տեղեկատվական լայն բազա, ինչը չենք կարող արձանագրել անհատական դեպքերի հետ կապված: Մշտադիտարկման ընթացքում 2015թ. արձանագրված 103 անհատական դեպքերից 50-ը կապված են եղել ակտիվիստների, քաղաքական անձանց, ՀԿ-ների ներկայացուցիչների կամ հանրային այլ անձանց հետ: Ընդ որում՝ ոչ հանրային անձանց իրավունքների խախտումների դեպքերի մեծ մասը վերցվել են Հատուկ քննչական ծառայության կայքից և միայն մի փոքր մասն են հավաքագրվել ԶԼՄ-ների տարածած նյութերից: Վերոգրյալը փաստում է այն մասին, որ ոստիկանության ծառայողների կողմից ոչ հանրային անձանց կամ շարքային քաղաքացիների իրավունքների խախտումները ԶԼՄ-ների կողմից պատշաճ կերպով չեն լուսաբանվել՝ ի տարբերություն հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների ապօրինությունների դեպքերի:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031