Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Իրանի կանանց «Grand Prix»-ում հայ մասնակից չկա»

Փետրվար 04,2016 12:30

Փետրվարի 11-ին Թեհրանում մեկնարկելու է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի 2-րդ փուլը, որտեղ 12 ուժեղագույն շախմատիստներ պայքարելու են փուլի հաղթողին որոշելու համար:

Թեհրանի մրցաշարի գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է, որի հետ «Առավոտը» զրուցեց մեկնելուց առաջ: Նրա խոսքերով, մրցաշարը պետք է կայանար Իրանի Քիշ կղզում, սակայն իրեն անհայտ պատճառներով տեղափոխվել է Թեհրան:

– Հայաստանից մասնակից լինելո՞ւ է:

– Ոչ, քանի որ մեր շախմատիստուհիները, խոսքն առաջին հերթին երկու առաջատարների՝ Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի մասին է, իրենց վարկանիշերն իջեցրել են: Մի կողմից լավ չէ, որ չեն մասնակցում, մյուս կողմից էլ՝ դա թող խթան լինի, որպեսզի մեր շախմատիստները բարելավեն իրենց արդյունքները, վարկանիշը՝ հաջորդ մրցափուլում մասնակցելու իրավունք ստանալու համար:

– Ինչո՞վ է պայմանավարված, որ այս փուլի կազմակերպումը վստահել են Իրանին:

– Իրանը վերջին տարիներին դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող շախմատային երկիրը՝ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ զուգահեռ: Մի շատ հետաքրքիր օրինակ բերեմ: Օրերս ավարտվեց Իրանի տղամարդկանց առաջնությունը, որում հաղթեց 12-ամյա մի պատանի, իսկ մրցանակային տեղ զբաղեցրածներից ամենաավագը 16 տարեկան է: Եվ դա այն դեպքում, որ առաջնությանը մասնակցում էին մի շարք գրոսմայստերներ, այդ թվում՝ Իրանի երկարամյա թիվ 1 շախմատիստ Գաեմը: Նույն տեմպերով աճում է նաեւ կանանց շախմատը: Այս «Grand Prix»-ն Իրանին վստահելը, կարծում եմ, շախմատի զարգացմանն այդ երկրում նոր թափ հաղորդելն է:

– Ներկայիս ուժեղագույն կին շախմատիստներից ովքե՞ր են հանդես գալու Թեհրանում:

– Անունները ՖԻԴԵ-ի կայքում հրապարակված են, բայց, անկեղծ ասած, ես ուշադրությամբ չեմ նայել, քանի որ սպասում էի փետրվարի 1-ին հրապարակվելիք կանանց վարկանիշային նոր միավորներին, որպեսզի ավելի մոտիկից զբաղվեմ այդ մրցաշարով:

– Ձեզ վստահում են աշխարհի խոշորագույն շախմատային մրցաշարերի, ընդհուպ, հավակնորդների մրցամարտի գլխավոր մրցավարի պատասխանատու դերերը: Այս տարի ուրիշ ի՞նչ նշանակալի մրցաշարեր եք սպասարկելու:

-Եթե անցած տարի իմ ծանրաբեռնվածությունը հիմնականում երկրորդ կիսամյակում էր, այս տարի արդեն Հայաստանում վարել եմ տղամարդկանց բարձրագույն խմբի եւ արագ շախմատի առաջնությունները, Արմեն Նիկողոսյանի անդրանիկ հուշամրցաշարը: Հիմա մեկնում եմ կանանց «Grand Prix», փետրվարի վերջին ամենայն հավանականությամբ կլինեմ «Aeroflot Open»-ի գլխավոր մրցավարը, քանի որ այդ փառատոնի երկար տարիների գլխավոր մրցավար Գերտ Հեյսենը, որի տեղակալը կամ «A» մրցաշարի գլխավոր մրցավարն եմ եղել, առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ժամանել Մոսկվա: Ես նրանից երեկ եմ տեղեկացել այդ մասին: Դեռ վերջնական որոշում չի կայացվել, սակայն խոսակցություններ կան, որ նրա փոխարեն ինձ կնշանակեն: Իսկ դրանից հետոին կարելի է ավելի ուշ անդրադառնալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29