Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը 2 ընդունված արտահայտություն արգելել է բանակում օգտագործել

Փետրվար 09,2016 16:05

«Բանակի ղեկավարությունը իր դռները, իր պարիսպները, իր գիրկը բացել է ժողովրդի համար, եւ բացի այն խնդիրներից, որոնք որ գաղտնիություն են պարունակում, մնացած բոլոր առումներով մենք մեր ժողովրդի հետ ենք, մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք»,- փետրվարի 9-ին Երեւանի պետական համալսարան կատարած այցելության ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենք բարձրացնում են հրամանատարների դերակատարությունը, որպեսզի բանակը դառնա զտիչ մի կենտրոն, եւ իր զտիչ հատկությամբ չթողնի, որ արատավոր երեւույթները մտնեն բանակ:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակում արգելել է օգտագործել 2 ընդունված արտահայտություն. «Առաջինը՝ հայտնի արտահայտությունը, որ բանակը հասարակության հայելին է: Արգելել եմ. այս արտահայտությամբ մենք արդարացնում ենք այն դեպքերը, որոնք մերթընդմերթ բանակում լինում են: Եվ բանակը մենք արդեն վերածել ենք մի դերակատարության, որ մեր տունն է, մեր ամրոցն է, մեր ամրոցում՝ մեր օրենքներով, ով չի ուզում ապրել մեր օրենքներով, կարող է գնալ ապրել ուրիշ ամրոցի, ուրիշ բերդի օրենքներով, այսինքն՝ այդ զտիչ դերակատարությունը մենք փորձում ենք իրականացնել, չէ՞ որ ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմային կարգապահությամբ, համապատասխան կազմակերպվածությամբ օժտված հնարավորություններով, եւ այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետեւողական մղել, քան ազատ հասարակության մեջ:

Եվ երկրորդը, որ արգելել եմ՝ ասում են՝ բոլոր բանակներում այդպիսի դեպքեր լինում են: Արգելել եմ, որովհետեւ մենք ազգային բանակի վերջնական ձեւավորման կամ կատարելիության հասնելու վերջնագծում ենք գտնվում, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, մեր ազգային ավանդույթները, դարերով մեզ փոխանցված ռազմական գիտության հենքի վրա եւ նաեւ ժամանակակից չափորոշիչների հիման վրա ձեւավորվող այսօրվա ռազմական ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29