Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում են փոփոխություններ

Փետրվար 13,2016 10:00

Մեր հասարակական կյանքի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթներից է առանց կարդալու, առանց լսելու ու առանց մտածելու «քլնգելը»: Այդպես է լինելու նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հետ կապված՝ նման «քլնգոցներ» դուք կկարդաք մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, նաեւ «Առավոտի» էջերում: Ընդդիմադիրներն ընկնում են հուզականության գիրկը, որի հետեւանքով նույնիսկ իրենց շահերից ելնելով չեն ցանկանում սթափ գնահատել իրավիճակը եւ կանխագուշակել իրենց քաղաքական մրցակիցների քայլերը: Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիվ, հարձակողական բառապաշարը համարվելու է քաջության եւ «պայքարող տեսակի» դրսեւորում, լյումպենացված զանգվածը, նման բառեր լսելիս, բացականչելու է՝ «վախ, մալադեց, տղամարդու պես պորտը տեղը դրեց»:

Իմ տպավորությամբ՝ նախագահի ելույթը նշանակում է, որ մոտակա ամիսների կամ գուցե շաբաթների ընթացքում կառավարման բազմաթիվ օղակներում սպասվում են լուրջ կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ, եւ ոչ միայն Դաշնակցության՝ պաշտոններ ստանալու հետ կապված: Բերեմ ելույթից մի նախադասություն. «Գործը թողած եւ ուրիշների մասին պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ»: Ես կարող եմ միայն կռահել, թե ում է ուղղված այդ ուղերձը, բայց իմ ոլորտի «մասով» չեմ կարող չնկատել, որ իշխանության մի թեւին (կամ «թեւիկին») պատկանող լրատվամիջոցն այնպես է «քլնգում» մյուս թեւը, որ ոչ մի ընդդիմադիրի մտքով անգամ չի անցնի: Եվ դա նախագահի նկարագրած վիճակի մասնավոր դրսեւորումներից մեկն է:

Եթե ես քաղաքական գործիչ լինեի, ես կփորձեի հասկանալ՝ ինչպիսի փոփոխություններ են սպասվում իշխանական համակարգում, եւ ըստ այդմ կկառուցեի իմ հետագա գործունեությունը: Այն մասով, որով այդ փոփոխությունները պետությանը կարող են օգուտ բերել, կողջունեի, այն մասով, որով վնասում են, կքննադատեի: Լյումպենին, իհարկե, պետք է «կույր քլնգոցը» եւ հայտնի անունների 1000-րդ հոլովումը, բայց մտածող մարդիկ, կարծում եմ, կարիք ունեն ավելի խորը վերլուծության՝ խնդիրների եւ դրանց լուծումների ճանապարհների արծարծմամբ:
Իմ խնդիրներից մեկը ես տեսնում եմ լյումպենական զանգվածի կրճատման եւ մտածող մարդկանց ավելացման մեջ: Եվ պարտադիր չէ անպայման կենտրոնանալ քաղաքական թեմաների վրա, կարելի է խոսել, ասենք, մշակույթի, հոգեւոր կյանքի, կրթության, պատմության, ցանկացած այլ թեմայով: Կարեւոր է, թե ԻՆՉՊԵՍ խոսել: Ինչպես հայտնի է, բանավեճի տոնայնությունն ավելի կարեւոր է, քան դրա բովանդակությունը: Երբ ռուսատանցի փիլիսոփա Գրիգորի Պոմերանցի այս միտքը մեզ այլեւս տարօրինակ չթվա, մենք մի քայլ կկատարենք դեպի քաղաքական նոր մշակույթը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իրենք զիրենք «ընդդիմութիւն» համարող քաղաքական դերակատարները եթէ այս խմբագրականին մէջ բացատրուած ըմբռնողութիւնը նուազագոյն չափով ունեցած ըլլային մինչեւ հիմա, Նախագահին յայտնած այս յառաջիկայ փոփոխութիւններից իսկ կրնային արդէն օգտուիլ – բառին լաւագոյն իմաստով -, եւ կրնային արդէն իսկ մասնակցիլ կացութեան իսկական բարեփոխման միտող ընդհանուր ջանքերուն:

    2013-ին իսկ, եթէ Պարոն Յովհաննիսեանը լուրջ կերպով «խաղար խաղը» (յիշում էք, չէ՞, թէ ինչպէս զինք յատուկ հանդիպման հրաւիրեց Սարգսյանը…), անցած 3 տարիներու ընթացքին ան շատ աւելի արդիւնաբեր եւ օգտակար դեր կրնար ունենալ, ի շահ երկրին եւ ժողովուրդին, քան թէ այդ անհեթեթ միմոսութիւնները որոնց նուիրուած է անկէ ի վեր:

    (ՀՅԴ-ի հետ կապ չունի սակայն այս մեկնաբանութիւնը: Անոր պարագային, անհանգստացնող կէտը այն է որ ան դուրս ելաւ իշխանութիւնից, ոչ մէկ բան չիրագործեց այդ քայլով – որ այդպէսով դարձաւ ձեւականութիւն – : Հիմա ել յանկարծ ետ կը վերադառնայ… Ինչ է, այն ատեն չէր հասկցած որ դրսից ոչ մի բան կարելի չէ փոխել, եւ հիմա՞ յանկարծ հասկացաւ… Մի խոսքով՝ «ձի հեծնելը մէկ ամօթ, իջնելը՝ ուրիշ ամօթ»-ի խնդիր մը կայ այստեղ… ) :

    • eeh says:

      Comrade Հ.Շ., «ձի» հեծնել չի, «էշ» ա։ Թե՞ կրթությունդ կգբ-ի բարձրագույն դպրոցում թերի ա մնացել ժողովրդական բանահյուսւթյան առումով կամ Հայաստան պրակտիկայի չեն ուղարկել։

  2. Մարգար Մախսուդյան says:

    Այս հոդվածը կարդալիս մտովի տեղափոխվեցի ՛՛հին ու բարի՛՛ ժամանակներ, երբ խորհրդային լրատվամիջոցները փորձում էին ԽՄԿԿ X-րդ Համագումարի դիրեկտիվները անշեղորեն կյանքի կոչել:
    1. == Իմ տպավորությամբ՝ նախագահի ելույթը նշանակում է, որ մոտակա ամիսների կամ գուցե շաբաթների ընթացքում կառավարման բազմաթիվ օղակներում սպասվում են լուրջ կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ, եւ ոչ միայն Դաշնակցության՝ պաշտոններ ստանալու հետ կապված:==
    Հարգելի հեղինակ, կարո՞ղ եք ինձ ասել, թե Սերժ Սարգսյանը, որին ի դեպ՝ ոչ միայն Դուք, այլև շատերն են Նախագահ անվանում, 2008 թ. ընտրարշավից սկսած առայսօր քանի այսպիսի՝ լավատեսությամբ տոգորված ելույթ է ունեցել, և դրանց ո՞ր տոկոսն է ՛՛կյանքի կոչել՛՛, որ հիմա էլ հղում եք կատարում նրա ասածներին: Դիտարկենք ընդամենը մեկ դրվագ նրա ասածներից. ՛՛Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ պետք է ՛՛Դուք՛՛-ով խոսել՛՛: Հարց եմ տալիս. կարո՞ղ եք մի տեսանյութ տեղադրել, որտեղ ձեր նախագահը հասարակ մարդկանց հետ դուք-ով խոսելիս լինի, էլ չեմ ասում հայտնի կառավարության նիստը, որտեղ նախարարներին էր անգամ դու-ով դիմում, անուններն էլ կլորացնելով՝ ՛՛հայաթի լավ տղու՛՛ կերպարին համահունչ:
    Կամ ասում եք ՛՛լուրջ կադրային փոփոխություններ՛՛: Կներեք էդ որն ա, նոր տիգրանսարգսյաններ ե՞նք ունենալու, որի միայն օֆշորն ու Նաիրիտը բավական էին ժողովրդի անսահման սերն ու հարգանքը վայելելու համար, թե իրավապահ կոչվող համակարգը այլևս չի հալածելու իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարի ելած համարձակներին, այլ սանձելու է սադրիչ ու գողությունները վերահասցեավորող ոստիկաններին կամ մոգոնող ԱԱԾ-ականներին, այդ դեպքում հարց է առաջանում. բա էդ ո՞ւմ հանձնարարություններն են մինչ օրս կատարել վերջիններս:
    2. Սերժ Սարգսյանը հանդես է գալիս կոչով. Ընտրությունները պետք է լինեն օրինակելի:
    Ներեցեք, բայց Ձեր ծիծաղը չի գալի՞ս: Անձամբ ինձ դա հիշեցնում է բրեժնևյան կարգախոսը. ”Экономика должна быть экономной” այն դեպքում, երբ այդ երկրում ամեն ինչ կար, բացի էկոնոմիկայից: Ինչպե՞ս է հնարավոր, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն տնազի վերածած ու խայտառակված թիմը ձգտի արդար ընտրությունների: Ձգտի որ ի՞նչ անի…
    Մի խոսքով՝ անսպառ նյութ կա, բայց նույնիսկ գրելս չի գալիս…

  3. gib.gibindus says:

    Գրիգորի Պոմերանցը ռուս փիլիսոփա չէ`ռուսատանցի (թ՞ե ռուսաստանյան) փիլիսոփա է: Իսկ մնացածից բան չհասկացա: Հ.Շ.-ին էլ բացատրեք, որ իր “լեզուն” արևմտահայերենը չէ, իզուր է տանջվում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Պոմերանցի մասին Ձեզ նկատառւմը ճիշտ է:Շնորհակալություն, ուղղեցի:

    • Հ.Շ. says:

      Լեզուիս մասին դիտողութիւնները իրօք ամենածիծաղելին են… Սակայն եթէ այս պարագային սիրելի ընթերցողը կ’ուզէ ըսել թէ իսկական լեզուս արեւելահայերէնն է, ակնարկութիւնը անհաճոյ չէ, եւ զայն կ’ընդունիմ որպէս շնորհաւորանք:

      Ապագայի հայերէն լեզուն պէտք է որ ըլլայ արեւելահայերէն, սակայն Մեսրոպ Մաշտոցի ստեղծած ուղղագրութեամբ (այսինքն, ոչ իսկ անպայման այժմու արեւմտահայերէնի քերականութեամբ):

      Մինչ այդ, սակայն, կը շարունակեմ պահպանել մահամերձ արեւմտահայերէնը, երբեմն արեւելահայերէն տարրեր խառնելով անոր, առ ի յարգանք Հայաստանի ազգակիցներիս:

      • gib.gibindus says:

        Հարգելի Հ.Շ., հավատացնում եմ ձեզ, որ գրելաոճից և լեզվական այլ մանրուքներից երևում են տարիքը, սեռը, հայրենիքը և այլն: Եթե շատ եք ուզում արևմտահայ երևալ, ապա ռուսերեն “դավայ” բառը մի օգտագործեք՝Թոթովենցը կնեղանա:

  4. Գալուստ Ենոքյան says:

    «Եթե ես քաղաքական գործիչ լինեի, ես կփորձեի հասկանալ՝ ինչպիսի փոփոխություններ են սպասվում իշխանական համակարգում, եւ ըստ այդմ կկառուցեի իմ հետագա գործունեությունը:»
    Հարգելի Արամ, կարծում եմ, որ մի փոքր ավելի անկեղծ կարող էիք լինել, ինչքան էլ որ քաղաքականն գործիչ չեք, կարծում եմ իհարկե ինձանից լավ գիտեք թե այդ «փոփոխությունների» քամին որտեղից է գալիս…: Իհարկե «շախմատիստ» նախագահը հասկացել է , որ իր Մոսկվայի «ղեկավարի» օրերը հաշվված են, օդում ՀԱԱԳԱ ի դատարանի «հոտ» է…«պատասխանի» ժամը գալիս է…իհարկե հարկավոր է վերջապես պատրաստվել…Կներեք իմ համարձակությանը որ խորհուրդ եմ տալու…իմ կարծիքով լավ կանեիք որ ձեր հարգելի թերթում սկսեք քննարկել թե ինչպիսի քաղաքական եվ սոցիալական փոփոխություններ հարկավոր կլինի, որ նորից 90 ականների սկզբի սխալները չկրկնվի, իհարկե լյուստրացիա, ԿԳԲ ի արխիվների բացում..ազատ անկախ ընտրություններ, 25 տարիների թալանի մեղավորների բաց դատավարություն, հատկապես պետությունը ուզուրպացրածների…

  5. Հ.Շ. says:

    Երեւի շաբաթավերջում միայն դու ես գործում, յարգելի Արամ: Այլ յօդուածների տակ ուղարկուած մեկնաբանութիւնները մնում են անյայտ: (Բացի եթէ այդ կողմերը պաշտօնի վրայ գտնվող անձը խոշո՜ր եւ սուր մկրատներ ունի… ) :

    Սակայն ոչինչ, ջահելութիւն է, թող իրենց հանգիստը վայելեն: Արեւմուտքում, շաբաթ օրը արդէն բոլոր գրասենեակները լիովին փակ են, միայն գործում են առեւտրական հաստատութիւնները:

  6. Կարո Մելիքյան says:

    Հարգելի Արամ. այն,որ Ձեր մոդեռատորները շատ ժրաջան էն եւ մի փոքր սրություն ունեցող մեկնաբանությունը արգելափակում էն,դա ինչ՞ խոսք, վատ չէ «Առավոտի» համար, ուր՞ է պետական չինովննիկներն էլ ունենային նույն փութաջանությունը, ինչ եւ է…
    Բայց իմ մեկնաբանությունը վերաբերվում է տարբեր պետական չինովնիկների ճառերին ու ելույթներին՝ այդ թվում նաեւ Նախագահի,որ նման է քամու,ինչ՞ վատ բան կա,եթե համեմատում ենք քամու հետ,նայած այն ինչպես կօկտագործվի,կա քանի,որի միջոցով հողմագեներատորներ էն աշխատում,այսինքը՝դա բարիքի աղբյուր է դառնում երկրի համար,իմ ու Ձեր համար…Սա իհարկե եվրոպական զարգացած երկրներում,բայց մեր երկրի Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքը ամենաբարենպաստ պայմաններն ունի ,ամբողջ տարվա ընթացքում ստանալ էլ.էներգիա,որը կբերի ոչ թե հոսանքի թանկացման,այլ էժանացման եւ երկրի կախվածությունն էլ արտաքինից կնվազի…այսինքը,ասածս որն է,քամին բարեբեր,էներգիայի աղբյուր,ինչու՞ չէ՝ամառային տապին զովացնող,հոգեթով միջոց է,բայց նաենք նաեւ բացասական կողմերը,երբ փոթորիկ է լինում եւ մարդկանց վնաս է հասցնում, լինում է նաեւ՝ժողովրդի լեզվով ասած ԹԻՓԻ,որը հազիվ է ձյան փաթիլները անկանոն շաղ է տալիս ամեն կողմ եւ չունենալով որոշակի ուղղվածություն ու հզորություն,այն պիտանի չէ ,որպես էներգիայի աղբյուր դիտարկելու տեսանկյունից…
    Այստեղ որեւե հայհոյանք կամ վիրավորական արտահայտություն կար՞ ինչ որ մեկի հասցեին…
    իսկ ինչպես՞ է,որ մեկնաբանողների ,մի քիչ տպավորիչ լինելու համար,քննադատությունը որակվում է «քլնգոց»,հավանաբար այստեղ էլ է գործում այն չարաբաստիկ կրկնակի ստանդարտը,պարզապես երեկ շատ ուշ ժամի լինելու պատճառով ,այս ամենը տեզադրել էի մի չորս տողի մեջ,եւ մի բան էլ,որ Ձեր տպագրած նյութերը իրենց մեջ ԷՆԵՐԳԻԱ պարունակեն ու պատկան մարմիններին սթափեցնեն,մի խոսքով ,ժողովրդի ասած թիփի չլինեն. քավ լիցե,ես Ձեզ հարգանքով էմ վերաբերվում եւ եթե ինչ որ բան չի ստացվում,մեծ առումով դա Ձեր մեղկը չի,դա մենք էլ էնք հասկանում, ինչ որ է,եթե չեք ուզում,կարող եք սա էլ չտպագրել։

  7. Հ.Շ. says:

    Խնդիրը այն չէ թէ վերահսկողութիւն եւ մկրատներ կան՝ մեկնաբանութիւնների նկատմամբ: Այլապէս, հաղորդակցական միջավայրը դառնալու է անտանելի:

    Սակայն մոդեռատորի միջամտութիւնը հիմնված է ենթակայական չափանիշների վրայ, եւ հետեւաբար ՝ այդ չափանիշներն ու անոնցմէ սեռող դատողութիւնը տարբերվում են, փոփոխակի են, ըստ օրուայ, պահի կամ էջի մոդեռատորին:

    Վերջին հաշւով, բացի ուղղակի հայհոյանքների պարագային, ի՞նչն է «վիրաւորանք», եւ ո՞րն է սուր քննադատութիւն: Բազմաթիւ եւ բազմատեսակ ազդակներ կան այդ անկայուն սահմանումների վերաբերեալ:

    Միւս խնդիրը այն է թէ կարգ մը մոդեռատորներ – որոնք մինչդեռ լրագրողի տիտղոս ալ ունին – չեն հասկանում թէ հանրային անձերը, քաղաքական անձնաւորութիւնները՝ աւելի լայնօրէն ենթակայ են ծանր քննադատութեանց, քան թէ սովորական մահկանացուները:

    Յետոյ, վստահաբար կան նաեւ ճնշումներ, հեռախօսային յատուկ կապեր, քննադատութիւններու առարկայ քաղաքական անձերու – կամ անոնց շրջապատին – եւ թերթերու աշխատակազմին միջեւ: Որոնց պէտք է ընդառաջեն լրագրողները, ճար չունին, եթէ կ’ուզեն որ այդ անձիքը շարունակեն իրենց տեղեկութիւններ հայթայթել, հարցազրոյցներ շնորհել, եւայլն… Հասկնալի է…

    Ամէն դէպքում – եւ իսկապէս լուրջ կ’ըսեմ – ՝ պէտք է շնորհակալ ըլլանք որ այս ամէն նկատողութիւններով հանդերձ, այս թերթը տակաւին, գոնէ որոշ չափով, ձայն է տալիս իր ընթերցողներին: Բոլորը չէ, շատ քիչերն են, որ այդ պատեհութիւնը կ’ընծայեն: Հետեւաբար՝ հասկացողութեամբ (եւ ի հարկին՝ներողամտութեամբ ) ենթարկուինք անխուսափելի, պատահական կաշկանդումներին: Խօսքի ազատութիւնը երբեք բացարձակ չէ, ոչ մէկ տեղ: Մտքի ազատութիւնը այդպէս է միայն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29