Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կենսագրությունը

Փետրվար 23,2016 16:09

Փետրվարի 23-ին 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանը ծնվել է 1981թ. Երեւան քաղաքում:

Մասնագիտական կրթությունը

1998թ. ընդունվել եւ 2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2002-2004թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2004թ. ընդունվել է ցերեկային ուսուցմամբ ասպիրանտուրա՝ որպես ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:

2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը շարադրված է ռուսերեն լեզվով՝ «Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» թեմայով:

2011թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

2012-2013թթ. «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել եւ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (UPenn Law)՝ մագիստրոսական ծրագրով: Իրավունքի դպրոցին զուգահեռ՝ սովորել է նաեւ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն բիզնես դպրոցի (Wharton Business) գործնական կրթության ինստիտուտում:

Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում 2013 թ. նրան շնորհվել է պատվավոր մագիստրոսի վկայագիր:

Աշխատանքային գործունեությունը

2003թ. հունվար ամսից Արման Թաթոյանն աշխատել է «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» (ՇՄԻՊԿ, EPAC) ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ:

2004թ. աշխատանքի է անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես իրավական հարցերով մասնագետ, իսկ ապա՝ ավագ մասնագետ: Աշխատել է քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնում: Նրա մասնագիտացումը կապված է եղել ազատությունից զրկման վայրերում (այդ թվում՝ բերման ենթարկված) անձանց իրավունքների խախտումներին առնչվող հարցերի հետ: Արագ արձագանքման բաժնի ներկայացուցիչների հետ միասին Արման Թաթոյանը բազմիցս այցելել է փակ հաստատություններ (քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածների պահման վայրեր, հոգեբուժական հաստատություններ եւ այլն): Անմիջականորեն մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան եւ արտահերթ զեկույցների կազմմանը:

2007թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խորհրդական: Աշխատել է մինչեւ 2007թ. դեկտեմբեր ամիսը. հիմնական գործառույթը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նախագծերի կազմումը:

2007թ. դեկտեմբերից աշխատել է Միավորված ազգերի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ: Այդ կարգավիճակում ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության կանխարգելման ոլորտի՝ ՄԱԿ-ի կողմից օրենսդրական առաջարկների ներկայացման, համապատասխան ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:

Ծրագրի ավարտից հետո 2009թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես վարչության դատախազ:

Մինչեւ դատախազ նշանակվելը՝ Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ ղեկավարել է Քրեական գործերով արդար դատաքննության իրավունքի պաշտպանության վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները:

2009թ. որպես իրավական հարցերով խորհրդատու՝ համատեղությամբ աշխատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում փախստականների կարգավիճակի ամրապնդման ծրագրում:

ԵՄ ծրագրի շրջանակում 2009թ. ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի (OPCAT սկզբունքներին համապատասխան) գործունեությանը: Պատասխանատու է եղել քրեակատարողական հիմնարկներ ու այլ փակ հաստատություններ մոնիտորինգային այցերի իրականացման համար: Համակարգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի զեկույցների կազմման աշխատանքները: Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ՝ իրականացրել է նրան առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի ստեղծման, համապատասխան իրավական ակտի մշակման աշխատանքները:

ՄԱԶԾ (UNDP) ծրագրի շրջանակներում 2010թ. սկզբում ղեկավարել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմման մասնագիտական աշխատանքային խումբը: Զեկույցը վերաբերում է դատապարտյալների իրավունքների ապահովման միջազգային չափանիշների ուսումնասիրությանը:

2010թ. ապրիլից մինչեւ 2013թ. նոյեմբեր ամիսը համատեղության կարգով աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում:

Այնուհետեւ, մինչեւ 2012թ.-ը, աշխատել է որպես Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ:

2010-2014թթ. ad hoc սկզբունքով եղել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ գրասենյակի (UNDOC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ:

2010թ. մինչ օրս հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ: Օրենսգրքի նախագծի հայեցակարգը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ դրա հիման վրա մշակված նախագծի տեքստն արդեն գտնվում է ՀՀ խորհրդարանում:

2011թ. ընթացքում, որպես ԵԱՀԿ իրավական հարցերով փորձագետ, կանադացի դատախազի հետ միասին մասնակցել է դատախազության բարեփոխմանն ուղղված ծրագրին եւ դրա արդյունքում զեկույցի կազմմանը:

2011թ. ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունից: Կոմիտեի պատվիրակության կազմում իրականացրել է մոնիտորինգային այցելություններ եվրոպական երկրների փակ հաստատություններ (ոստիկանության բաժիններ, բանտեր եւ այլն), ինչպես նաեւ մասնակցել է կոմիտեի զեկույցների կազմմանը, ներգրավված է եղել կոմիտեի աշխատանքային խմբերում:

2013թ. մարտ ամսից մինչ օրս որպես միջազգային խորհրդական՝ ներգրավված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից իրականացվող հատուկ ծրագրում, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական հանձնաժողովների գործունեության աջակցության եւ խոշտանգումների կանխարգելման հետ: Այս կարգավիճակով իրականացրել է ուսուցումներ ՌԴ դիտորդական հանձնաժողովների փորձագետների համար: Մասնակցել է նաեւ ՌԴ քրեական օրենսգրքի՝ խոշտանգմանն առնչվող դրույթների բարեփոխմանն ուղղված քննարկումներին:

2013թ. նոյեմբերից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ պատասխանատու է խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովման համար: Հանդիսանում է ԵԽ եւ ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում պատասխանատու ներկայացուցիչ: Իրեն վերապահված իրավասության սահմաններում համակարգում է քրեական դատավարության, քրեական, ինչպես նաեւ քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքները:

Նախարարի տեղակալ նշանակվելու հետ միասին նշանակվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ: Մասնակցում է Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ գանգատների քննությանը: Իր իրավասության սահմաններում Եվրոպական դատարանի վճիռների կատարման շրջանակներում անմիջականորեն ղեկավարում է ՀՀ օրենսդրության բարեփոխման աշխատանքները (խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի բարեփոխում, ոչ նյութական վնասի հատուցման համակարգի ներդրում, ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության իրավունքի իրականացման մեխանիզմի բարեփոխում եւ այլն): Վերոգրյալից բացի, Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի համակարգմամբ, ղեկավարում է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանն առնչվող բարձրաստիճան քննարկումները՝ ԵԽ քարտուղարության ղեկավար կազմի հետ: Մասնակցում է ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին՝ կապված Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման հետ:

Գիտամանկավարժական գործունեությունը

2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» եւ «ՀՀ քրեական դատավարություն»:

2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասավանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» եւ «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»:

2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաեւ Դատական, ինչպես նաեւ՝ Դատախազության դպրոցներում:

Հեղինակ եւ համահեղինակ է 3 գիտական մենագրության եւ շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով):

Օտար լեզուների իմացությունը

Անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), ուկրաիներեն (գերազանց), ֆրանսերեն (սկսնակ):

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Կուսակցական չէ:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եւ այս անձին հետ մրցելու հաւակնութի՞ւնը ունէր Տիկին Փոստանջյանը…

    Սակայն ոչ ոք հետաքրքրված չէ…
    այսքան կարեւոր յօդված մը՝ երեսուն ընթերցող իսկ չունի – գոնէ այս պահին -,
    մինչ վերոյիշեալ Տիկնոջ անվայել պոռթկումների մասին որ «լուր» հրատարակվի, հարիւրներով անձիք անմիջապէս կը փութան կարդալու, զվարճանալու…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29