Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուման Ռայթս Հաուս Երեւանը» կոչ է անում դադարեցնել Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնաճնշումները

Փետրվար 26,2016 14:34

«Հյուման Ռայթս Հաուս Երեւան» իրավապաշտպան կազմակերպությունների միավորումը գտնում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մեկուսացումը փորձ է ճնշել քաղաքացիական հասարակության կողմից բարձրացվող բողոքի ձայնը: Միավորումը կոչ է անում դադարեցնել հետապնդումը և բռնաճնշումները Վարդգես Գասպարիի նկատմամբ, պարզել և պատժել քրեակատարողական հիմնարկում վերջինիս նկատմամբ բռնություն կիրառողներին, և ազատ արձակել Գասպարիին՝ օրենքին համապատասխան ծանրակշիռ փաստարկներ չունենալու հիմքով:

Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում»: «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»:

Վարդգես Գասպարին դատավարության ընթացքում հրաժարվել է պաշտպանից, սակայն նրան տրամադրել են հանրային պաշտպան: Նշենք, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը միայն օրենքով սահմանված դեպքերում կարող է չընդունել կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից, ինչը տվյալ դեպքում չի արվել:

2016 թվականի փետրվարի 19-ին դատարանը որոշում է կայացրել Վարդգես Գասպարիի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխարինելու կալանավորմամբ: Նույն օրը ժամը 9:30-ի սահմաններում Գասպարիին կալանավորել են դատական նիստերին չներկայանալու համար: Նշենք, որ նրան կալանավորելու որոշումը ևս կայացվել է առանց վերջինիս ներկայության, օրենքի խախտումով:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Վարդգես Գասպարին ենթարկվել է բռնության, խցակիցները նրան պարբերաբար ծեծել են, նվաստացրել, սառը ջուր լցրել վրան: Միակ գործողությունը, որն իրականացվել է դեպքի առնչությամբ, դա Գասպարիին այլ խուց տեղափոխելն է եղել:

«Հյուման Ռայթս Հաուս Երեւան»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Իրավունքի գերակայություն

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)

Հելսինկյան ասոցիացիա

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Շահխաթուն» կանանց, ժողովրդավարության աջակցություն

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն

«Ֆակտում» հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29