Լրահոս
Օրվա լրահոսը

Դերսիմցի հայը` 70 տարեկանում մկրտվելու եւ «Դիակների գետ»-ի մասին (Տեսանյութ)

Մարտ 02,2016 15:04

Թուրքիայում ապրող իսլամացած հայության մի մեծ զանգված այսօր ապրում է Դերսիմում: Դերսիմահայերը վերջին տարիներին կապ են հաստատել քաղաքագետ Արա Պապյանի ղեկավարած «Մոդուս վիվենդի» կենտրոնի հետ եւ  բարձրաձայնում են հայկական արմատների մասին: Դերսիմի հայերի միության որոշ անդամներ այսօր հյուրընկալվել էին «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում:

FILE7635

Կինոռեժիսոր, վավերագրող Ուղուր Էգեմեն Իրեսը խոսեց Թուրքիայում նկարահանված «Հոգու անարատ վիճակը» ֆիլմի մասին, որի գլխավոր հերոսն իր պապն է` Հարություն Իրեսը: Նա 70 տարեկանում է մկրտվել:

«1938թ. թուրքերը մեզ աքսորել են Դերսիմից, հետո կրկին վերադարձել ենք: Հիշում եմ, որ երբ փոքր էի, հայրս եւ մայրս թաքուն աղոթում էին: Աղոթատեղի չունեինք, գաղտնի էինք աղոթում: Հարցնում էի, թե այդ ինչ են անում, սակայն ինձ չէին պատասխանում: Երբ դպրոց էի հաճախում, հետեւիցս գոչում էին` «սրանք հայ են»: Երբ տատիկիս հարցնում էի, թե ինչ է դա նշանակում, ասում էր, որ չխառնվեմ նման հարցերին: Բայց մեծերից լսել էի, որ Դերսիմի հայերին թուրքերը լցրել են մեքենայի մեջ եւ բոլորին սպանել, խեղդամահ արել: Մի մասին էլ սպանել են գետում, որը ստացել է «Դիակների գետ» անունը: Ինձ ժամանակին կարողացան թաքցնել, այդպես փրկվեցի»,-պատմեց Հարություն Իրեսը:

Ծերունու ընտանիքը հետագայում տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ, իր բնորոշմամբ, ավելի հանգիստ էին ապրում. «Գոնե կարողանում էինք քրիստոնյա լինել: Ես վերջերս մկրտվեցի, իմ երեխաներին ու թոռներին էլ ասացի, որ մենք հայ ենք: Կինս հակադարձեց, թե` մեզ որպես թուրք են ճանաչում, մենք հանգիստ ենք ապրում այդպես»:

Այս խնդրի շուրջ Հարությունի եւ նրա կնոջ վիճաբանությունն  էլ  ներկայացված է «Հոգու անարատ վիճակը» ֆիլմում: «Նրանք երկուսն էլ հայ են, բայց տատս զազայերեն էր խոսում, երբ չէր ուզում, որ մենք հասկանայինք իրենց վեճը: Պապս էլ կիսով չափ թուրքերեն էր խոսում, այնպես որ, մեզ համար պարզ էր ամեն ինչ: Տատս պնդում էր, որ ընտանիքը պետք է շարունակի ապրել որպես թուրք: Այդ հիվանդագին վիճակը մեր վրա եւս ազդում էր: Տեւական ժամանակ պահանջվեց, մինչեւ որ պապիս համոզեցի խոսել այս ամենի մասին»,-ասաց ռեժիսորը` Ուղուր Էգեմեն Իրեսը:

Նա Ստամբուլում նկարահանել է մի շարք փաստագրական եւ խաղարկային ֆիլմեր, որոնք, իր խոսքով, իրականության մասին են: Առաջին ֆիլմը նվիրված է Հրանտ Դինքին եւ նրա գործունեությանը:

Հավելենք, որ «Հոգու անարատ վիճակը» ֆիլմը վաղը կցուցադրվի ԵՊՀ մշակութային կենտրոնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031