Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսին 2017-ին խորը քուն է սպասվում»

Մարտ 26,2016 14:30

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ «Նոր Հայաստանի» համազգային մոբիլիզացիայի, իշխանափոխության ճանապարհային քարտեզի եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին:

– «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քաղաքական եւ հասարակական ուժերի երրորդ մոբիլիզացիայի փորձն է անում: Բացի այդ, նաեւ իշխանափոխության ճանապարհային քարտեզ են հրապարակել: Ըստ այդմ, քաղաքական եւ հասարակական ուժերը միավորվում են, ապա՝ ներգրավում ժողովրդական լայն զանգվածներին, հետո արդեն, արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում «ռեժիմի պարագլուխներին»: Նախորդ մոբիլիզացիաների տապալված փորձը նկատի ունենալով՝ ի՞նչ եք կարծում, արմատական ընդդիմությունն այս անգամ կհաջողի՞:

– Իհարկե, չեն հաջողի եւ նախեւառաջ այն պատճառով, որ մոբիլիզացիա են հայտարարում: Սեփական երկրում մոբիլիզացիա հայտարարելը քաղաքական անհաջողության առաջին գրավականներից մեկն է: Իրենց վիճակագրությունն էլ է պարզ ցույց տալիս` երրորդ-չորրորդ-հինգերորդ… մոբիլիզացիա, որ Հայաստանում արմատականությունը, մերժողականությունն այլեւս տեղ չունի, անկախ նրանից՝ դա իրականացնում են «Նոր Հայաստանը», «Հին Հայաստանը», թե մեկ այլ արմատական ուժ: Մենք սահմանադրական բարեփոխումներ ենք ընդունել ոչ թե նրա համար, որ Հայաստանում մոբիլիզացիաներ հայտարարենք, այլ որպեսզի մոտենանք այն տեսլականին, որ նախանշել է հանրապետության առաջնորդը փետրվարի 12-ին: Դա միասնական Հայաստանն է, որտեղ չկա զոռբայություն, գռեհկություն, որտեղ պետք է գերիշխեն ժողովրդավարական արժեքները: Իսկ դրա համար պետք է ոչ թե մոբիլիզացիաներ հայտարարել, այլ քաղաքակիրթ ճանապարհով սեփական օրակարգը ներկայացնել: Իրենց նախկին փորձերը եւ այսօրվա վիճակը ցույց են տալիս, որ դրա կարիքը չկա: «Նոր Հայաստանը» մեկ խնդիր ունի, ինչպես քաղաքական լուսանցքում հայտնված մնացած ուժերը՝ հիշեցնի իր մասին: Նրանք ժամանակ են ձգում, որպեսզի հասարակությունն իրենց մասին չմոռանա եւ ինչ-որ մի ֆորմատով մասնակցեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Բայց եթե իրենք կարծում եմ, որ արմատական լոզունգներով պիտի գնան ընտրությունների, ես կարծում եմ, որ Հայաստանում այլեւս այն իրավիճակը չէ, որ նման լոզունգները հաջողություն բերեն: Նախորդ երկու մոբիլիզացիաներն ինչո՞վ ավարտվեցին, որ երրորդ մոբիլիզացիա են հայտարարում:

– Ճանապարհային քարտեզի իրականացման ճանապարհին «Նոր Հայաստանը» նախատեսում է նաեւ քաղաքացիական անհնազանդության միջոցներ՝ մարդկանց փողոց դուրս բերել, վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում: Նաեւ` Սահմանադրական դատարանի միջոցով արգելել իշխող ՀՀԿ-ի գործունեությունը: Դա ձեզ չի՞ սարսափեցնում:

– Հավատացեք, Հայաստանում քաղաքական գործընթացներին քիչ թե շատ հաղորդակից ոչ մի անձ չի ընդունում նման գործելաոճը, նման կոչերը: Հարցրեք պառլամենտական ընդդիմադիրներին` քանի՞սն են համամիտ: Ի դեպ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սեֆիլյանին շատ լավ պատասխանել էր: Իրենք ոչ մարդկային, ոչ քաղաքական, ոչ գաղափարական որեւէ ռեսուրս չունեն: Դա արհեստական օրակարգ է, նույնիսկ ափսոսում եմ, որ դրա մասին երկար խոսեցինք:

Իշխանությունը բազում թերություններ ունի, այդ պատճառով էլ այսօր օրակարգում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումն է, որին մասնակցում են բոլոր ընդդիմադիր քիչ թե շատ կշիռ ունեցող ուժերը: Գործընթացները Հայաստանում միայն օրինական ճանապարհով պիտի գնան, այդ թվում նաեւ՝ իշխանափոխությունը:

– Այն ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցում են ԸՕ-ի քննարկումներին, առանձնապես խանդավառված չեն: Ավելին, կարծես մի փոքր էլ հիասթափված են, քանի որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը խոստանում էր, որ այժմ ամեն ինչ նորովի է լինելու…

– Իշխանության ասածները խնդրում եմ մի խմբագրեք: Մենք ասել ենք` գնալու ենք որոշ փոփոխությունների: Այսինքն՝ այնպես չէ, որ իշխանությունը նախկինում ամեն ինչ սխալ է արել, հիմա էլ ուզում ենք սխալներն ուղղել: Իշխանությունն աստիճանաբար գնում է բարեփոխումների, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կա, եւ ԸՕ-ն էլ չենք փոփոխում, որ ինչ-որ մի ընդդիմադիր ուժ խանդավառվի: Դա իրենց խնդիրն է: Մենք պարզապես կոչ ենք անում միասին աշխատել եւ նորմալ օրենսգիրք ունենալ: Կմասնակցեն` կքննարկենք, չեն մասնակցի` Աստված իրենց հետ:

– Այն հիմնական կետերը, որոնք բոլոր ընդդիմադիրներն են առաջ քաշում, կարծես զիջման ենթակա չեն:

– Բոլոր ընդդիմադիր ուժերը չեն. ամենամեծ ընդդիմադիր ուժը` ԲՀԿ-ն, չկա, ամենահեռանկարային ընդդիմադիր ուժերից մեկը` «Քաղաքացիական պայմանագիրը», չկա:

– Ընտրացուցակների մաքրման, քվեարկածների ցուցակների հրապարակման եւ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մասին ԲՀԿ-ն եւ «Քաղաքացիական պայմանագիրն» էլ են խոսում: Բայց այդ հիմնական կետերում իշխանությունը պատրաստ չէ զիջումների գնալ:

– Եթե ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը պիտի իր բոլոր պահանջները կատարի, դա արդեն ընդդիմություն չէ: Դրա անունն իշխանություն է: Եթե որոշ մարդիկ կարծում են, որ ՀՀԿ-ն նրա համար է, որ ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» ծրագրերը կյանքի կոչի, չարաչար սխալվում են: ՀՀԿ-ն նրա համար է, որ կյանքի կոչի այն ծրագրերը, որոնց համար ինքը ձայներ է ստացել, բայց հաշվի առնելով ընդդիմության առաջարկները:
Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը, մենք հայտարարել ենք, որ դա մարդու իրավունքների սկզբունքի խախտում է, բայց քայլ առաջ ենք կատարում եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրենց վստահված անձինք ծանոթանան ընտրողների ցուցակներին: Ասում են` չէ, չենք վստահում: Հիմա, եթե իրենք չեն վստահում իրենց վստահված անձանց, եթե չունեն այնքան քանակությամբ վստահված անձինք, որ վերահսկեն ընտրական գործընթացը, եթե չունեն հանձնաժողովներում անդամներ, տարածքային կառույցներ, ՀՀԿ-ի մեղքը ո՞րն է: Միայն Երեւանի կենտրոնում տարածքային կառույցներ ունենալով ինչպե՞ս են ուզում իշխանության գալ: Եթե հանկարծ վաղը եկան իշխանության` ի՞նչ կադրերով են գալու:

– Փորձն ունենք: Բոլոր ՀՀԿ-ականները մի քանի ժամվա ընթացքում կանդամագրվեն իշխանության եկած քաղաքական ուժին:

– ՀՀԿ-ն դեռ երկար մնալու է իշխանության, որովհետեւ այսօրվա գործընթացները գոնե դա են ցույց տալիս: Բոլոր ՀՀԿ-ականներն էլ չեն կարող այլ կուսակցության անդամագրվել: Ապա` ընդդիմությունն էլ պետք է հասկանա, որ ընտրական գործընթացի պատասխանատուն նաեւ ինքն է: Իսկ դրա համար պետք է մասնակից լինի: Ուզո՞ւմ են ընտրությունները որակյալ լինեն, թող պատասխանատվություն վերցնեն` վստահված անձինք նշանակեն, հանձնաժողովի անդամներ: Կողքից քննադատելը ամենահեշտն է, իրենք էլ ուզում են ամեն ինչ ՀՀԿ-ի վրա գցել: 5 հոգով 500 հոգու ախորժակ ունեն, բայց 500 հոգի թիմ չունեն:

Խոսում են ռեյտինգային քվեարկության մասին. դա աշխարհի քսան երկրներում կիրառվում է, այդ թվում նաեւ հետխորհրդային Բալթյան երկրներում: Համամասնականն ունի տարբեր ձեւեր, այդ ձեւն ենք ընտրել: Եթե ընդդիմությունն Ալավերդի քաղաքում տարածքային կառույց չունի, թիմակիցներ` ո՞վ է մեղավոր: Ո՞վ պիտի ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» համար մարզերում կառույցներ ստեղծի: Իրենք պիտի աշխատեն:

Իրենք էլ են ցայտնոտի մեջ: Ընդդիմադիր ուժերի հիթ-շքերթ է` ո՞վ ամենաշատն ու ամենաուժեղը ՀՀԿ-ին կքննադատի: Եթե քաղաքացին որոշել է իշխող ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին ձայն չտալ, խորհուրդ տվեք, ինչպես որոշի` ընդդիմադիրներից ո՞ւմ ձայն տալ: Ո՞նց տարբերակի Վարդան Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը ՀԱԿ-ից, ՀԱԿ-ը՝ «Ժառանգությունից», «Ժառանգությունը»` «Լուսավոր Հայաստանից» եւ այլն: Այդ կուսակցություններից առնվազն մի քանիսին 2017-ին խորը քուն է սպասվում: ՀՀԿ-ն, ասենք, վատն է, բա ընդդիմությո՞ւնը: Արդեն իրենք իրար մեջ են պայքար սկսել: Տպավորություն է, որ 5-10 հոգով կարող են հավաքվել ու ընտրությունների մասնակցել` առանց տարածքային կառույցների, առանց մարդկային ռեսուրսի: Փաստորեն, գարեջուր սիրողների միությունը, ինչ-որ մի ֆուտբոլային ֆան-ակումբ, Յուրա Շատունովի կամ «Լասկվիյ մայի» երգերի երկրպագուներն էլ կարող են ընտրությունների մասնակցել:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031