Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք դիվերսանտներն են սկսել լարվածությունը». Հետախուզադիվերսիոն 1-ին ջոկատի հիմնադիր

Ապրիլ 04,2016 13:06

«Այսօր մենք ծեծում ենք ու լավ ենք ծեծում, այնքան ենք ծեծում, որ կարող ենք մեր գլուխները բարձր քայլել». Սահմանային լարված իրավիճակը՝ ըստ Հետախուզադիվերսիոն 1-ին ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի

Հետախուզադիվերսիոն 1-ին ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը պնդում է, որ սահմանին սկսված լարվածությունը Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների նախաձեռնությամբ է:

«Ադրբեջանցիներին պետք չէր, մեզ պետք չէր, միակ ուժը, ում պետք էր, Թուրքիան է: ՌԴ-ին էլ բացարձակ պետք չէր, Թուրքիային անհրաժեշտ էր ռեւանշի գործողության պես մի բան անել իր՝ ուրիշ տեղում պարտվելու համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Վարդանովը:

Ըստ նրա, այս գործողություններն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չէին կարող լինել, որովհետեւ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէր լայնամասշտաբ գործողությունների. «Ներքեւից պատերազմը սկսելու իրավիճակում հայտնվեցին, գործողությունները սկսել են թուրքական դիվերսանտները, դա է վկայում նաեւ այն, որ հակառակ կողմը մեծ աշխատանքներ տարավ նրանց դիերը տանելու համար, նախկինում նման բան չի եղել, սպանված դիվերսանտների դիերը մենք ենք տրամադրել՝ ասելով վերցրեք ձեր ռեմբոներին»:

Պարոն Վարդանովը հիշեց իննսունականների կռիվները եւ հիշեցրեց, որ այդ ժամանակ հայկական կողմի դեմ կռվում էին այս տարածաշրջանում բոլոր հակառուսական ուժերը, այդ թվում նաեւ՝ հենց ՌԴ-ն. « Հիմա նույն բանն է ստացվում, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց փորձում է չեզոքություն պահել, իսկ դա նույն բանն է, ինչ մեր դեմ կռվելը»:

Պարոն Վարդանովն այս օրերին չի շտապում ռազմաճակատ, քանի որ հատուկ դասընթացներ է անցկացնում՝ զենքին կիրառմանը տիրապետելու վերաբերյալ:

Անդրադառնալով լուրերին՝ հայկական կողմի դեմ են կռվում իսլամիստ ծայրահեղականները, պարոն Վարդանովն ասաց. «Հնարավոր է, որ մասսայական թափանցեն դեպի Նախիջեւան, բայց դրանից մեզ վտանգ չի սպառնում, որովհետեւ հանդիպելու են հայ դիրքապահին, որը խփելու է, սատկացնի, չի նայելու ռեմբո է, թե ով է: Կարեւորը մեր դիրքապահները չքնեն, տիրապետեն զենքին»:

Հարցին՝ իսկ հնարավո՞ր էր հայկական կողմի համար կանխատեսել ադրբեջանական կողմի այս լայնամասշտաբ գործողությունները, մինչեւ դրանց սկսվելը, պարոն Վարդանովն ասաց, ոչ միայն հնարավոր էր, այլեւ պարտավոր էինք. «Միայն մանկապարտեզի երեխան չի հասկանում, բայց թե որտեղ է ընդհատվել տեղեկատվական այդ հոսքը, չեմ կարող ասել»:

Վերջում էլ ազատամարտիկը հավելեց, որ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե այսքան մարդ մեկնում է ռազմի դաշտ՝ որպես կամավորական, այս պահին այդ կամավորականների կարիքը չկա. «Իրենց դրական դերը խաղում են… բայց միաժամանակ սա վերածվում է հետախուզություն մարտով, ու մեր կրակակետերն է բացում, մեր զենքի հնարավորությունները, մեր մոբլիզիացիայի հնարավորությունը, կամավորականության ֆոնդն ու քանակը: Լուսաբանում ենք՝ ուրախանալով, բայց դա հակառակորդին տեղեկատվություն է տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930