Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 06,2016 16:33

2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու միջոցով Սերժիկ Սահակյանից կորզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով տուժող Ա. Եղիազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սերժիկ Սահակյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ Ս. Սահակյանը հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին տեղեկացրել է, որ աշխատանքի պաշտպանության կանոնները չպահպանելու հետևանքով մահացած Աշոտ Եղիազարյանին ծանուցել է անվտանգության կանոնների պահպանման մասին, սակայն քննիչը հորդորել է, որ իր բացատրությունում և ցուցմունքներում չնշի այդ մասին, այլ ընդունի իր մեղքը՝ նշելով, որ այդ կերպ կազատվի քրեական պատասխանատվությունից: Հավատալով և վստահելով քննիչին, նրա թելադրանքով իր բացատրությունում, ինչպես նաև ցուցմունքներում գրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ այդ կերպ ընդունելով իր մեղքն այն մասին, որ հանգուցյալին աշխատանքի պաշտպանության կանոնների մասին պատշաճ չի տեղեկացրել:

Իբրև ասվածի հիմնավորում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Սահակյանը ներկայացրել է «Աշխատանքի պայմաններին և պահանջներին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում աշխատանքի հետ կապված կանոնակարգող իրավական ակտերի և դրանց չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացած իրավական հետևանքների մասին» իր մեկ այլ աշխատակցի` Յուրիկ Մկրտչյանին ծանուցելու մասին թերթիկի պատճենը և հայտնել, որ նմանատիպ ծանուցման թերթիկ ունեցել է նաև Աշոտ Եղիազարյանը, որը քննիչ Հ. Սրեյանի պահանջով հանձնվել է նրան:

Նշել է նաև, որ Աշոտ Եղիազարյանը և Յուրիկ Մկրտչյանը ծանուցման թերթիկները ստորագրել են մեկ անգամ՝ ծանուցման թերթիկում նշված օրը՝ 2014թ. ապրիլի 1-ին:

Նախաքննության ընթացքում Յուրիկ Մկրտչյանի անվամբ լրացված և 2014թ. ապրիլի 1-ով թվագրված՝ հիշյալ ծանուցման թերթիկում «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց կատարված ստորագրությունների վաղեմությունը պարզելու նպատակով Ս. Սահակյանից առգրավվել է հիշյալ ծանուցման թերթիկի բնօրինակը 2016թ. փետրվարի 3-ին նշանակվել փաստաթղթաբանական փորձաքննություն:

Համաձայն փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը տրամադրված 01.04.2014թ. թվագրված ծանուցման մեջ առկա «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց տեղավորված թվով 2 ստորագրություններն ունեն մինչև 1 տարվա կատարման վաղեմություն, ինչը վկայում է այն մասին, որ փաստաթուղթը չէր կարող կազմված լինել և ծանուցվել ինչպես Յու. Մկրտչյանին, այնպես էլ` Ա. Աղիազարյանին դրանում թվագրված օրը` 2014թ. ապրիլի 1-ին:

Այսինքն՝ Սերժիկ Սահակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Սերժիկ Սահակյանի արարքում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930