Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. Փորձ է արվում մեր դաշնակից պետության նկատմամբ հակաքարոզչություն իրականացնել. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 22,2016 08:30

Պատգամավոր Վահան Բաբայանը օրերս անդրադարձել էր Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերին: Նա մասնավորապես նշել էր. «Հակառուսական տրամադրություն սերմանողները ձգտում են խառնակչական գործունեություն իրականացնել»։

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ վերահաստատեց իր տեսակետը՝ ընդգծելով, սակայն, որ խոսքը միմիայն հակառուսական հիստերիայի մասին է. «Այս ընդհանուր կոնտեքստն ունի երկու բաղադրիչ, որը շատ անգամ մարդիկ չեն կարողանում տարանջատել. նմանատիպ բողոքի ակցիաներ անելով՝ ի վերջո մենք ի՞նչ ենք ուզում եւ ինչի՞ ենք ձգտում: Մեր ազգային շահերը, խնդիրները կամ դիրքորոշումները ճիշտ ներկայացնելը շփոթում ենք այս կամ այն պետության կամ ազգի դեմ ուղղված քարոզչության հետ:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Վերոնշյալ հարցի շուրջ, այո, բոլորս էլ ունենք այդ ոչ դրական վերաբերմունքը, ինչը, սակայն, բոլորովին այլ հարց է: Կարծում եմ, որ փորձ է արվում մեր դաշնակից պետության նկատմամբ հակաքարոզչություն իրականացնել եւ մեր երկրում երկու ճակատ առանձնացնել՝ դեմ ու կողմ:

Այսինքն՝ փորձում են ոչ թե մեր ազգային խնդիրները բարձրաձայնել, այլ հակառուսական տրամադրությունների եւ հակառուսաստանյան գործողությունների շքերթ կազմակերպել: Եվ կարծում եմ, որ իրականում այսպիսի տրամադրություններ հրահրողներն Արեւմտյան աշխարհի ներկայացուցիչներն են»:

Մեր ճշտող այն հարցին, թե ի վերջո ինչպիսին է իր վերաբերմունքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Բաբայանն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե մեր երկրում կարող է գտնվել որեւէ մեկը, որ չքննադատի այդ փաստը: Ուղղակի դեմ եմ, որ բանակցությունների կամ դիվանագիտական խողովակներով խնդիրները լուծելու եւ առաջ շարժվելու փոխարեն մեր պետության շահերից չբխող հայտարարություններ տարածենք»:

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը պատրվակ էր ներսի եւ դրսի որոշ ուժերի համար հակառուսական տրամադրությունների տարածման նպատակով:

«Պետք է նաեւ նշեմ, որ հակառուսական քարոզչությանը նպաստում են հայտնի կազմակերպություններ եւ անհատներ՝ թե՛ համացանցում, թե՛ իրենց անհատական գործունեությամբ՝ արդյունքում արեւմտյան որոշակի արժեքների քարոզչություն իրականացնելով: Արեւմտյան տարատեսակ կենտրոններ են այս օրերին գովաբանվում՝ ի հակադրություն Ռուսաստանի Դաշնության, եւ նմանատիպ կենտրոնների համար սա հրաշալի պատրվակ է:

Բացի դրանից՝ չպետք է մոռանանք տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին, չպետք է մոռանանք ՌԴ-ի հետ մեր ունեցած ռազմաստրատեգիական հարաբերությունների եւ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին: Պետք է մարդկանց հասկացնել, որ հակառուսական քարոզչություն իրականացնելը, ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու կոչեր անելը կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների»,- նկատում է պատգամավորը:

Հակառուսական քարոզչություն իրականացնելու վտանգների մասին խոսելով՝ Վահան Բաբայանն առանձնացնում է Ռուսաստանում միլիոնավոր հայերի բնակության փաստը. «Պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ում միլիոնավոր հայեր են ապրում, Ռուսաստանի հետ դարավոր դաշնակիցներ ենք: Իսկ մեր կողմից նման տրամադրությունների ստեղծումը բնավ էլ Հայաստանի շահերից չի բխում՝ հատկապես այսպիսի լարված իրադրության ժամանակ»:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. lusi says:

    Լիովին համաձայն եմ Վահան Բաբայանի հետ:

  2. Նյութի հեղինակն ասում է«իհարկե, կան մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Վերոնշյալ հարցի շուրջ, այո, բոլորս էլ ունենք այդ ոչ դրական վերաբերմունքը, ինչը, սակայն, բոլորովին այլ հարց է»: Եթե հետն էլ ասեր ԻՆՉ ՀԱՐՑ Է(այլ հարց է…)գոհ ու շնորհակալ կլինեի:Ասում է«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը պատրվակ էր ներսի եւ դրսի որոշ ուժերի համար հակառուսական տրամադրությունների տարածման նպատակով»: Ժողովրդական առածն ասում է «շանը քար մի գցի,որ վրադ չհաչա»,կամ թե «Ջրի մեջ որ քար գցես,վրադ կթռնի»,կուզեմ ասել՝ թող Ռուսաստանը Ադրբեջանի հետ «նեյնիմ նեյնիմ»խաղեր չխաղա, հայ ժողովուրդն էլ իրեն «չքարկոծի»:Զգուշացնում է,որ«Պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ում միլիոնավոր հայեր են ապրում».Պարոն Բաբայան,սա հետեւանքն է,գուցե մի երկու խոսք էլ ասեիր պատճառի՞ մասին,թե ինչու հայը իր տուն տեղը թողած գնում է ռուսաստաններ:Լուռ է:Լավ կլիներ առհասարակ ԼՌԵՐ…:Այս տողերս իհարկե չեն ասում,որ պիտի դեմ գնալ Ռուսաստանին,քանզի չի կարելի«Ինադ անել էծերին,քամակը տալ պեծերին»(ժողովրդական է):ՈՉ,պարզապես պետք է նրա(Ռուսաստանի)հետ խոսել արժանավայել,հպարտ,համարյա թե հավասարը հավասարի,քանզի,որքան Ռուսաստանն է մեզ պետք,այքան էլ մենք ենք պետք նրան:Բայց ինչպե՞ս խոսել՝ Պուտինը շատ լավ գիտե,թե սկսած Նախագահից մինչեւ վերջին օլիգարխի տակ որքան կա եւ որտեղ են դրանք,հետն էլ,թե ինչ ճանապարհով է ձեռք բերված, իմա՝ ժողովրդից գողացված…Կա մեկ ճանապարհ՝ սկզբից կոպեկաթափ անել գող ավազակին, հետո նոր նստել խոսել մարդավարի՝ ՄԱՔՈՒՐ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930