Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանն ասել է՝ նման նախագիծ չկա, հետո սկսվել է պոմպակայանի շինարարություն

Մայիս 05,2016 16:30

Ժամանակին Ազատամարտիկների փողոցի թիվ 76 շենքին կից պոմպակայանների տարածքը կանաչապատ էր: Բայց օրերից մի օր, ուշ գիշերով, գաղտագողի կտրվեց ու ոչնչացվեց տարածքի բուսականությունը՝ տեղ ազատելով անհատ ձեռներեց Վահան Բեգոյանի ապագա բիզնեսի շինարարության համար: Վահան Բեգոյանը, բնակիչների բնութագրմամբ, այս համայնքում հայտնի է որպես աղմկոտ գարեջրատան սեփականատեր, որը գտնվում է ձեռներեցի սեփական տան բակում: Գուցե հոգնելով իր հարկի տակի աղմուկ-աղաղակից կամ պարզապես ցանկանալով ընդլայնել իր բիզնեսը՝ գործարար Վահան Բեգոյանը աչք է դնում այդ տարածքում գտնվող պոմպակայանների տարածքի վրա: Տեղում գարեջրատուն է բացվելու, թե խանութ՝ 76 շենքի բնակիչներին քիչ է հետաքրքրում. նրանք պարզապես չեն ցանկանում, որ իրենց լուսամուտների տակ որեւէ շինություն կառուցվի: Բացի այդ, բնակիչները չեն ուզում զրկվել ներկայումս գործող երկու պոմպակայանից: Պոմպակայաններից յուրաքանչյուրն ունի 3,5×5,2 մ չափս, մեկում գործում են իտալական արտադրության բարձրորակ ավտոմատ կարգավորվող պոմպեր: Երկու պոմպակայանները սպասարկում են Ազատամարտիկների փողոցի թիվ 76, 11, 12, 14, 16 եւ 18 բազմահարկ շենքերը:

4-1
Իրադրությունը ներկայացնելու եւ պոմպակայանների ապամոնտաժումից խուսափելու համար բնակիչները երեք նամակ են գրում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Առաջին նամակում թիվ 76 շենքի բնակիչները նախ հետաքրքրվում են, թե արդյոք քաղաքապետարանը նշյալ հասցեում որեւէ բան քանդելու կամ կառուցելու օրինական թույլտվություն տվե՞լ է: Ի պատասխան բնակիչների դիմումի՝ Երեւանի քաղաքապետարանը հավաստիացրել է, որ նշյալ տարածքում որեւէ շինության նախագիծ չի համաձայնեցվել, շինարարության թույլտվություն չի տրվել: Սակայն ամիսներ անց, երբ մայթի վրա սկսվել են 2×1.5 մ պոմպակայան կառուցելու աշխատանքները, եւ բնակիչներն իրենց երկրորդ նամակն են հղել քաղաքապետ Մարգարյանին, քաղաքապետարանը պատասխանել է՝ Վահան Բեգոյանին հատկացվել է տարածք եւ թույլտվություն՝ կառուցելու նոր պոմպակայան: Ըստ «Առավոտի» հետ զրուցած բնակիչների՝ պոմպակայանը կառուցվել է ավելի ուշ՝ խոչընդոտելով մարդկանց եւ մեքենաների անցուդարձը: Չհանդուրժելով այդ իրավիճակը՝ 2016թ. փետրվարին բնակիչները Տարոն Մարգարյանին գրել են նաեւ երրորդ նամակը, որն այդպես էլ մնացել է անպատասխան:
Նշյալ հասցեների բնակիչները նաեւ դիմել են «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին:

4-3
Հ/Կ նախագահ Արամ Գրիգորյանը եւս նամակ է գրել քաղաքապետին՝ նշելով, որ կառույցները՝ պոմպակայանները, շենքի անբաժան մասն են կազմում, եւ նոր շինություն կառուցելու թույլտվություններ տալու ժամանակ պարտադիր է հաշվի առնել նաեւ բնակիչների կարծիքը, հանդիպել նրանց հետ եւ քննարկում կազմակերպել:

Պարոն Գրիգորյանը նամակում նաեւ իր զարմանքն է արտահայտել տարածքը մասնավոր անձին հատկացնելու վերաբերյալ: Սակայն Երեւանի քաղաքապետարանի պատասխան նամակն էլ պարոն Գրիգորյանին եւ բնակիչներին հուզող հարցերին, թե՝ ինչու բնակիչների կարծիքը հաշվի չեն առել, չեն հանդիպել նրանց հետ եւ այլն, այդպես էլ չի տվել:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը նշել է, որ շենքերի ջրամատակարարումն ապահովելու նպատակով Վահան Բեգոյանին տրամադրվել է նախագծման եւ շինարարության թույլտվություն, իսկ Ազատամարտիկների 76/2 հասցեում գտնվող տարածքի կառուցապատման համար սեփականատիրոջ կողմից հայտ չի ներկայացվել: Տվյալ նամակը բացահայտում է, որ, փաստորեն, մասնավոր անձ Վահան Բեգոյանը անհասկանալի կերպով պոմպակայանների տարածքի սեփականատերն է դարձել:

Արամ Գրիգորյանը երկրորդ նամակն է գրել քաղաքապետին՝ պահանջելով հիմնավորել տարածքը քաղաքացուն շնորհելու հիմքերը, որին, սակայն, հերթական անհասկանալի պատասխան նամակն է ստացել:

 
ՄԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031